Աշխատանքային հանդիպում մոնիթորների հետ
00:00, September 17, 2010 | Մամլո հաղորդագրություններ | Զինված ուժեր2010 թ. սեպտեմբերի 16-ին Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնում ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից իրականացվող «Քաղաքացիական վերահսկողության ձեւավորումը զինված ուժերի նկատմամբ» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ ռազմական բյուջեի մոնիթորինգի մասնակիցների երրորդ աշխատանքային հանդիպումը:
Հանդիպմանը մասնակցում էին ծրագրի աշխատակազմը եւ մոնիթորինգի մասնակիցները, որոնք մարտ ամսին մասնակցել էին բյուջեի մոնիթորինգի դասընթացին եւ իրականացնում են ռազմական բյուջեի մոնիթորինգը:
Հանդիպման նպատակն էր մոնիթորինգի մասնակիցների հետ քննարկել ՀՀ պաշտպանության բյուջեի ուսումնասիրության ուղղությամբ մինչ այժմ կատարված եւ դեռեւս հետագա 5 ամիսների ընթացքում կատարվելիք աշխատանքները: Մասնակիցները ներկայացրեցին եւ քննարկեցին իրենց կողմից իրականացված վերլուծությունները ՀՀ զինված ուժերի աշխատակազմի թվաքանակի, աշխատավարձերի, պաշտպանության գնումների եւ պաշտպանության բյուջեի շրջանակներում կատարվող ծախսերի, մասնավորապես՝ ռազմական տեխնիկայի վերաբերյալ: Քննարկվեց նաեւ ՀՀ պաշտպանության նախարարության հանրային իրազեկման հայեցակարգը, որի բարելավման վերաբերյալ կներկայացվեն առավել կոնկրետ առաջարկներ համապատասխան աշխատանքային խմբի կողմից:
Առաջարկությունների արդյունքում գրություններ կպատրաստվեն՝ ուղղված ՀՀ պաշտպանության նախարարությանը՝ հետագա վերլուծության ամբողջացման համար ավելի կոնկրետ տեղեկատվություն ստանալու նապատակով:
«Քաղաքացիական վերահսկողություն զինված ուժերի նկատմամբ» ծրագիրն իրականացվում է նիդերլանդական ICCO (Համագործակցության զարգացման միջեկեղեցական կազմակերպություն) կազմակերպության ֆինանսական աջակցությամբ: