Ի՞նչ է տեղի ունեցել զինվորական հոսպիտալում` ճակատամա՞րտ
13:04, November 4, 2013 | Նորություններ | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ | Զինված ուժերՀՔԱ Վանաձորի գրասենյակի աշխատակիցները երեկվանից փնտրում են Երեւանի կայազորի զինվորական հոսպիտալից փախած 4 զինծառայողների ծնողներին ու հարազատներին: Սակայն Ա. Սաքունցի գնահատմամբ հասկանալի է, որ ՊՆ ամեն ինչ անում է, որ հանկարծ տեղեկության արտահոսք տեղի չունենա:
«ՊՆ-ն ամեն ինչ կանի, որպեսզի միջադեպի վերաբերյալ տեղեկությունը վերահսկվի եւ արտահոսք չլինի, այդ թվում շատ տրամաբանական է, որ դրա համար բավարար լծակներ ունեն առնվազն ծնողներին հասկացնելու, որ եթե որեւէ տեղեկություն դուրս գա, ապա շրջանակը շատ սեղմ է եւ կարող են երեխաների համար խնդիրներ առաջանալ»:
Իրավապաշտպանի գնահատմամբ խիստ կասկածելի է նաեւ դեպքից ժամեր անց տարածված տեղեկությունը, որ փախած զինծառայողները հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունեն:
«Դեպքից շատ ուշ տարածվեց այդ տեղեկությունը: Իսկ այժմ, որ մեկ ժամը լրիվ բավարար էր պարզելու համար, թե որ բաժանմունքի որ հիվանդներ են եւ ինչ է եղել: Չէ՞ որ կա հստակ գրանցամատյան ըստ բաժինների: Դժվար չէր անվանականչ անել եւ ասել, իսկ երբ որ դեպքից անցնում է ահագին ժամանակ եւ երեքին գտնում են դրսում ու ապա նոր հայտարարվում է, որ նրանք հոգեբուժարանի բաժնում գտնվող զինծառայողներն են: Եւ ասեմ նաեւ, որ դա առավել վատ է, որ հոգեբուժարանի հիվանդներ են եղել, որովհետեւ դուրս է գալիս, որ ռազմական ոստիկանության հատուկ ստորաբաժանումը այնպիսի գործողություն է կատարել հոգեբուժական բաժնում, որ որպես ելք, որպես փրկության միակ տարբերակ զինծառայողները ընտրել են դուրս փախչելը այն գնահատմամբ, որ «սպանում են, փրկե՜ք»:
Ա. Սաքունցի գնահատմամբ Ռազմական ոստիկանությունը պարտավոր է առնվազն երկու հարցի պարզաբանում տալ:
«Նշվում է, որ Ռազմական ոստիկանությունը մինչեւ տղաների փախչելը այնտեղ է եղել, այնտեղ եղել է հատուկ ստորաբաժանում, ինչու` հատուկ ստորաբաժանումը գնացել էր, որ ինչ աներ, նախ սա. քանի որ սովորական ծեծկռտուքի ժամանակ ՌՈ հատուկ ստորաբաժանում չի գնում, նշանակում է լուրջ միջադեպ է եղել, հարց է ծագում` ինչ կարգի միջադեպ էր, որ ստիպված է եղել ՌՈ հատուկ ստորաբաժանում գնալ այնտեղ ու խնդիրներ լուծել:
Եւ ապա երկրորդ՝ ինչ են արել, ինչ գործողություններ են կատարել նրանք այնտեղ. շատ կարեւոր է այն հանգամանքը, թե ռազմական ոստիկանության հատուկ ստորաբաժանման աշխատակիցները ինչ քայլեր, ինչ գործողություններ են արել, որին հաջորդել է տղաների փախուստը: Սա նշանակում է այնտեղ ճակատամարտ է եղել»:
Ա. Սաքունցի գնահատմամբ կարեւոր է նաեւ՝ ովքեր են այդ զինծառայողները, ինչպե՞ս են նրանց մոտ առաջացել հոգեկան առողջության խնդիրներ եւ ինչու են նրանց տեղավորել հոգեբուժական բաժին, որքան ժամանակով են գտնվել այնտեղ եւ որքան ժամանակ են նրանք ծառայության մեջ, որ հոգեկան առողջության խնդիրներ են առաջացել նրանց մոտ:
«Եթե նրանք բանակում են, ոնց են հայտնվել հոգեբուժական բաժնում, առողջական խնդիրներ ունեցել են մինչեւ զորակոչվելը, թե՞ զինծառայության ընթացքում, կամ եղե՞լ եմ մտահոգություններ, երբ նրանք մինչեւ զորակոչվելը գտնվել են բժշկական փորձաքննության մեջ: Սա արդեն առանձին ուսումնասիրության հարց է, թե ինչպես եւ երբ են առաջացել հոգեկան առողջության խնդիրները»,-ասաց Ա. Սաքունցը:
Աղբյուրը` http://www.galatv.am/news/view/zinvorakan-hospital_04.html