ԵԽԽՎ ՆԱԽԱԳԱՀ. «ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԼԻՆԵԼ «ԱՂԵՏԱԼԻ»
00:00, July 25, 2008 | Եվրոպայի խորհրդի բանաձևերի և պարտավորությունների կատարումԵԽԽՎ նախագահ Լուիս Մարի դե Պույչն այսօր ընդգծել է, որ ԵԽԽՎ-ի բանաձեւերով սահմանվել են ժամկետներ Հայաստանի՝ որպես բարեկամ երկրի նկատմամբ եւ եթե մինչեւ սեպտեմբերի 4-ին նախատեսված իր զեկույցը եւ սեպտեմբերի 11-ին նախատեսված ԵԽ Գլխավոր հանձնակատարի զեկույցը չարձանագրի դրական տեղաշարժ, ապա հետեւանքները կարող են Հայաստանի համար լինել «աղետալի»:
«Ցավով պետք է նշեմ, որ Հայաստանում բոլորը չեն ընկալում պահի լրջությունը»,- ասել է Լուիս Մարի դե Պույչը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հետ հանդիպման ժամանակ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են մարտի 1-2-ի իրադարձությունների կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում կալանավորված անձանց խնդիրները, ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի գործունեության հետ կապված հարցերը, ինչպես նաեւ ԵԽԽՎ 1620 եւ 1609 հայտնի բանաձեւերի կատարման ընթացքը:
Լուիս Մարի դե Պույչն անընդունելի է համարել ԵԽ անդամ պետությունում քաղաքական հայացքների համար հնարավոր հետապնդումները եւ նշել, որ եթե անգամ մեկ մարդու նկատմամբ հարուցված քրեական գործում մեղադրանքները անհիմն են եւ կարող են պայմանավորված լինել նրա քաղաքական գործունեությամբ, ապա դա պետք է բացառվի ԵԽ պետություններում:
Լուիս Մարի դե Պույչը նշել է նաեւ, որ ՀՀ ԱԺ-ում ստեղծված մարտի 1-2 դեպքերը ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովը ԵԽԽՎ հայտնի բանաձեւերի համապատասխան դրույթի կատարման լավագույն տարբերակը չէ եւ այդ առումով ԵԽԽՎ նախագահը կարեւորել է ԵԽ Գլխավոր հանձնակատար Համմերբերգի առաջարկությունը փաստահավաք առաքելության ստեղծման վերաբերյալ:
Հանդիպման ընթացքում քննարկվել է նաեւ ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետ Ա.Միրզոյանի հայտնի հանձնարարականի իրավաչափության հարցը, որի կապակցությամբ պարոն Լուիս Մարի դե Պույչը իր մտահուգությունն է հայտնել:
Արմեն Հարությունյանը ներկայացրել է իր կողմից իրականացված՝ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունների եւ դատական համապատասխան որոշումների վերաբերյալ դիտարկումները, ինչպես նաեւ իր կարծիքն է հայտնել ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետ Ա.Միրզոյանի հայտնի հանձնարարականի իրավաչափության վերաբերյալ:
Արմեն Հարությունյանը ընդգծել է, որ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի եւ ԵԽ Գլխավոր հանձնակատարի կողմից առաջարկվող փաստահավաք առաքելության գործունեությունը կարող է արդյունավետ լինել, եթե դրանց ձեւավորման հիմքում ընկած լինի պարիտետային սկզբունքը:
Հանդիպման ընթացքում Պաշտպանը ներկայացրել է կալանավորված պատգամավորների հետ իր հանդիպման մանրամասները, մասնավորապես՝ նրանց պահանջները, որոնք վերաբերում են ոչ թե իրենց ազատ արձակմանը, այլ իրենց նկատմամբ հարուցված քրեական գործերի շուտափույտ փոխանցմանը դատական ատյաններ, որտեղ իրենք կկարողանան պաշտպանել իրենց իրավունքները:
Պաշտպանը հանդիպման ընթացքում ներկայացրել է նաեւ մարտի 1-2 դեպքերի կապակցությամբ իրեն ուղղված այն դիմումները, որոնք վերաբերում են իրավապահ մարմինների կողմից ֆիզիկական եւ հոգեբանական ճնշումների միջոցով՝ այլ անձանց վերաբերյալ կեղծ ցուցմունքներ կորզելուն:
ԱՂԲՅՈՒՐԸ՝
http://www.a1plus.am:81/am/?page=issue&iid=63006