Ինքնասպան եղած զինվորի մորը իրավահաջորդ չեն ճանաչել
10:20, July 9, 2013 | Նորություններ | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ, Կյանքի իրավունք | Զինված ուժեր, Հայկ ՄովսիսյանԿենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր նշանակվել էր Հատուկ քննչական ծառայության դեմ Հեղինե Պետրոսյանի բողոքի քննությունը: Նա Հատուկ քննչական ծառայությունից պահանջում էր, որպեսզի իրեն ճանաչեն տուժողի իրավահաջորդ:
Aravot.am-ը անդրադարձել է նրա որդու՝ Արցախի մեկուսարանում ինքնասպան եղած զինվոր Հայկ Մովսիսյանի պատմությանը: Այդ գործի վարույթը գտնվում է դատավոր Մխիթար Պապոյանի մոտ, սակայն դատական նիստը հետաձգվել է դատավորի՝ սեմինարի մասնակցելու կապակցությամբ: Այն նշանակվել է օգոստոսի 15-ին:
Հիշեցնենք, որ այդ զինվորը Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից դատապարտվել էր 3 տարվա ազատազրկման, իբրեւ ինքնախեղման միջոցով զինվորական ծառայությունից խուսափելու համար, մինչդեռ վերաքննիչ դատարանում զինվորը ոչ միայն արդարացվել էր, այլ պարզվել է, որ մինչ դատապարտվելը պաշտպանության նախարարի հրամանով նա ազատված է եղել զինվորական ծառայությունից:
Աղբյուրը՝ http://www.aravot.am/2013/07/09/263529/