ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի հայտարարությունը
12:35, July 16, 2013 | ՀայտարարություններՄենք՝ ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի անդամներս՝ ոչ կառավարական կազմակերպություններ, որոնք միավորվել են Եվրամիություն-Հայաստան համագործակցության օրակարգի շրջանակներում քաղաքացիական հասարակությունն ակտիվացնելու նպատակով, մասնավորապես՝ Արեւելյան գործընկերության առաջընթացի վերաբերյալ անկախ գնահատական տալու, մեր քաղաքացիներին իրազեկելու եւ ժողովրդավարական արժեքների ու բարեփոխումների շուրջ համախմբելու համար,
- գոհունակությամբ արձանագրում ենք Եվրամիության հետ Հայաստանի Հանրապետության փոխհարաբերությունների խորացման եւ որակական նոր փուլ թեւակոխելու հնարավորությունը: Ասոցացման համաձայնագրի ակնկալվող նախաստորագրումը նշանակում է ոչ թե սոսկ հերթական միջազգային պարտավորությունների ստանձնում, այլեւ համակարգված ռազմավարության իրականացում պետական կառավարման կատարելագործման, տնտեսության զարգացման, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման, իրավունքի գերակայության ապահովման, քաղաքացիների սոցիալական պաշտպանվածության եւ բնապահպանության ուղղությամբ,
- միաժամանակ, մտահոգություն ենք արտահայտում ԵՄ-ՀՀ համագործակցության շուրջ ներկայումս Հայաստանում ընթացող քննարկումների վերաբերյալ, որոնց երբեմն բնորոշ են մակերեսայնությունը, գերակայությունների մասին խեղաթյուրված պատկերացումները, Ասոցացման համաձայնագրի ստորագրման հետ կապված՝ արտաքին քաղաքական հակասությունների անհարկի շեշտադրումը: Հասարակական դիսկուրսի մեջ ներդրվող «կա՛մ Եվրամիություն, կա՛մ Ռուսաստան», «ե՛ւ Եվրամիություն, ե՛ւ Ռուսաստան» վերացական բանաձեւերը հասարակության ուշադրությունը շեղում են գործընթացի բուն էությունից եւ խոչընդոտում են դրա համարժեք իմաստավորումը,
- մենք Ասոցացման համաձայնագիրը դիտարկում ենք ոչ թե այս կամ այն պետությունների կամ դրանց միությունների օգտին կամ ի վնաս՝ ընտրություն կատարելու առիթ, այլ որպես քայլ, որը պետք է արտացոլի հայկական պետության եւ հասարակության ընդհանուր շահերը: Այս փաստաթղթի ստորագրումը նշանակելու է ՀՀ կառավարության կողմից բարեփոխումների ընդարձակ ծրագրի ընդունում, դրա իրականացման ընթացքում Եվրամիության գործուն աջակցություն եւ մեր երկրի հաստատուն ուղղվածություն դեպի եվրոպական ինտեգրացիա: Ասոցացման համաձայնագրով նախատեսվող բարեփոխումները կբարձրացնեն Հայաստանի՝ որպես գործընկերոջ արժեքը՝ անխտիր բոլոր այն երկրների համար, որոնք շահագրգռված են փոխշահավետ հարաբերություններ ունենալ իր հետ:
Միեւնույն ժամանակ, մենք
- գիտակցում ենք, որ համաձայնագրի վերաբերյալ տեղեկատվության պակասը եւ քաղաքացիներին իրազեկելու ռազմավարության բացակայությունը՝ եվրաինտեգրացիայի վերաբերյալ խեղաթյուրված պատկերացումների պատճառ լինելուց զատ, հող են ստեղծում հասարակական կարծիքը մանիպուլյացիայի ենթարկելու համար,
- ընդգծում ենք, որ 2012-2013թթ. ընտրությունների պաշտոնական արդյունքների վերաբերյալ հիմնավոր կասկածները, կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետ քաղաքականության բացակայությունը, անպատժելիության մթնոլորտը, քաղաքական հավատարմության դիմաց առաջարկվող բացահայտ հովանավորչությունը, հակասելով Եվրամիության հետ բանակցությունների, ստորագրվելիք փաստաթղթերի տառին եւ ոգուն, հասարակության մեջ անվստահություն են առաջացնում ԵՄ-ՀՀ համագործակցության շրջանակներում իրական բարեփոխումների հնարավորության նկատմամբ:
Ելնելով վերոնշյալից՝ ՀԱՊ-ը
- հանդես է գալիս Եվրամիության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ Ասոցացման համաձայնագրի շուրջ տարվող բանակցությունները հաջողությամբ ավարտելու եւ ԱլԳ Վիլնյուսի գագաթնաժողովի ընթացքում այն նախաստորագրելու, ինչպես նաեւ երկկողմանի համագործակցության օրակարգը մեր երկրի առաջնային շահերի եւ քաղաքացիների ժողովրդավարական ձգտումների հետ ներդաշնակեցնելու օգտին,
- կոչ է անում ՀՀ իշխանություններին՝ բաց երկխոսել հասարակության հետ, բարձրացնել նրա իրազեկվածությունը համաձայնագրի բովանդակության վերաբերյալ, իրականացնել հռչակվող արժեքներին համահունչ քաղաքականություն, հրաժարվել միջազգային պարտավորությունների իմիտացիոն իրականացման գործելակերպից, ինչը որոշակի չափով դրսեւորվում էր նաեւ Եվրոպական հարեւանության քաղաքականության Գործողությունների ծրագրի կատարման ընթացքում,
- կոչ է անում ԵՄ կառույցներին՝ սկզբունքայնություն դրսեւորել եվրոպական արժեքներին եւ «ավելին՝ ավելիի դիմաց» սկզբունքին անվերապահորեն հետեւելու հարցում, ինչը ենթադրում է ոչ միայն բարեփոխումներին հավատարիմ լինելու մասին ՀՀ կառավարության կողմից տրվող հավաստիացումներ, այլ նաեւ սեփական նախաձեռնողականություն՝ երկիրը ԵՄ չափորոշիչներից հեռացնող բազմաթիվ խնդիրները հաղթահարելու համար,
- կոչ է անում ՀՀ քաղաքական ուժերին եւ զանգվածային լրատվամիջոցներին՝ համաձայնագրի թեման չծառայեցնել նեղ, պատեհապաշտ նպատակների եւ մասնակցել ԵՄ-ՀՀ փոխհարաբերությունների հեռանկարների վերաբերյալ կառուցողական, բովանդակային հանրային քննարկումներին:
Գիտակցելով իր ստանձնած պատասխանատվությունը՝ ԱլԳ Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը պատրաստակամություն է հայտնում երկխոսելու եւ համագործակցելու՝ Արեւելյան գործընկերության շրջանակներում ՀՀ մասնակցության արդյունավետությունը բարձրացնելու հարցում շահագրգիռ բոլոր կողմերի, համայն հասարակության հետ՝ իր գործունեության ընթացքում բացառելով քաղաքական, կուսակցական կամ խմբային որեւէ կողմնակալության դրսեւորում: Երկրի բարեփոխիչ, ստեղծագործ ուժերի համախմբումը հաջողության հիմնական գրավականն է: