Թոմաս Համմարբերգը ժամանել է Հայաստան. Վերջը խեր ըլնի
00:00, January 19, 2011 | Նորություններ | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ, Հավաքների և միավորումների ազատություն, Տեղաշարժի ազատություն, Տեղեկատվության եւ խոսքի ազատություն | Զինված ուժեր, ՔաղբանտարկյալներԵԽ մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար Թոմաս Համմարբերգը երեկ վերջապես ժամանել է Հայաստան եւ, ինչպես ցույց տվեց վերջինիս առաջին օրվա հանդիպումների գրաֆիկը, Երեւանից Համմարբերգը կմեկնի ինֆորմացիայով գերհագեցած: Հարցն այն է, թե հետո պարոն Համմարբերգը ինչպես կօգտագործի այդ ինֆորմացիան:
Երեկ առավոտյան Համմարբերգը հանդիպել է Պնախարար Սեյրան Օհանյանին, ինչից հետո ընդունել է հայաստանյան մի քանի իրավապաշտպանների. Արթուր Սաքունց, Միքայել Դանիելյան, Ստեփան Դանիելյան, Ավետիք Իշխանյան, Արտակ Կիրակոսյան: Ընդ որում, իրավապաշտպանների հետ Համմարբերգը հանդիպել է երկու անգամ. երկրորդ հանդիպումը նվիրված էր բացառապես բանակի հետ կապված խնդիրներին: Առաջին հանդիպման ժամանակ հիմնականում խոսել են իրավապաշտպանները, որոնք Համմարբերգի առաջ մի քանի հարց են բարձրացրել. մարտիմեկյան սպանությունների չբացահայտված լինելը, ԶԼՄ-ների հետ կապված խնդիրներ եւ մասնավորապես լրագրողների դեմ կատարված բռնությունները, քաղբանտարկյալների հարց:
Իրավապաշտպանները խոսել են նաեւ մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ Զինված ուժերի ներգրավվածության մասին եւ շեշտել, որ այդ փաստը առայսօր ոչ մի արձագանք չի գտել ԵԽ-ի կողմից: Իրավապաշտպանները նաեւ նշել են, որ, ճիշտ է, մարտի մեկից անցել է արդեն 3 տարի, եւ այսօրվա իրավիճակը չի կարելի համեմատել մարտիմեկյան իրավիճակի հետ, այդուհանդերձ ներքաղաքական լարվածությունը չի թուլացել, եւ դրա առաջին պատճառը մասնավորապես, մարտիմեկյան սպանությունների չբացահայտվածությունն ու քաղբանտարկյալների առկայությունն է: Խոսք է եղել նաեւ հավաքների ազատության մասին, իրավապաշտպանները հատկապես շեշտել են, որ սիմվոլիկ նշանակություն ունեցող Ազատության հրապարակը շարունակում է փակ մնալ ընդդիմության համար, որ ԵԽԽՎ կողմից Հայաստանի հարցով ընդունված 1609 բանաձեւը, ըստ էության, շարունակում է մնալ չկատարված:
Իրավապաշտպանների հետ Համմարբերգի հանդիպման ժամանակ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի մոտ, որտեղ իջեւանել էր Համմարբերգը, բողոքի ակցիա էր կազմակերպել «Քաղբանտարկյալների եւ քաղհալածյալների պաշտպանության կոմիտեն»: Ակցիայի ավելի քան հազար մասնակիցներ պահանջում էին քաղբանտարկյալների ազատ արձակումը, իսկ պիկետից հետո տեղի ունեցավ երթ. երթի մասնակիցները ԵԽ գրասենյակի ներկայացուցչի միջոցով Համմարբերգին հանձնեցին նախկին քաղբանտարկյալների նամակը: «2008թ. մարտի 1-ին իշխանության իրականացրած արյունալի ջարդից եւ քաղաքական ընդդիմության ներկայացուցիչների զանգվածային ձերբակալություններից անմիջապես հետո (ինչը Դուք բնութագրեցիք որպես «քաղաքական վենդետա») միջազգային հանրությունը, մասնավորապես ի դեմս ԵԽԽՎ-ի բանաձեւերի, ԵՄ նախագահության հայտարարությունների, դա համարել է քաղաքական հետապնդում ու պահանջել նրանց անհապաղ ազատ արձակումը: Մենք քաջ տեղեկացված ենք, նաեւ ականատեսն ենք եղել այդ ուղղությամբ մասնավորաբար Ձեր` Մարդու իրավունքների ԵԽ հանձնակատարի անկեղծ եւ արդյունավետ ջանքերին: Ցավոք, այդ ջանքերի տրամաբանական խորացում չեղավ, եւ Հայաստանում դեռ այսօր էլ քաղբանտարկյալներ կան: …Ուստիեւ կոչ ենք անում` գործի դնելով ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարի Ձեր ողջ ազդեցությունն ու հնարավորությունները, հասնել քաղբանտարկյալ մեր ընկերների անհապաղ ազատ արձակմանը` մեզ ազատելով հոգեկան տառապանքից, ԵԽ անդամ Հայաստանը` քաղբանտարկյալներ պահելու խայտառակությունից, Եվրոպան` դա հանդուրժելու ամոթից»,- մասնավորապես գրված է քաղբանտարկյալների նամակում, որի տակ ստորագրել է 42 հոգի:
Երեկ Թոմաս Համմարբերգը հանդիպել է նաեւ «Ա1+» եւ ԳԱԼԱ հեռուստաընկերությունների ղեկավարների հետ, որից հետո մարդու իրավունքների գլխավոր հանձնակատարը նորից ընդունել է իրավապաշտպաններին. այս անգամ արդեն Համմարբերգին հետաքրքրել են բացառապես բանակում տիրող խնդիրները` կոռուպցիա, մահացության բարձր ցուցանիշներ, բռնություններ, ոչ կանոնադրական հարաբերություններ: Երեկոյան արդեն Թոմաս Համմարբերգը հանդիպել է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին: Առաջին նախագահի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են քաղբանտարկյալների ազատ արձակմանը, Մարտի 1-ի սպանությունների բացահայտմանը, մարտիմեկյան իրադարձություններին բանակի ներգրավմանը, մամուլի եւ հավաքների ազատությանն առնչվող խնդիրներ: Իսկ արդեն առաջին նախագահի հետ հանդիպումից հետո Համմարբերգը հանդիպել է մարտիմեկյան սպանդի զոհերի հարազատներին: Այսօր Համմարբեգը պետք է հանդիպի քաղբանտարկյալների հարազատներին, ինչպես նաեւ կմեկնի «Արթիկ» ՔԿՀ` հանդիպելու քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանին:
Աղբյուրը՝ http://chi.am/news/110119/11011906.htm
Քրիստինե Խանումյան