Իրավապաշտպան. Հայաստանի Սահմանադրության առաջին եւ երկրորդ հոդվածները մտահոգություն են առաջացնում
12:07, July 8, 2013 | ՆորություններՍահմանադրության մասին հիշում ենք ոչ միայն հուլիսի 5-ին՝ Սահմանադրության օրը, այլ միշտ, քանի որ կան մշտական խնդիրներ՝ կապված Հայաստանում սահմանադրական նորմերի կիրառման հետ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը՝ խոսելով մարդու իրավունքների պահպանության մասին, որոնք ամրագրված են երկրի հիմնական օրենքում:
Նրա խոսքով՝ մարդու իրավունքների ոլորտում սահմանադրական դրույթները, ցավոք, չեն իրականացվում, սակայն այսօր արդիական է համարվում ոչ միայն մարդու իրավունքների հետ կապված սահմանադրական դրույթը: Ըստ Սահմանադրության առաջին հոդվածի՝ ՀՀ-ն ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական եւ սոցիալական պետություն է, սակայն այսօր կանգնած ենք ինքնիշխանության հետ կապված մարտահրավերների առաջ»,-նշել է Սաքունցը, ընդգծելով, որ տվյալ մարտահրավերները անմիջականորեն կապված են ռուսական էքսպանսիայի հետ, որն արտահայտվում է ինչպես քաղաքական, այնպես էլ ռազմական եւ տնտեսական գործոնների միջոցով:
Նրա համոզմամբ՝ Հայաստանը խնդիր ունի արտաքին քաղաքական վեկտորի զարգացման ընտրության հարցում՝ ի դեմս ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի եւ Մաքսային միության: Իրավապաշտպանը պարզաբանել է, որ իրավական, սոցիալական եւ ժողովրդավարական պետություն լինելու վերաբերյալ սահմանադրական դրույթների բացակայությունը կամ դրանց թերությունները հանգեցրել են խնդիրների, որոնք կապված են երկրի ինքնիշխանության հետ:
Ընդգծենք, որ Հայաստանի Սահմանադրության 1-ին հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է: Ըստ 2-րդ հոդվածի՝ Հայաստանի հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին:
Աղբյուրը՝ http://news.am/arm/news/161288.html