Իսկ ձեզ դեռ չեն խուզարկե՞լ
00:00, April 2, 2008 | Նորություններ | Ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք, Աշխատանքային իրավունքներ, Ընտրական իրավունք | ՈստիկանությունՀայաստանում, փաստորեն, եթե Սերժ Սարգսյանի կամ Ռոբերտ Քոչարյանի շրջապատից չես կամ աներկբա չես կատարում նրանցից գոնե մեկի հրահանգները, ավելին` մի փոքր այլախոհ ես, մի փոքր առնչություն ես ունեցել Օպերայի հավաքների հետ, պետք է պատրաստ լինես ամեն ինչի:
Քեզ կարող է փողոցում առանց որեւէ բացատրության ձերբակալեն, ազատեն աշխատանքից, քրեական գործ հարուցեն քո դեմ, խուզարկեն խանութդ, մեղադրեն ընտրակաշառք բաժանելու մեջ, փամփուշտներ եւ զենք հայտնաբերեն քո սեփական տանը եւ այլն:
Այս օրերին Լեւոն Տեր-Պետրոսյանի համակիրների նկատմամբ տարատեսակ հետապնդումները շարունակվում են տրամաբանության հետ աղերսներ չունեցող սցենարով: Իրավիճակը միայն արտաքուստ է հանգիստ, իսկ իրականում այն, ինչ կատարվում է` այլ կերպ, քան պետական տեռոր հնարավոր չէ անվանել: Եթե հիշում եք` մարտի 1-ին նախորդող օրը ԵՊՀ ուսանողների հետ հանդիպման ժամանակ Ռոբերտ Քոչարյանը ուղղակի սպառնաց. «Հարթակում կանգնած շատ-շատերը երկար տարիներ անց են կացնելու բանտերում եւ բավարար ժամանակ են ունենալու մտորելու, վերլուծելու անցած ճանապարհն ու գործած սխալները»: Սա, իհարկե, Քոչարյանը սպառնացել էր, եթե ընդդիմությունը փորձեր գրոհել պետական մարմինները: Նման բան մարտի 1-ի Օպերայի ջարդից հետո անգամ չեղավ, սակայն իրավապահ կոչվող մարմինները հստակ իրականացնում են հրահանգը, այն առավել ընգրկուն դարձնելով:
Նախօրեի գիշերը 300 հոդվածի շրջանակում իրավապահ մարմինները խուզարկել են Թումանյան փողոցի վրա գտնվող «Այգ» համակարգչային խանութը` այնտեղ զենք-զինամթերք փնտրելով: Բնականաբար ոչ մի բան չեն գտել: Ընդ որում` խանութի ոչ տերը, ոչ էլ առավել եւս` աշխատակիցները գործով չեն անցնում ոչ որպես վկա, ոչ որպես կասկածյալ, առավել եւս` մեղադրյալ: Խանութի տերը` Վոլոդյա Հովհաննիսյանը, պարզապես Տեր-Պետրոսյանի համակիրն է: Նույն տրամաբանությամբ վաղը կարող են խուզարկության ենթարկել 350 հազար մարդու տունը, խանութն ու արհեստանոցը: Ի դեպ, մարզերում իրավապահները ավելի անկաշկանդ են գործում, ում ուզում ձերբակալում են, ում տունն ուզում առանց հիմնավորման խուզարկում են, եւ այլն: Լոռու մարզի մարզպետարանի երկու աշխատակիցների հեռացրել են աշխատանքից Տեր-Պետրոսյանին համակրելու համար: Մեկին ստիպել են դիմում գրել, մյուսը հրաժարվել է: Վերջինիս ազատել են աշխատանքից` ձեւակերպելով, թե խախտել է քաղծառայողի օրենքով նախատեսված քաղաքական զսպվածության սկզբունքը` այն դեպքում, երբ մարզպետարանի 70-80 տոկոսը ՀՀԿ անդամներ են: Մարզպետարանի երկու նախկին աշխատակիցները եղել են