ԵԽԽՎ համարժեք չէ
00:00, October 6, 2010 | Մամլո հաղորդագրություններ | Եվրոպայի խորհրդի բանաձևերի և պարտավորությունների կատարումԵվրախորհրդի խորհրդարական վեհաժողովի (ԵԽԽՎ) մոնիտորինգի հանձնաժողովը երեկ սկսել է քննարկել Հայաստանի իշխանությունների ներկայացրած բարեփոխումների նախագիծը, այդ թվում նաեւ ընդդիմության տեսակետները Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման վերաբերյալ:
Այսօր Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, անդրադառնալով ԵԽԽՎ եւ Հայաստան մոնիտորինգը թեմային, փաստել է, որ որեւէ պարտավորություն Հայաստանը, հանձինս Հայաստանի իշխանությունների, չի կատարել:
Ըստ բանախոսի` Եվրախորհրդին ինը տարի անդամագրված լինելով, հենց սկզբից պարտավորությունները ոչ միայն չենք կատարել, այլեւ այդ պարտավորությունների չկատարման հետ կապված այլ խնդիրներ են առաջ եկել, այդ թվում` մարտի մեկին տասը սպանվածների հանգամանքների բացահայտումը ի հայտ բերելը եւ պատասխանատվության ենթարկելը, ինչը դեռ մնում է օրակարգային խնդիր: «Ավելին, հայտնի է, որ հատուկ քննչական ծառայությունների, իրավապահ մարմինների կողմից կիրառված հատուկ միջոցների հետեւանքով չորս մարդ է զոհվել: Բայց նույնիսկ այդ առումով չեն փորձում պատասխանատվության ենթարկել», նշել է Արթուր Սաքունցը:
Արթուր Սաքունցը զարմացած է գլխավոր դատախազի` քաղբանտարկյալների բացառման վերաբերյալ այն հայտարարության վրա, ըստ որի` նրանք քրեական հոդվածներով են դատապարտվել` մոռանալով կոնտեքստը, որ առաջին հերթին որեւէ հիմք չկա մարդկանց դատապարտելու, մարդկանց նկատմամբ քրեական գործ հարուցելու, եւ երկրորդ` քրեական հետապնդման միջոցով մարդկանց քաղաքական գործունեությունն են փորձում կասեցնել:
Մյուս հանգամանքը Ա1+-ին եթեր տրամադրելու հարցն է, որ նույնիսկ Եվրոպական դատարանի որոշումից հետո էլ ՀՀ-ն այդպես էլ չի կատարել:
Հաջորդ խնդիրը, ըստ Արթուր Սաքունցի, մարտի մեկի իրադարձությունների անաչառ քննությունն է: Այս առումով նույնպես առաջընթաց չկա: Հաջորդ խնդիրը` զինված ուժերի կիրառումն է խաղաղ ցուցարարների նկատմամբ: Արդեն պետք է ասեմ, որ կան բազմաթիվ լուրջ հիմքեր, որ սահմանադրական նորմի խախտում է տեղի ունեցել, դա պետք է լուրջ քննարկման հարց դառնա, որպեսզի կանխարգելվի:
Սաքունցի խոսքով, հարցը ոչ միայն պարտավորությունների կատարման առումով հետընթացի արձանագրումն է, այլ որքան է մեր երկիրը հետընթաց ապրել մարդու իրավունքների, դատարանների անկախության, խոսքի ազատության տեսակետից:
«Իհարկե, մենք ակնկալում էինք, որ Եվրախորհուրդը շատ ավելի հետեւողական կլինի պարտավորությունների կատարման պահանջի առումով, եւ ականջալուր կլինի մեր բազմաթիվ հորդորներին եւ համարժեք ուշադրություն կդարձվի իրավիճակին», ասել է Արթուր Սաքունցը` ավելացնելով, սակայն, որ վեհաժողովը համարժեք վերաբերմունք ցույց չտվեց Հայաստանում պարտավորությունների կատարման թերացումների առումով:
Արթուր Սաքունցի խոսքով, սա է մեր մտահոգությունը, քանի որ հանդուրժողականությունը պարտավորությունների չկատարման եւ մարդու իրավունքների խախտման ուղղությամբ քայլեր չկատարելու, կամք չդրսեւորելու հանգամանքը արդեն կարող է հասցնել այն կետին, որ մեզանում անիմաստ կլինի խոսել որպես Եվրախորհրդի անդամ երկրի մասին: Պետք է հարցնել` արդյոք այնպիսի մի երկիր, ինչպիսին Հայաստանի Հանրապետությունն է, պետք է լինի Եվրախորհրդի անդամ երկիր: