Խոշտանգումները կանխարգելելու առումով դեռ դոփում ենք տեղում, «մսագործներն» էլ չեն վերացել. իրավապաշտպաններ
12:12, June 26, 2013 | Նորություններ | Խոշտանգումներից և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունք | Ոստիկանություն, Քրեակատարողական հիմնարկներՀունիսի 26-ը նշվում է որպես ՄԱԿ-ի կողմից հռչակված Խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օր: Եթե Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի գնահատմամբ կանխարգելման ուղղությամբ արված աշխատանքների ու գործողությունների, խոշտանգումները կանխարգելելու և կատարած խոշտանգումները պատժելու համար Հայաստանում դեռ դոփում են տեղում, ապա Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի կարծիքով՝ իրավիճակը նույնքան վատ է, որքան նախկինում:
Ըստ Ավետիք Իշխանյանի՝ այս իմաստով ամենախոցելի կետերից է առաջին հերթին ոստիկանությունը։ «Որտեղ նախաքննությունը, շատ հաճախ չեմ ուզում ասել, բայց որպես կանոն, բայց տեղի է ունենում ահաբեկումներով, ծեծով: Եվ, երբեմն, կարող ենք ասել նաև՝ խոշտանգումներով»,- Tert.am–ի հետ զրույցում ասաց իրավապաշտպանը:
Նրա ներկայացմամբ «ավանդական» խախտումներ են՝ ընթացակարգային տարրական կանոնների պահպանումը: Այն է՝ փաստաբանի ներկայություն, առաջին զանգի իրավունք, ծանուցում, թե բերման ենթարկվածն ինչքան ժամանակ պետք է պահվի ոստիկանությունում։
Ավետիք Իշխանյանի ներկայացմամբ՝ քննչական մարինների հիմնական «գործիքը» մնում է ինքնախոստովանական ցուցմունքը, իսկ խոստովանական ցուցմունքը վերցվում են խոշտանգումներով, ծեծով, ահաբեկումով, սա է մեր ամենախոցելի կետն է։
Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ոստիկանության կոլեգիայի նիստերում մի քանի անգամ հայտարարել է, որ «մսագործ է» այն ոստիկանը, ով ցուցմունք կկորզի ծեծով ու ջարդով:
Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահը, գնահատելով իրավիճակը, նկատեց.«Բարվոք չէ նաև վիճակն այլ վայրերում, մասնավորապես, քրեակատարողական հիմնարկներում, որոնք փակ հիմնարկություն են»: Ավետիք Իշխանյանն ավելացրեց, որ չնայած հասարակական կազմակերպությունների այցերին, ՔԿՀ-ներում այնպիսի մթնոլորտ է, որ դատապարտյալները , որպես կանոն, ոչինչ չեն ասում:
Հիշեցնենք, որ Հայաստանը ստորագրել և վավերացրել է ՄԱԿ-ի ««Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոնվենցիան»:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, որը բացարձակապես նույն գնահատականն ուներ խնդրի շուրջ, նկատեց, որ ավելին՝«բռնությունները ոչ միայն կիրառվում են քաղաքացիների նկատմամբ ոստիկանության բաժանմունքներում, այլ նաև բռնությունների փաստերով քրեական հետապնդումներ ու քրեական գործեր չեն հարուցվում»: Իսկ ընթացք տրվելու դեպքում էլ քաղաքացիները վախենում են հանդիպել քննիչների ու ոստիկանների հետ:
Նման հայտարարությունների հիմքը, ըստ Արթուր Սաքունցի, ստացված ահազանգերն են:
Իրավապաշտպանն առաջարկում է ուշադիր ծանոթանալ ԵԽԽՎ Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի զեկույցների հետ, որոնք ներկայացվում են երկու տարին մեկ անգամ:
«Այնտեղ շատ կոնկրետ նշված է իրավիճակը: Ավելին՝ այս տարի մարտին կոմիտեն արտահերթ հատուկ այցելությունով եկավ Հայաստան՝ նպատակ ունենալով ուսումնասիրել հենց ոստիկանության բաժինները»,- ասաց Արթուր Սաքունցը:
Նշենք որ, Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի՝ ԽԿԿ-ի պատվիրակները լիազորված են անսահմանափակ թվով այցելություններ կատարել նշված բոլոր վայրերը, այդ թվում՝ հոգեբուժարաններ և նման վայրերում օգտվել անարգել տեղաշարժվելու իրավունքից: Նրանք կարող են առանց վկաների զրուցել ազատազրկված անձանց հետ և ազատորեն շփվել ցանկացած անձի հետ, ով կարող է տեղեկատվություն տրամադրել:
Նշենք, որ ԽԿԿ-ի վերջին զեկույցը եղել է 2011թ., իսկ այս տարվանը դեռ հրապարակված չէ: 2011թ. այցի ընթացում ԵԽԽՎ փորձագետները չեն նկատել բանտարկյալների նկատմամբ որևէ ֆիզիկական խոշտանգում, բայց նյութապես աղքատ միջավայրն ու աղքատ ռեժիմը ԽԿԿ-ն դիտարկել է որպես անմարդկային վերաբերմունք: Հայաստանի կառավարության պատասխանի մեջ նշված է, թե ինչ քայլեր են ձեռնարկում իշխանությունները կոմիտեի կողմից առաջ քաշած խնդիրները լուծելու համար: Մասնավորապես շեշտվում է, որ խնդիրներից շատերը լուծում կստանան 2013թ. Արմավիրի նոր բանտը շահագործելուց հետո:
Այս այցը նպատակ է ունեցել գնահատելու ԽԿԿ-ի առաջարկությունների հիման վրա Հայաստանի իշխանությունների ձեռնարկած քայլերը, մասնավորապես գնահատելու ցմահ բանտարկյալների նկատմամբ վերաբերմունքը:
Նշենք, որ ըստ հայաստանյան մամուլի՝ Հայաստանը կոմիտեի ուշադրության կենտրոնում է հայտնվել 2008-ի նախագահական ընտրություններից հետո և Հայաստանի վերաբերյալ առաջին զեկույցի համար հիմք են հանդիսացել 2008-ի մարտի 15-17-ը Կոմիտեի փորձագետների Հայաստան կատարած այցելության ընթացքում իրականացված մոնիտորինգի արդյունքները։ Կոմիտեի դիտորդները, 2008-ի մարտի 15-17-ը Հայաստանում գտնվելով, զրուցել են 2008-ի նախագահական ընտրություններից հետո կալանավորված անձանց և Մարտի 1-ի դեպքերից հետո այդ պահին կալանավորված անձանց մեծ մասի հետ` մոտ 70 հոգի։
Այդ զեկուցում համաձայն ՝ եվրոպացի փորձագետները պարզել էին, որ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված նորմը, ըստ որի՝ մարդուն կարելի է առանց մեղադրանք առաջադրելու` կասկածանքի հիմքով անազատության մեջ պահել 72 ժամ, շատ հաճախ խախտվել է:
Իսկ զեկույցի «Խոշտանգումները և ֆիզիկական վատ վերաբերմունքի այլ ձևերը» բաժնում ներկայացված է.«Բոլոր անձինք, որոնք ձերբակալվել են իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից 2008 թվականի մարտի 1-ին, հայտարարում են, որ ձերբակալության ժամանակ նրանց նկատմամբ կիրառվել է ֆիզիկական վատ վերաբերմունք, նույնիսկ երբ նրանք բացարձակ դիմադրություն չեն ցուցաբերել։ Վատ վերաբերմունքը ենթադրում է` մահակի հարվածները, մարմնին և գլխին բռունցքներով և ոտքով հասցված հարվածները, գետնին հրելով պառկեցնելն ու ոստիկանական մեքենա քարշ տալը։ Որոշ դեպքերում հարվածները շարունակվել են ոստիկանություն տանող ճանապարհի ողջ ընթացքում և այնտեղ ժամանելուց հետո։ Հայտարարություններ են ստացվել նաև ոստիկանությունում հարցաքննության ժամանակ ֆիզիկական վատ վերաբերմունք ցուցաբերելու առնչությամբ` ապտակներ, բռունցքներով և ոտքով հարվածներ, մահակներով հարվածներ։ Այդ միջոցները կիրառվել են նաև խոստովանություն ձեռք բերելու կամ այլ անձանց դեմ ցուցմունքներ կորզելու համար»։