Ընտրություններին չմասնակցած ընտրողների փոխարեն չե՞ն քվեարկել
15:11, June 28, 2013 | Մամլո հաղորդագրություններ | Արդար դատաքննության իրավունք, Ընտրական իրավունք2013 թ. հունիսի 27-ին ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի դիմումը՝ ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Տաշիրի բաժնի հետաքննության գծով տեսուչ Ա. Տոնոյանի կողմից քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման դեմ:
2013 թ. փետրվարի 18-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահը հանցագործության մասին հաղորդում է ուղարկել ՀՀ ոստիկանության պետ Վ. Գասպարյանին, որով հայտնել է, որ կազմակերպությունը դիտորդական առաքելություն է իրականացնում ՀՀ նախագահական ընտրությունների ժամանակ և թիվ 32/14 ընտրատեղամասի դիտորդը արձանագրում է, որ հանձնաժողովի անդամները ստորագրում և անձնագրային տվյալներ են լրացնում ընտրողների ցուցակներում ընտրության չմասնակցած կամ քվեարկության չեկած քաղաքացիների անունների դիմաց:
Չնայած այս ամենին, ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Տաշիրի բաժնից ստացվել է գրություն, որով հայտնել են, որ ընտրությունները անցել են օրենքով սահմանված կարգին համապատասխան և առանց խախտումների, իսկ 2013 թ. ապրիլի 26-ին կայացվել է քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում՝ հանցակազմի բացակայության հիմքով:
Վարույթն իրականացնող մարմնի կողմից քննությունը կատարվել է քրեական դատավարության օրենսգրքի մի շարք դրույթների խախտումներով, քննությունը չի կատարվել բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ, մասնավորապես չի նշանակվել դատաձեռագրաբանական փորձաքննություն ստորագրությունների փաստը պարզելու համար, քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշմամբ որևէ անդրադարձ չի կատարվել ՀՔԱ Վանաձորի գրասենյակի դիտորդի կողմից նշված տեղեկություններին, քննիչի կողմից միջոցներ չի ձեռնարկվել բացատրություններ վերցնելու համար կազմակերպության այն դիտորդից, ով տվյալ տեղամասում դիտորդություն է իրականացրել, մինչ իրեն փոխարինել է բացատրություններ տված դիտորդը:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը բողոքարկել է դատական կարգով՝ պահանջելով վերացնել քննիչի որոշումը և կազմակերպության հաղորդման հիման վրա հարուցել քրեական գործ, սակայն դատարանը մերժել է բողոքը: