Զինծառայողներին ծեծող բժիշկները հարբած են եղել. «Կանազ» հոսպիտալում ծեծված զինվորների ծնողները վրդովված են
17:35, March 25, 2014 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Արդար դատաքննության իրավունք, Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ, Խոշտանգումներից և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունք | Զինված ուժեր«Կանազ» զինվորական հոսպիտալում անցած տարվա նոյեմբերի 2-ի կեսգիշերին ծեծի ենթարկված ու փախուստի դիմած զինծառայողներից երեքը շարունակում են մնալ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում (ավելի վաղ նրանք Նուբարաշենի հոգեբուժարանում էին): Գործով նախաքննությունը դեռևս շարունակվում է, իսկ նրանց ծնողները հուսահատված սպասում են նախաքննության ավարտին:
Հիշեցնենք, որ դեպքը տեղի էր ունեցել նոյեմբերին, կեսգիշերին մոտ 4 զինծառայողներ դուրս էին թռչել հոսպիտալից, գլխապատառ փախել և օգնություն էին խնդրել անցորդներից՝ պնդելով, որ իրենց սպանում են ներսում: Ավելի ուշ նրանց գտել և վերադարձրել էին հոսպիտալ: ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն էլ հայտարարել էր, որ զինծառայողները պատասխանատվության չեն ենթարկվի, քանի որ հոգեբուժական բաժանմունքի հիվանդներ են եղել և մի քանի ամիս ստացիոնար բուժում են ստացել հոսպիտալում: Իսկ վիճաբանության պատճառը եղել է նրանց հոգեկան վիճակը: Սակայն ծեծված զինծառայողներից Դավիթ Մարկոսյանի հայրը պնդել էր, որ զինվորներին ծեծել են հոսպիտալի պետ Սահակ Օհանյանը, ատամնատեխնիկ Արմեն Հովսեփյանը և հոգեբան Վաղինակ Հովհաննիսյանը, որոնց նկատմամբ, սակայն, որևէ քրեկան գործ չկա: Փոխարենը քրեական գործ կա ծեծի ենթարկված զինվորների նկատմամբ՝ զորամասի տարածքը ինքնակամ լքելու համար: Իսկ նրանց նկատմամբ կիրառված բռնությունների մասով որևէ քրգործ չկա:
Այն, որ զինվորներին ծեծել են հոսպիտալի բուժանձնակազմի ներկայացուցիչները` համոզված է նաև զինծառայողներից Ռազմիկ Մանուկյանի մայրը՝ Աննա Կարապետյանը, ում համար անհասկանալի է գործի այստեսակ զարգացումը: Նախ ներկայացվեց, որ տղաները հոգեկան խնդիրներ են ունեցել, իսկ հիմա լրիվ հակառակ գործընթացն է գնում: «Արծրուն Հովհաննիսյանը հաղորդեց, որ քրեական գործ չի հարուցվելու, քանի որ իրենք գտնվում են հոգեբուժարանում և 2 ամիս ստացիորնար բուժման տակ են եղել: Լսեցի ու հանգստացա, բայց բանից պարզվեց, որ իրենք ներքին կարգով քրեական գործ հարուցեցին: Նախ փափուկ բարձ դրեցին մեր գլխի տակ, բայց ներքին կարգով քրեական գործ հարուցեցին: Իրենք ճիշտ չեն վարվում: Քրեական գործ չպետք է հարուցեին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց տիկին Աննան՝ ավելացնելով. «Ես ուղղակի զարմացած եմ մնում: Ես գիտեմ, որ իմ երեխայի ներվային համակարգը խաթարված է, հոգեկան խնդիրներ ունի: Իր փաստաթղթերում գրված է, որ ինքը ոչ պիտանի է ծառայության: Հիմա էլ, երեխաներին ամիսներով հոսպիտալներում, հոգեբուժարաններում պահելուց հետո, ճանաչել են, թե տղաները առողջ են և պիտանի են ծառայության: Եթե երեխան պիտանի էր ծառայության, երկու ամիս ինչի՞ համար էին նրան պահում Կանազի հոսպիտալում և ինչի համար էր բուժում ստանում»:
Մոր պնդմամբ` իր տղան խնդիրներ ունի, իսկ հիմա փորձ է արվում ներկայացնել, որ Ռազմիկը խնդիրներ չունի, որպեսզի հեշտ լինի քրեական գործը սարքելը: «Իրենք հիմա ուզում են ներկայացնեն, որ երեխան խնդիրներ չունի: Ես դա շատ լավ եմ հասկանում, թե ինչի են այդպես անում, որովհետև հոգեբուժարանում գտնվող հիվանդներին բժիշկը իրավունք չունի դաժանորեն ծեծի ենթարկի: Հոգեբուժարանում գտնվող երեխան կարող է չէ՞ ինչ-որ անկարգություններ անի, չարություն անի, իսկ բժիշկը նրա համար է, որ նրան բուժի, ոչ թե ծեծի: Բայց հակառակն էր եղել, և բժիշկները, դա շատ լավ հասկանալով, երեխաներին պահեցին հոսպիտալում, որպեսզի իրենք իրենց մեջ կարողանան գործը դասավորել: Ես այդպես եմ հասկանում»:
Մոր խոսքով` հնարավոր չէր նաև, որ տղաները ծեծից հետո փախչեին հոսպիտալից, քանի որ այնտեղ լուրջ հսկողություն կա: «Երբ մենք գնում էինք տեսակցելու, մի 10-15 րոպե զանգը տալուց հետո նոր բացում էին դռները, դռան մոտ էլ երկու հսկիչ կար: Տղաները չէին կարող փախչել հենց էնպես: Ինձ թվում է դա ևս միտումնավոր է արված: Երեխաներին դուրս են թողել, որ ներկայացնեն իբր փախել են, որ կարողանան քրեական գործը սարքել: Բժիշկները բոլորն էլ այդ օրը խմած են եղել, ես դա 100 տոկոսով գիտեմ»:
Տիկին Աննան անգամ նամակ է գրել նախարարին, խնդրել է տղայի վրայից հանել քրեական գործը և տղային ուղարկել ծառայության, սակայն նամակին պատասխանել են, որ իր խնդրանքին չեն կարող ընդառաջել: «Ես չեմ հասկանում` ինչի են մեզ էսպես տանջում, գիշեր-ցերեկ արցունքները աչքներիս ման ենք գալիս: Ես քաղցկեղով հիվանդ եմ, ամուսինս նույնպես հաշմանդամ է: Հերիք չի մինուճար տղայիս տարան հասցրեցին Հադրութ, հիմա էլ լրացուցիչ խնդիրներ են սարքում: Տղաս խնդիրներ ուներ, իսկ հիմա սարքում են, որ խնդիրներ չունի, որ գործը սարքեն գլխին: Ինչի համար է այս ամեն ինչը, չեմ հասկանում»:
Զինծառայողներից Արշակի մայրն էլ՝ տիկին Լուսինեն, մեզ ասաց, որ գործի մանրամասներին շատ չի տիրապետում. «Բժշկական կամիսիան անցել են, երեխաները առողջ են ճանաչվել, և հիմա սպասում ենք դատավարությանը: Տեսնենք` ինչ կլինի: Չգիտեմ»,- հուսահատված ասաց նա:
Աղբյուրը՝ 1in.am