Տեր-Պետրոսյանի վստահված անձինք: «Սա կանխամտածված խտրականության դրսեւորում է, ըստ քաղաքական հայացքների», – մեզ հետ զրույցում երեկ ասաց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը` շարունակելով. «Նույն մարզպետարանի ողջ անձնակազմը աշխատանքի ժամին մասնակցում էր Սերժ Սարգսյանի հանրահավաքին, ավելին` նրանց տեղափոխում էին Երեւան` հանրահավաքի, ո՞վ է այդ ուղղությամբ զբաղվում»: Վանաձորում քրեական գործ է հարուցվել թիվ երկու բուժհաստատության գլխավոր բժշկի դեմ, որը ՀՀՇ անդամ է:
Վերջինիս դեմ քրեական գործ է հարուցվել պաշտոնական դիրքի չարաշահման մեղադրանքով: Ի դեպ, այս առթիվ արժե հիշել, որ Սերժ Սարգսյանի հանրահավաքների պարտադիր ներկաները հիմնականում բուժհիմնարկների աշխատակիցներն էին, իսկ Սերժ Սարգսյանի խնամին, Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի տնօրեն Արա Մինասյանը աշխատակիցներին պարտադրում էր մասնակցել հանրահավաքներին, ինչի առթիվ բողոքներ արձանագրել ենք մեր թերթում: Ամրակից գյուղի ուսուցիչ Նաիրի Արոնյանին հեռացրել են աշխատանքից Տեր-Պետրոսյանի շտաբի աշխատանքին մասնակցելու եւ որոշակի բացակայության համար` այն դեպքում, երբ հանրապետության գրեթե բոլոր դպրոցների ուսուցիչներն ու աշակերտները Սերժ Սարգսյանի հանրահավաքների պարտադրված ներկաներն էին:
«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում են Լեւոն Տեր-Պետրոսյանի ազգականներ Հրայր Փենինյանը եւ Հովսեփ Տեր-Պետրոսյանը: «Սա միանշանակ քաղաքական հաշվեհարդար է: Մարդու իրավունքների մասին խոսել մի տեղ, որտեղ ընդհանրապես պաշտպանվածություն չկա թե դատարանում, թե աշխատանքի տեղում, անիմաստ է», – ասաց Արթուր Սաքունցը:
«Մենք ապրում ենք ոստիկանական պետությունում, որտեղ դա նորմալ երեւույթ է: Բռնապետություն է, բա ի՞նչ էիք ուզում, որ լիներ», – մեզ հետ զրույցում երեկ ասաց մեկ այլ իրավապաշտպան` Միքայել Դանիելյանը` շարունակելով. «Բոլորիս տուն, եթե ուզեն, կարող են գալ: Մարդու իրավունքները Հայաստանում խախտվել են, սա ուղղակի կլասիկ շրջան է, երբ մարդիկ ազատություն չունեն: Հիմա դա ավելի երեւացող է: Ոչ լեգիտիմ նախագահ 10 տարի ունեցել ենք, էս մարդը չի կարողանում գնալ օրինական ձեւով»:
Իրավապաշտպանի խոսքերով, իրենք մարդու իրավունքների ոտնահարման բազմաթիվ բողոքներ ունեն: Ըստ նրա` չնայած Հայաստանը միացել է «խոշտանգումների եւ անմարդկային վերաբերմունքի դեմ կոնվենցիային», բոլորը ձերբակալվածները ենթարկվել են նվաստացուցիչ կամ անմարդկային վերաբերմունքի: «Գուցե բոլորը չեն խոշտանգվել, բայց որ անմարդկային վերաբերմունքը եղել է գրեթե բոլորի նկատմամբ` դա ակնհայտ է: Լեւոն Տեր-Պետրոսյանի համակիրները պետության կողմից տուժող կողմ են», – ասաց իրավապաշտպանը:
Աղբյուրը՝ http://www.zhamanak.com/article/8810/