Գլխավոր դատախազության մասին բողոքը կգնա Եվրադատարան. գործը լավ չեն «սարքել»
00:00, March 16, 2011 | ՆորություններԴատախազության օպերատիվ աշխատանքի արդյունքը այն կլինի, որ ՀՀ դեմ մեկ բողոք էլ շուտով կներկայացվի Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Իրավապաշտպաններ Արթուր Սաքունցը, Ավետիք Իշխանյանը եւ փաստաբան Հայկ Ալումյանը պնդում են, որ ՀՀ գլխավոր դատախազությունը խախտել է անմեղության կանխավարկածը. «հանցագործության» մասին (ապօրինի վարձատրություն վերցնելը) հաղորդում է ընդունել, քրգործ հարուցել եւ միանգամից հաղորդագրություն տարածելով` Տիգրան Փոստանջյանին հանցագործ համարել: Տիգրան Փոստանջյանի պաշտպան Հայկ Ալումյանի փոխանցմամբ` այս գործը խախտումների շարան է, կույտ, եւ գործի դատավարությունը շատ հետաքրքիր է լինելու:
Հ.Ալումյան. «Սկսենք նրանից, որ փետրվարի 18-ին գլխավոր դատախազությունը հաղորդագրություն է տարածել… Հաղորդագրությունն ունի մոտավորապես այն բովանդակությունը, որ գլխավոր դատախազությունը պարզել է, թե Տիգրան Փոստանջյանը, լինելով պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայող, կատարել է քրեական օրենսգրքի 311 պրիմ հոդվածով նախատեսված հանցագործություն: Այսինքն` հետագայում պարզվեց, որ հենց նույն օրն է գլխավոր դատախազությունը հարուցել քրեական գործ: Դե պատկերացրեք. դատախազությունը քրեական գործ հարուցելուն պես արդեն անձին անվանում է հանցագործ: Ես կարծում եմ, որ հանցագործ է հենց այն մարդը, ով իրեն թույլ է տալիս նման մեթոդներով առաջնորդվել»:
Խախտումներից մեկը, ըստ փաստաբանի, այն է, որ գլխավոր դատախազի ցուցումով գործը հանձնարարվել է քննության` ԱԱԾ քննչական վարչությանը, որը ՀՀ քրդատօրի 190 հոդվածի համաձայն` վերոնշյալ մեղադրանքով հարուցված գործերը քննելու իրավասություն չունի: «Բայց գլխավոր դատախազը ուղղակիորեն խախտելով օրենքի պահանջը` գործի քննությունը հանձնարարել է ԱԱԾ-ին», – նշեց պաշտպանը եւ հավելեց, որ թեեւ գործը փոքրածավալ, մեկ հատորանոց, բացարձակ բարդություն չներկայացնող գործ է, այդուհանդերձ այն հանձնարարվել է ԱԱԾ 5 քննիչների: Այսինքն` եթե հաշվի առնենք, որ մեկը ներգրավված է որպես մեղադրյալ, ով ընդհանրապես չի մասնակցել քննչական գործողություններին` բացարկ հայտնելով քննչական խմբին, եւ որ ընդամենը 3 վկա է գործով անցնում, ենթադրվում է, որ քննիչներից յուրաքանչյուրը մոտավորապես 1, 3 մարդու հետ է քննչական գործողություն իրականացրել:
Հետաքրքիր մեկ այլ հանգամանք եւս. երկու իրարից անկախ անձանց մոտ հանկարծ ցանկություն է արթնանում նույն օրը` փետրվարի 18-ին, հանցագործության մասին հաղորդում տալ երկու տարբեր իրավապահ մարմիններում` ՀՀ գլխավոր դատախազությունում եւ ԱԱԾ-ում, բայց նույն մարդու` Տիգրան Փոստանջյանի դեմ եւ իբր ամիսներ առաջ կատարած «հանցագործության» համար. նշել են, թե նա ամիսներ առաջ ապօրինի վարձատրություն է վերցրել իրենցից: Եվ նույն օրը, անգամ առանց Տիգրան Փոստանջյանին հրավիրելու, նրանից բացատրություններ վերցնելու, անմիջապես հաղորդումների հիման վրա հարուցվում է քրեական գործ, որը բացառիկ դեպք է, եւ գլխավոր դատախազությունը հայտարարում է, որ Տ.Փոստանջյանը կատարել է հանցագործություն: «Անմեղության կանխավարկածի ավելի կոպիտ խախտում հնարավոր չէ պատկերացնել: Իհարկե, Տիգրան Փոստանջյանը հանցագործ է, թե ոչ` դա դատարանը կորոշի, եւ մենք կապացուցենք, որ նրա գործողություններում հանցակազմը բացակայում է», – նշեց Հ.Ալումյանը:
Ավետիք Իշխանյան. «Ես մի բան գիտեմ, որ այդպիսի վարձատրություն տալը (ապօրինի.- Է.Մ.) ապացուցելի չի, եթե նախապես հատուկ չեն ներկվում այդ փողերը եւ չեն բռնում: Եվ այդպիսի վաղեմությամբ հանկարծ… Սա ինքը արդեն շատ կասկածելի է, որովհետեւ միայն այդ հայտարարության վրա, որ կաշառք են տվել, այդպիսի գործերը ապացուցելի չեն, եւ Հայաստանի դատախազությունը դա շատ լավ գիտի: Երկրորդը` խափանման միջոցը. ի՞նչ վտանգավոր հանցագործություն է եղել, որ խափանման միջոցը կալանք են ընտրում, եւ երրորդը` որ ԿԳԲ-ն է քննում այդ գործը… Սա ուղղակի հետապնդում է, եւ ասեմ` անազնիվ հետապնդում… Քաղաքական հետապնդում»:
Արթուր Սաքունցն էլ իր զարմանքը հայտնեց դատախազության օպերատիվ աշխատանքի կապակցությամբ, քանի որ շատ-շատ դեպքերում, երբ որ կազմակերպությունը հաղորդում է ներկայացնում պաշտոնատար անձանց կատարած հանցագործության մասին, քրդատօրով սահմանված 10-oրյա ժամկետն էլ է անցնում, մեկ տարի էլ, դատարաններում են «քաշ գալիս», որ դատարանների միջոցով պարտադրեն իրավապահ մարմնին` քրգործ հարուցելու որոշում կայացնել: Ինչ վերաբերում է կալանքը որպես խափանման միջոց ընտրելու անհրաժեշտությանը, ապա քննչական մարմինը դա հիմնավորել է այն հանգամանքով, թե մեղադրվողն ու վկաները նույն համայնքի բնակիչներ են: Արթուր Սաքունցը զարմանալի համարեց նաեւ, որ Տիգրանին թույլ չեն տվել շփվել հարազատների, քրոջ` ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հետ, չնայած օրենքը թույլ է տալիս, որ ԱԺ ցանկացած պատգամավոր կարող է հանդիպել կալանավորի կամ դատապարտյալի հետ: «Տպավորությունն այն է, որ ամեն ձեւով, հնարավորին չափով մեկուսացնեն, որպեսզի նա արտաքին աշխարհի հետ կապի հնարավորություն չունենա: Դա հոգեբանական բավական լուրջ ճնշում է…, որի նպատակը Զարուհի Փոստանջյանի նկատմամբ ճնշում գործադրելն է… Տիգրան Փոստանջյանին Հայաստանի Հանրապետությունը` հանձինս Ազգային անվտանգության ծառայության, վերցրել է պատանդ, որպեսզի ստիպի քրոջը, որը բավական ակտիվ հասարակական եւ քաղաքական գործունեություն է իրականացնում մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում, …նվազեցնի դա կամ պասիվ դառնա: Սա է ամբողջ գնահատականը»:
Իրավապաշտպանները սա համարում են Բաղրամյան 26-ից` նախագահականից, իջեցված հրահանգ:
Հիշեցնենք, որ ս.թ. փետրվարի 18-ին Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր Զ.Փոստանջյանի եղբոր` Տիգրան Փոստանջյանի նկատմամբ սկսվել է քրեական հետապնդում, երեք օր անց նա կալանավորվել էր եւ այժմ գտնվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի 20 հոգանոց խցերից մեկում:
Աղբյուրը՝ «Ժամանակ» օրաթերթ