Ինքնասպանությո՞ւն
00:00, July 28, 2010 | Նորություններ | Զինված ուժերԺամեր առաջ փորձագիտական կենտրոնում ավարտվել է երեկ Տավուշի մարզի Մեհրաբ զորամասում մահացած պայմանագրային զինծառայող Արտակ Նազարյանի դիահերձումը, որին ներկա են գտնվել նրա հարազատները:
Արտաքին զննությամբ Արտակ Նազարյանի մարմնի տարբեր մասերում հայտնաբերվել են բռնության հետքեր, այդ թվում դեմքի վրա կիսալուսնաձև վնասվածքներ, իսկ թևերի վրա հայտնաբերված վնասվածքները բնորոշվել են որպես բութ առարկայով հասցված: Բոլոր վնասվածքները ստացվել են կենդանության օրոք, մահվանից 6 ժամ առաջ, ինչը, բնականաբար, խոսում է այն մասին, որ պաշտպանության նախարարության առաջ քաշած ինքնասպանության վարկածը իրականության հետ որևէ առնչություն չունի: Վարկածը, որը շտապեց առաջ բերել նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունը այն հիմնական վարկածն է, որով մշտապես առաջնորդվում է հենակետերում տեղի ունեցած նման միջադեպերի ժամանակ:
«Որդուս սպանել են ժամեր առաջ, իսկ իրենք արդեն զբաղված են գործը կոծկելով», ողբում էր մայրը: Հարազատները Արտակի հետ խոսել են շաբաթ օրը, և մայրն ասում է, որ «տղաս ահավոր լարված ու անհանգիստ էր, տագնապը մեջը»: Մինչ այդ ծնողներն իմացել են, որ Արտակը խնդիրներ ունի զորամասում: Հրամանատարական կազմից կոնկրետ անձինք մշտապես հետապնդել ու ճնշել են Արտակին: Նրան համարել են թույլ հրամանատար, ով զինվորներին չի ծեծում և այլն:
«Մամ ջան, ես ուրիշ հրամանատար եմ ուզում լինել զինվորների համար, այստեղ ուրիշ տեսակի մարդիկ են աշխատում: Ես չեմ ուզում նրանց նմանվել: Ես ուզում եմ հայրենասիրական մղումներ առաջացնել զինվորների մեջ», ասել էր մորը 10 օր առաջ հանդիպման ժամանակ: Տանից Արտակին հայոց պատմության գրքեր ու քարտեզներ են ուղարկել:
Արտակը կիրթ և ազնվագույն մարդ էր, և սա բավական է բանակում թույլի կարգավիճակ ձեռք բերելու համար: Նա մասնագիտությամբ արևելագետ էր, պարսկերենի հրաշալի մասնագետ և 2000-2001 թթ, երբ զորակոչվել է բանակ, մեկ տարի ծառայությունն անցկացրել է Թեհրանում, որպես դեսպանի կցորդ թարգմանությամբ է զբաղվել:
Պայմանագրային զինծառայության նա գնացել է անցած նոյեմբերից ու ստիպված, մասնագիտական աշխատանք չգտնելու պատճառով: Արտակը մորրն ասել է, որ սա իր տեղը չի, բայց նաև հավելել է, թե ամեն ինչ կանի լավ զինծառայող դառնալու, հայրենիքին ծառայելու համար:
«Հետո ուզում են, որ գնան բանակ, գնան Ղարաբաղում կռվեն ու սենց տանում են գլուխներն ուտում են», հուսահատ ասում էին հարազատները:
Բացի «թույլի» ստատուս ստանալուց, զորամասում պարբերաբար գողացել են նրա հսկողության տակ գտնվող մեքենայի բենզինը և ստիպել են, որ աշխատավարձից վճարի ուրիշների կատարած գողության փոխարեն:
Հարազատները կտրականապես մերժում են Արտակի ինքնասպան լինելու հնարավորությունը: «Հանգիստ ու հավասարակշիռ մարդ էր և երբեք նման քայլի չէր գնա», համոզված են հարազատները, ովքեր վճռականություն են հայտնում, որ մինչև վերջ պայքարելու են գործը բացահայտելու և մեղավորներին հայտնաբերելու ուղղությամբ:
Գործի քննությամբ զբաղվում է Տավուշի մարզի կայազորի դատախազությունը:
Պաշտպանության նախարարությունն ու հրամանատարական կազմը ցավակցություն չեն հայտնել հարազատներին: Զորամասից նրա դին տեղափոխել են փորձագիտական կենտրոն և հեռացել: