Ինչու մահացած զինծառայողի մորը չեն տրամադրում գործի նյութերը
17:00, April 21, 2014 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ | Զինված ուժերԼՂՀ Շուշիի քրեակատարողական հիմնարկում 2012 թվականի նոյեմբերի 28-ին մահացած Հայկ Մովսիսյանի գործն այս փուլում կրկին դատարանում է: Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան ներկայացրած դիմումով Հայկ Մովսիսյանի մոր՝ Հեղինե Պետրոսյանի ներկայացուցիչներ Արթուր Սաքունցն ու Արայիկ Զալյանը պահանջում են թիվ 62202513 քրեական գործով Հեղինե Պետրոսյանին ճանաչել դատավարության կողմ և նախաքննության մարմնին պարտավորեցնել վերջինիս տրամադրելու կարճված գործի նյութերի պատճենները:
2012 թվականի նոյեմբերի 20-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը ժամկետային զինծառայող, կոչումով շարքային Հայկ Մովսիսյանին մեղավոր էր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 363-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարք կատարելու՝ զինծառայությունից խուսափելու համար և դատապարտել 3 տարվա ազատազրկման: Դատավճռի հրապարակման ժամանակահատվածում Հայկ Մովսիսյանը գտնվել է Շուշիի բանտում, հետագայում պետք է տեղափոխվեր Հայաստան՝ պատիժը կրելու, սակայն 2012 թվականի նոյեմբերի 28-ին Շուշի քրեակատարողական հիմնարկում նրան գտել են մահացած: Պաշտոնական վարկածի համաձայն՝ Հայկ Մովսիսյանն ինքնասպանություն է գործել՝ կախվելու միջոցով, սակայն նրա մայրը՝ Հեղինե Պետրոսյանը պնդում էր, որ որդուն սպանել են: Հեղինե Պետրոսյանը ասում է, որ մահացած որդու մարմնի վրա բռնության հետքեր է տեսել, անգամ դրանք լուսանկարել է:
Մոսկվայից Հայաստան գալով՝ 2011 թվականի հունիսին հանրապետական զորակոչային հանձնաժողովի կոմից Հայկ Մովսիսյանը ճանաչվել էր պիտանի շարային ծառայության համար և զորակոչվել բանակ: ԼՂՀ զորամասերից մեկում ծառայության անցնելու ժամանակահատվածում նա աչքի էր ընկել նյարդային պահվածքով, անգամ կտրել էր երակները՝ հայտնվելով հիվանդանոցում: Զորակոչվելուց երկու ամիս անց՝ օգոստոսի 2-ին, նա բանակից զորացրվում է՝ նյարդային լուրջ հիվանդությունների հիմքով, համարվում ոչ պիտանի զինվորական ծառայության համար: Իսկ մեկ օր անց՝ օգոստոսի 3-ին Հայկ Մովսիսյանին մեղադրանք է առաջադրվել զինվորական ծառայությունից խուսափելու համար:
Նրա մահվանից հետո ԼՂՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնում ինքնասպանության հասցնելու հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ, որը, սակայն, կարճվել էր քրեակատարողական վարչության աշխատակիցների և քննչական մեկուսարանի կալանավորների, ամբաստանյալների, դատապարտյալների արարքներում հանցակազմի բացակայության հիմքով: Այնուհետև Հայկ Մովսիսյանի վերաբերյալ քրեական գործով պաշտոնատար անձանց գործողություններին իրավական գնահատական տալու համար գործն ուղարկվել էր ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ պաշտոնական անփութության հատկանիշներով, որտեղ հարուցվել էր թիվ 62202513 քրեական գործը: 2013 թ. ապրիլի 16-ին Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել էր ՀՀ գլխավոր դատախազի ներկայացրած վերաքննիչ բողոքը և արդարացրել արդեն մահացած Հայկ Մովսիսյանին:
«Գլխավոր դատախազությունն իր նախաձեռնությամբ ապրիլի 16-ին մտնում է Վերաքննիչ դատարան, Վերաքննիչ դատարանը որոշում է կայացնում, որով հետմահու արադարացնում է Հայկ Մովսիսյանին: Այնուհետև ՀՔԾ-ն Հայկ Մովսիսյանի մահվան հետ կապված քրեական գործ է հարուցում, ձևակերպում պաշտոնական անփութություն, իսկ մայիսի 3-ին Հատուկ քննչական ծառայության նախկին պետ Անդրանիկ Միրզոյանին հեռացնում են աշխատանքից: Մայիսի 16-ին Գլխավոր դատախազի պաշտոնակատար Արամ Թամրազյանի ստորագրությամբ Վճռաբեկ բողոք է ուղարկվում՝ ընդդեմ Վերաքննիչի որոշման: Ստացվում է, որ նույն Գլխավոր դատախազությունը մի ձեռքով ընդդեմ առաջին ատյանի դատարանի վճռի Վերաքննիչ է բողոք ներկայացնում, մյուս կողմից բողոք՝ ընդդեմ Վերաքննիչ դատարանի որոշման»,- Lragir.am-ին ասաց Հելսինկյան քաղացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, Հայկ Մովսիսյանի մոր ներկայացուցիչ Արթուր Սաքունցը:
Իրավապաշտպանը շարունակում է պնդել, որ Հատուկ քննչական ծառայության նախկին պետ Անդրանիկ Շահինյանի պաշտոնանկությունը հենց այս գործի հետ է կապված: Նրա խոսքով՝ Հատուկ քննչական ծառայությունն այն ժամանակ պաշտոնատար անձանց կողմից խախտումների գործով քննություն էր սկսել, բայց հավանաբար այդ մասին պատշաճ չէր իրազեկել Սերժ Սարգսյանին:
«Հատուկ քննչական ծառայությունը Հայկ Մովսիսյանի քրեական գործը տեղափոխել էր այնպիսի իրավական դաշտ, որը հնարավորություն է տալիս, որ այս պահին մենք բողոքարկենք դատական ատյաններ, այսինքն՝ գործին իրավական ընթացք տրվի: Հատուկ քննչական ծառայության պետը փոխվեց, նաև քրեական գործը կարճվեց: Այսինքն՝ ՀՔԾ ներկայիս պետ Շահինյանը կատարում է նախագահականի հրահանգը»,- նշեց Սաքունցը:
Նա այս գործը կոծկելու համար մեղադրում է նաև ներկայիս Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին, ով այն ժամանակ զինվորական դատախազն էր: «Նախկին զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանն անմիջական մասնակցություն ուներ Հայկ Մովսիսյանի գործով պատշաճ քննության նկատմամբ հսկողությանը»,- ասաց իրավապաշտպանը:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այս փուլում Արթուր Սաքունցի ու Արայիկ Զալյանի դիմումի քննության դատական նիստերին Հատուկ քննչական ծառայության և Գլխավոր դատախազության ներկայացուցիչները չեն մասնակցում, չնայած որ այդ մասին պատշաճ իրազեկվել են: Հայկ Մովսիսյանի մայրը` Հեղինե Պետրոսյանը և նրա ներկայացուցիչներ Արթուր Սաքունցն ու Արայիկ Զալյանը բազմիցս դիմումներ և միջնորդություններ են ուղարկել արդարադատության տարբեր ատյաններ` Հեղինե Պետրոսյանին տուժողի իրավահաջորդ ճանաչելու խնդրանքով, սակայն ստացել են մերժումներ:
«Մեր նպատակն է Հեղինե Պետրոսյանին ճանաչել տուժողի իրավահաջորդ: Ըստ էության, որևէ իրավական կարգավիճակ չունենալով, Հայկ Մովսիսյանի մայրը զրկվում է իր որդու գործի քննության նկատմամբ պահանջներ ներկայացնելուց, իրավունքների պաշտպանության հնարավորությունից, այսինքն՝ իրավական բոլոր հնարավորություններից, որոնք օրենսդրությունը նախատեսում է անձի իրավունքների պաշտպանության ուղղությամբ: Հատուկ քննչական ծառայություն իր ապօրինի գործողություններով Հայկ Մովսիսյանի մորը զրկել է այս ամենից, Հայկ Մովսիսյանի իրավունքների պաշտպանության հնարավորություն չկա: Սա միտված է գործը կոծկելուն, որովհետև ծանր հանցագործություն է տեղի ունեցել, որը հանգեցրել է մարդու մահվանը, ավելին, նաև մահվան հանգամանքների օբյեկտիվ քննությունն է կոծկվել: Այս հանցագործությունը կոծկելու և պատասխանատուներին պատասխանատվության չենթարկելու միտում կա»,- նշեց Արթուր Սաքունցը:
2013 թվականի դեկտեմբերի 18-ին Հեղինե Պետրոսյանի ներկայացուցիչներ Արթուր Սաքունցը և Արայիկ Զալյանը միջնորդություններ էին ներկայացրել Հատուկ քննչական ծառայության քննիչ Մ. Բաբայանին և Գլխավոր դատախազություն՝ Հայկ Մովսիսյանին տուժող, իսկ Հեղինե Պետրոսյանին տուժողի իրավահաջորդ ճանաչելու պահանջներով, որին ի պատասխան հայտնվել է, որ հարուցված քրեական գործի վարույթը կարճվել է: Հետագայում մերժվել են նաև կարճված քրեական գործի նյութերը և քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշումը տրամադրելու պահանջները:
Հայկ Մովսիսյանին տուժող, իսկ Հեղինե Պետրոսյանին տուժողի իրավահաջորդ ճանաչելու վերաբերյալ Lragir.am-ի գրավոր հարցում էր ուղղել Գլխավոր դատախազությանը, որը վերահասցեագրվել է Հատուկ քննչական ծառայությանը: Հատուկ քննչական ծառայությունը հարցմանն ի պատասխան հայտնել է հետևյալը. «Հեղինե Պետրոսյանի ներկայացուցիչներ Ա. Սաքունցի և Ա. Զալյանի 2013 թ. դեկտեմբերի 18-ի դիմումը՝ Հայկ Մովսիսյանին տուժող, Հեղինե Պետրոսյանին տուժողի իրավահաջորդ ճանաչելու վերաբերյալ, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում չի քննարկվել, քանի որ այն քրեական գործի վարույթը, որով ներկայացվել է դիմումը, մինչ այդ՝ 2013 թ. դեկտեմբերի 10-ի որոշմամբ կարճված է եղել: Հարկ ենք համարում նշել նաև, որ վարույթն իրականացնող մարմնի վերը նշված գործողությունները Հ. Պետրոսյանի ներկայացուցիչներն օրենքով սահմանված կարգով բողոքարկել են Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որտեղ էլ ներկայում քննարկվում է հիշյալ բողոքը»:
Հոդվածը պատրաստվել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից իրականացվող «ՀՀ հատուկ քննչական ծառայության, դատախազության և Ազգային անվտանգության ծառայության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների զարգացումը որպես մարդու իրավունքների խախտման կանխարգելման երաշխիք Հայաստանում» ծրագրի շրջանակներում:
Աղբյուրը՝ www.lragir.am