Բռնության հետքեր կան
00:00, August 5, 2010 | Նորություններ | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ | Զինված ուժերԷջիածնից զորակոչված 19-ամյա սերժանտ Գարեգին Հովսեփյանը հուլիսի 28-ի զինված միջադեպի հետեւանքով զոհվածներից միակն է, ում վրա բռնության ակնհայտ հետքեր կան:
Եթե զոհված մյուս զինծառայողների դիակների վրա կապտուկների եւ այլ վնասվածքների առկայությունը շատերը բացատրում են այն հանգամանքով, որ դրանք առաջացել են դիակները «ոչ հարմար» մեքենաներով տեղափոխելու հետեւանքով, ապա Գարեգին Հովսեփյանի մարմնի առկա վնասվածքները առավել քան խոսուն են: Զոհված զինծառայողի ծնողների փոխանցմամբ` երիտասարդի ձեռքերի բոլոր մատները կոտրված են եղել, գլխի այն հատվածի վրա, որտեղով անցնում է քներակը, առկա էր մեծ այտուց, ծոծրակի վրա սուր գործիքից առաջացած խորը վերք կար: Հովսեփյանի դիակի դիահերձումը տեւել է 5 ժամ: Զոհվածի հարազատներն ասում են, որ դիակը Էջմիածնի դիահերձարան է տեղափոխվել ժամը 15.00-ին եւ այնտեղից դուրս է հանվել երեկոյան ժամը 20:00-ին: Դիահերձարանը շրջապատված է եղել ռազմական ոստիկանության բազմաթիվ ծառայողների կողմից, եւ զոհվածի հարազատներին թույլ չի տրվել ներկա գտնվել դիահերձմանը:
Գարեգին Հովսեփյանի մոր` Շողիկ Կիրակոսյանի խոսքով` իր համար անհասկանալի է, թե ինչու դեպքից անմիջապես հետո տարածվեց այն վարկածը, որ «բլինդաժում» զինծառայողների միջեւ վեճ է եղել, ինչի հետեւանքով զինծառայող Կարո Այվազյանը գնդակահարել է բոլորին: Եթե նույնիսկ զինծառայողներից մեկը մյուսների վրա կրակեր, ինչի՞ համար պետք է նրանց տանջամահ աներ: Նշենք, որ այն վարկածը, թե սպանությունների հեղինակը զինծառայող Կարո Այվազյանն է, պաշտոնապես թեեւ չէր հնչել, սակայն չէր էլ հերքվել: Այդ վարկածը շրջանառության մեջ էին դրել զինկոմիսարիատների աշխատակիցները եւ զորամասի այլ ծառայողներ, որոնք այդ վարկածի մասին պատմել էին զոհերի ծնողներին: «Եթե չլինեին բռնության հետքեր, մենք գուցե հավատայինք այդ վարկածին, բայց ինչպես բացատրել Գարեգինի դիակի վրա առկա վնասվածքները»,- մեզ հետ զրույցում նշեց նրա հարազատներից մեկը եւ ավելացրեց, որ տեղի ունեցածի վերաբերյալ իրենք երկու ենթադրություն ունեն: Նրանք դա բնութագրում են որպես ոճիր, որը իրագործել է «կամ դրսի, կամ ներսի թուրքը», այսինքն` կամ ադրբեջանական դիվերսիոն խումբ է մտել հայկական դիրքերը եւ զինվորներին տանջամահ անելուց հետո սպանել, կամ էլ հայկական կողմից ինչ-որ մեկն է դա արել, քանի որ զիծառայողները ականատես են եղել ինչ- որ բանի, ինչի մասին ոչ ոք չպետք է իմանար:
Զոհված զինծառայողի հարազատների կասկածները խորանում են նաեւ այն պատճառով, որ հուլիսի 27-ին Հովսեփյանի մայրը խոսել է որդու հետ, եւ վերջինը հայտնել է, որ դիրքերում հերթապահություն են իրականացնում 8 հոգի` 1 սպա, ինքը եւ եւս 6 զինծառայող: Զոհվածի մայրը` Շողիկ Կիրակոսյանը հարցնում է. եթե դեպքի հետեւանքով 6 հոգին զոհվել են, ապա որտե՞ղ էին այն երկու հոգին, որոնք այդ ժամանակ պետք է գտնվեին նույն վայրում: Ավելին. այժմ էլ հայտնի չէ, թե ովքեր եւ որտեղ են նրանք: ՀՀ ՊՆ քննչական վարչության հասարակայնության հետ կապերի ժամանակավոր պատասխանատու Լուսինե Խաչատրյանը երեկ մեզ հայտնեց, որ ՊՆ-ն դեռեւս չունի տեղեկություններ, թե նշված օրը, նշված վայրում քանի զինծառայող է հերթապահություն իրականացրել:
Ավելի վաղ մենք հրապարակել էինք, որ ըստ մեր տեղեկությունների, օրերս ԼՂՀ ՊԲ զորամասերից մեկից երկու զինծառայող է փախել, ինչի հետեւանքով Սիսիանից Վայք ընկած հատվածում երթեւեկող ավտոմեքենաները մի քանի օր ստուգում էին ոստիկանության, ԱԱԾ եւ ռազմական ոստիկանության աշխատակիցներ: ԼՂՀ ՊԲ լրատվական ծառայությունից, սակայն, մեր այս տեղեկությունները հերքել էին:
Աղբյուրը՝ http://www.armtimes.com/15348
Անի Գեւորգյան