Ի՞նչ է կատարվում Զինված ուժերի թիկունքում
18:35, August 1, 2013 | Նորություններ | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ | Զինված ուժեր, Կոռուպցիայի կանխարգելումՀելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը մի շարք հարցադրումներ ունի Զինված ուժերի թիկունքի նոր պետի նշանակման վերաբերյալ:
Ինչպես հայտնի է, այս տարվա հուլիսի 22-ին Սերժ Սարգսյանի որոշմամբ գնդապետ Նորայր Յոլչյանը նշանակվել է ՀՀ Զինված ուժերի թիկունքի պետ-վարչության պետ: Նրա հետ պայմանագիր է կնքվել հինգ տարի ժամկետով: Մինչ այդ ԶՈւ թիկունքի պետ-վարչության պետը գեներալ-մայոր Տիգրան Գասպարյանն էր, իսկ Նորայր Յոլչյանը թիկունքի իրային ծառայության պետն էր:
Արթուր Սաքունցը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ այս երկու պաշտոնյաների անուններն էլ հիշատակվում են Մարտի 1-ի հարցով Փաստահավաք խմբի 4-րդ զեկույցում` օլիգարխների թիկնապահներին զինվորական համազգեստ մատակարարելու գործով:
Մասնավորապես 2009 թվականին Նորիկ Յոլչյանն արգելել էր Փաստահավաք խմբի անդամների մուտքը թիկունքի իրային պահեստ: Այնուհետև Փաստահավաք խմբի անդամները պարզել էին, որ հենց Տիգրան Գասպարյանն է կարգադրել թույլ չտալ խմբի անդամների մուտքը պահեստ:
«Դրանից հետո Սերժ Սարգսյանը խոսում է բանակին գոմեշի մսի մատակարարման, ատկատների մասին: Ատկատների հետ կապված, հիշում ենք, որ Արշալույս Փայտյանին հեռացրեցին աշխատանքից: Այստեղ հարց է ծագում` գոմեշի մսի մատակարարման ժամանակ թիկունքի գծով պետը Հայաստանո՞ւմ է եղել, թե արտերկրում: Թիկունքի գծով պետը պետական գնումների հետ մեծ առնչություն ունի, արդյո՞ք Գասպարյանի ազատումը պաշտոնից պայմանավարոված չէ ատկատների մեխանիզմին նրա մասնակցության հետ: Ինչպե՞ս կարող էր ինքը որևէ առնչություն չունենալ, եթե անմիջականորեն առնչվում է պետական գնումներին ու մատակարարմանը: Եթե ունեցել է մասնակցություն, ինչո՞ւ են բավարարվել նրան պաշտոնից հեռացնելով: Պետք է նաև պատասխան լինի` Գասպարյանը որպես վկա կանչվե՞լ է արդյոք հարցաքննության, գոմեշի մսի մատակարարման գործով»,- Lragir.am-ի հետ զրույցում նշեց Սաքունցը:
Իրավապաշտպանին հետաքրքրում է նաև հետևյալ հարցերի պատասխանը` ո՞րն է եղել Տիգրան Գասպարյանին աշխատանքից հեռացնելու պատճառը, նրա նկատմամբ արդոք հետախուզում հայտարարվա՞ծ է, որտե՞ղ է գտնվում նա այժմ` Հայաստանո՞ւմ, թե արտերկրում: Նա նշում է, որ հանրությանը պետք է ներկայացվեն Տիգրան Գասպարյանին աշխատանքից ազատելու և նրա փոխարեն Նորիկ Յոլչյանին նշանակելու հիմավորումները, ինչո՞ւ է հենց հիմա կատարվել այդ փոփոխությունը:
Ըստ իրավապաշտպանի` պետք է տրվի նաև այն հարցի պատասխանը, թե Տիգրան Գասպարյանի հետ էլ է 5 տարով պայմանագիր կնքված եղել: Գասպարյանն այդ պաշտոնին նշանակվել էր 2009 թվականին, պաշտոնանկ է եղել 2013 թվականին, այսինքն` աշխատել է 4 տարի:
«Հետաքրքիր է` նրա հետ պայմանագիրը վաղաժամակե՞տ է դադարեցվել: Երբ մենք խոսում ենք ռազմական բյուջեի թափանցիկության և հաշվետվողականության մասին, մենք նկատի ունենք հենց նման դեպքերը, որոնք ամենևին էլ ծառայողական գաղտնիք չեն: Այստեղ ավելի շատ գործ ունենք գերգաղտնի գործարքների հետ, որոնց վերաբերյալ հրապարակայնության բացակայությունը մեզ հիմք է տալիս պնդելու, որ եղել են կոռուպցիոն ռիսկեր: Ավելին, այդ գործընթացների վերաբերյալ հանրությանը հաշվետվություն չներկայացնելը միտում ունի թաքցնելու այն հանցագործությունները, որոնք կատարվել են»,- ընդգծեց Արթուր Սաքունցը:
Քանի որ այս անձանց անունն անցնում է Մարտի 1-ի գործով, իսկ այդ գործը բացահայտված չէ, ըստ իրավապաշտպանի, ստացվում է, որ բոլոր նման գաղտնի գործողությունները պայմանավորված են նրանով, որ այդ մարդիկ իրականում տեղյակ են Մարտի 1-ի հանցագործության մասին:
«Մի տեղ կատարված հանցագործության չբացահայտումը հնարավորություն է տալիս մեկ այլ տեղ կատարվող հանցագործությունները կոծկել: Ազատումների և նշանակումների այս գաղտնիությունն ավելի շատ խոսում է համակարգի լուրջ հիվանդության մասին»,- ասաց նա:
Արթուր Սաքունցի խոսքով` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը պետք է պատասխանի այս հարցադրումներին, Սերժ Սարգսյանը հանրությանը պետք է իրազեկի, թե ինչո՞ւ է պաշտոնից ազատել Տիգրան Գասպարյանին:
«Հակառակ դեպքում, մեր բոլոր հարցադրումները մենք կհամարենք հիմնավոր և հանցագործության մասին հաղորդում կտանք Գլխավոր դատախազություն` հետախուզում հայտարարելու Գասպարյանի նկատմամբ»,- ասում է նա:
«Իմ տեղեկություններով` ԶՈւ պարենային պահեստի պետ Վաղարշակ Գասպարյանն ու նրա փեսան, ով Վանաձորի բազայի հրամանատարն է, Հայաստանում չեն: Ընդհանրապես, ի՞նչ է կատարվում զինված ուժերի թիկունքում և ո՞վ է պատասխան տալու մեր հարցադրումներին»,- հարցադրում է անում Արթուր Սաքունցը:
Ի դեպ, իրավապաշտպանը նշում է, որ զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանն էլ պետք է տա այս հարցերի պատասխանները: «Կոստանյանը մեծ ջանասիրությամբ քրեական գործերի վերաբերյալ մեկնաբանություններ է տալիս, մասնավորապես Լիսկայի և Բուդաղյանների գործով մեկնաբանություններ տվեց, այս հարցով էլ թող հանրությանը պարզաբանումներ տա»,- ընդգծեց նա:
Աղբյուրը՝ http://www.lragir.am/index/arm/0/country/view/86349