Առողջական խնդիրներով անձանց զորակոչելը մարդու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք է
12:27, July 20, 2013 | Մամլո հաղորդագրություններ | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ | Զինված ուժեր2013 թ. հուլիսի 19-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ «Զորակոչիկների իրավունքների վիճակը և ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից արձանագրված խնդիրները» թեմայով մամուլի ասուլիս:
Ասուլիսի ընթացքում Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը հավաստի տեղեկություններ ներկայացրեց զորակոչիկների իրավունքների խախտման դեպքերի վերաբերյալ: Ըստ նրա. «Առողջական խնդիրներով քաղաքացու զորակոչի ենթարկումը հանդիսանում է անձի արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք պետության կողմից, և նման պրակտիկան պետք է դադարեցվի, անառողջ երիտասարդներին բանակ զորակոչելը դառնում է շատ այլ խնդիրների պատճառ »:
Նույն գրասենյակի խաղաղասիրության բաժնի համակարգող Արմինե Սադիկյանը հայտնեց, որ 2013 թ. գարնանային զորակոչի ընթացքում ՀՔԱ Վանաձորի գրասենյակ է դիմել 15 զորակոչիկ, որոնցից 13-ը առողջական խնդիրներով: Անդրադառնալով զորակոչիկների իրավունքների խախտման դեպքերին՝ Ա. Սադիկյանը նշեց. «Հայտնի է դեպք, երբ առողջական խնդրով քաղաքացուն զորակոչել են բանակ և նա արդեն իսկ երկու օր անց տեղափոխվել է զինվորական հոսպիտալ»:
Առանձնացվեց այն փաստը, որ չի փոխհատուցվում զորակոչիկների տրանսպորտային, սննդի և այլ ծախսեր, որոնց պատճառով նրանք չեն կարողանում գնալ Երևան և անցնել բժշկական համալիր հետազոտություն: Կարևորվեց այն փաստը, որ զորակոչիկների մոտ առկա մի շարք հիվանդություններ, ինչպիսիք են գիշերաշրջությունը կամ Երևանյան հիվանդությունը, չեն հայտնաբերվում բուժհաստատությունում անցկացրած 3 կամ 7 օրերի ընթացքում, մինչդեռ ուղեգրով սահմանված է 30 օր, որոնց ընթացքում արդեն պարզ տեսանելի կլինեն առողջական խնդիրները: Ոչ պատշաճ և մանրամասն բժշկական հետազոտության պատճառով զորակոչիկները ճանաչվում են ծառայությանը պիտանի և ուղարկվում են զինվորական ծառայության:
Ռազմաբժշկական փորձագետ Արթուր Մինասյանը, անդրադառնալով կատարված օրենսդրական փոփոխություններին, նշեց, որ դրանք չեն ունեցել տեսանելի արդյունք և առողջական լուրջ խնդիրներ ունեցող անձանց միևնույնն է տանում են բանակ: Նա թվարկեց մի քանի մեթոդներ, որոնց միջոցով հնարավոր է պարզել զորակոչիկի իրավունքները խախտվել են, թե ոչ: Մասնավորապես այն դեպքը, երբ խրոնիկական, անբուժելի հիվանդությամբ տառապող անձին մեկ անգամ տվել են տարկետում, իսկ հաջորդ անգամ նրա ախտորոշումը փոփոխվել է և նրան զորակոչել են բանակ: Մյուս մեթոդն այն է, որ զորակոչիկին զննած 2 բուժհաստատությունների ախտորոշումները տարբեր են, և Կենտրոնական բժշկական հանձնաժողովը հիմնվում է այն ախտորոշման վրա, որը զորակոչիկին համարել է պիտանի: Ա. Մինասյանը ավելացրեց նաև, որ հաշվի չեն առնվում քաղաքացիական բուժհաստատությունների ախտորոշումները:
Անդրադարձ կատարվեց նաև ՀՀ զինված ուժերում առկա կոռուպցիոն ռիսկերին և զորակոչիկների թվի կրճատմանը:
Նշենք նաև, որ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը պարբերաբար ահազանգեր է ստանում և տեղեկանքներ ուղարկում ՀՀ պաշտպանության նախարարություն՝ ոլորտում տիրող խախտումների և թերացումների վերաբերյալ, սակայն դրանք մնում են անպատասխան:Նաև, 2 տարի առաջ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից ՀՀ Պաշտպանության նախարարություն է ներկայացվել օրենսդրական փաթեթ, որը հնարավորություն կտար խուսափել բազմաթիվ խախտումներից, սակայն այդ փաթեթը նույնպես մերժվեց ՊՆ-ի կողմից:
Կից ներկայացվում է 2013 թ. գարնանային զորակոչի ընթացքում զորակոչիկների իրավունքների վիճակի և կազմակերպության կողմից արձանագրած խնդիրների մասին տեղեկանքը: