Կրակել են անկենդան մարմնին
00:00, September 29, 2010 | Նորություններ | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ | Զինված ուժերՏավուշի մարզի Մեհրաբ զորամասում ըստ պաշտոնական վարկածի ինքնասպանություն գործած Արտակ Նազարյանի դատաբժշկական փորձաքննությունը վերջապես ստացվել է:
Դատաբժիշկ Վիգեն Ադամյանը հանգել է հետության, թե Արտակ Նազարյանի մահը վրա է հասել դիահերձումից 24-36 ժամ առաջ, գլխուղեղի կենսական կարևոր ֆունկցիաների սուր խանգարումից, որը պայմանավորված է եղել գլխի հրազենային գնդակային միջանցիկ վիրավորումով:
Դիակի արտաքին ուսումնասիրության մեջ նշված են բազմաթիվ մարմնական վնասվածքներ, որոնցից մի մասն, ըստ փորձագետի, Արտակ Նազարյանը ստացել է կենդանության օրոք` բութ առարկաների ազդեցությամբ, մահվանից ոչ շատ առաջ և նրա մահվան հետ պատճառական կապի մեջ չեն գտնվում: Փորձագետը եզրակացրել է, որ Արտակ Նազարյանը այսպիսի «վնասվածքների դեպքում կարող էր կատարել ինքնուրույն գործողություններ` շարժվել, քայլել, բղավել»:
Ուշագրավ է նաև եզրակացության մեջ նշված նախաբազկի և ստորին վերջույթների շրջանների վերնամաշկից զուրկ տեղամասեր, որոնք փորձագետը դասել է հետմահու վնասվածքների շարքում` նշելով, որ դրանք հավանաբար առաջացել են դիակի տեղափոխման ընթացքում:
Նազարյանի հարազատների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սեդա Սաֆարյանը խոսելով ուշացումով տրված փորձաքննության մասին, ասաց, որ այն լի է անհասկանալի ու լուրջ հակասություններով, չպարզաբանված բազմաթիվ հարցեր «մեզ համար մութ են մնացել, որի կապակցությամբ պատրաստվում ենք լրացուցիչ հարցեր ներկայացնել»:
Մասնավորապես, Սեդա Սաֆարյանը նշեց փորձաքննության մեջ արձանագրված Արտակ Նազարյանի լեզվի վրա հրազենային վնասվածքի մուտքի անքի առկայության մասին, ինչը կարող է էապես փոխել հանցագործության ամբողջ նկարագիրը: Փաստաբանը ոչ մի կերպ չի պատկերացնում, թե ինչպես կարող էր «ինքնասպանը» լեզուն բարձրացնել ու հետո նոր կրակել:
«Լեզուն բարձրացնել, հրազենի փողը դնել, նոր կրակել, աընդունելի իրավիճակ է, իսկ եթե լեզուն չի բարձրացրել, հրազենի փողը մտցրել է մինչև կոկորդ, սրանք լրիվ տարբեր իօրավիճակներ են, այս դեպքում լեզուն պետք է որ հրազենային անցք չունենար»:
Թե որ դեպքում կարող էր լեզվի վրա անցք առաջանալ, քննիչի կողմից նման հարց չի առաջադրվել: Փորձաքննության մեջ նշված չէ նաև անցքի չափսերը Ուստի, անհրաժեշտություն է առաջանում այլ մասնագետի կարծիք ունենալ, համոզված է փաստաբանը: Նա մեկ անգամ ևս ընդգծեց, ար փորձագետ Վիգեն Ադամյանին «ի սկզբանե հավատալու հիմքեր չեն ունեցել»:
«Կամ Ադամյանը մասնագիտական ձեռնահասության խնդիր ունի կամ Ադամյանը կաշկանդված է եզրակացությունները ՊՆ-ի սրտով տալու պատճառով և արդյունքում մենք ունենում ենք թեր և շատ ճչացող եզրակացություն, որը հավատ չի ներշնչում», այսօր մեկ անգամ եւս նշեց փաստաբանը:
Հիշեցնենք, որ Սեդա Սաֆարյանը փորձագետին բացարկ հայտնելու մասին միջնորդություն էր ներկայացրել, սակայն նախաքննական մարմինը մերժել էր:
Ըստ պաշտոնական վարկածի, Արտակ Նազարյանը ինքնասպանություն գործշելու պահին նստած վիճակում է եղել, քարին հենված, սակայն ինչպես նշվում է արձանագրության մեջ քարի վրա արյան հետքեր չեն հայտնաբերվել:
«Մանկամիտն անգամ կհասկանա, որ զենքով կրակելու դեպքում քարի վրա առնվազն բավականին արգասիքներ, չեմ մանրացնում ինչ արգասիքներ, պիտի մնար, արյուն պիտի լիներ և ամենաշատ այդ քարի վրա պիտի լիներ, բայց մենք այդպիսի պատկեր չունենք, հենց այս հանգամանքը կասկածի տակ պիտի դներ պաշտոնական վարկածը,- ասում է փաստաբանը,- կամ լավ լվացել են, կամ հետքերը վերացրել են կամ հետքերը չեն արձանագրվել կամ դեպքը այլ տեղում է եղել: Այս կամերին պետք է պատասխան տրվի քննության ընթացքում», ասում է Սաֆարյանը:
Ինչ վերաբերում է հետմահու վնասվածքներին, փաստաբանն ասում է, որ դրանք չէին կարող առաջանալ տեղափոխման ընթացքում, քանի որ դեպքի վայրի զննության արձանագրության մեջ նշվում է, որ նրան պատգարակով են տեղափոխել:
Նկարագրված մարմնական վնասվածքները բավական շատ են ու խոսուն: Սաֆարյանը չի բացառում, որ իր մատնանշած հանգամանքները լրջորեն ուսումնասիրելուց հետո հանցագործության ամբողջ պատկերը գլխիվայր շրջվի:
«Այդ հանգամանքները այլ հանցագործության մասին կարող են խոսել, ուստի այսօր խոսել` ինքնասպանության հասցնել է, ինքնասպանություն է թե սպանություն, չեմ կարող ասել, գիտեմ մի բան, որ մինչև մահը նրա նկատմամբ դաժան վերաբերմունք է եղել: Բազմաթիվ ծեծկռտուքները կարող էին առաջացնել հիասթափություն, բայց ոչ այն կարգի, որ ինքն իրեն սպանելու մտադրություն ունենար», համոզմունք է հայտնում փաստաբանը:
Սաֆարյանն ասում է, որ իր արձանագրած հակասություններն ավելին են, քան ներկայացնում է, որովհետև դա կապված է պաշտպանական ռազմավարությունը չբացահայտելու հետ:
Դեպքի վայրից չի հայտնաբերվել կրակված փամփուշտը, դեպքի վայրի արձանագրությունն ընդհանրապես կատարվել է որոշակի բացթողումներով, հագուստի փորձաքննության արդյունքները չի տրամադրվել փորձագետին, ինչը շատ կարևոր է դատաբժշկական փորձաքննության եզրակացության պատկերն ամբողջական ստանալու առումով: Փաստաբանը կասկածի տակ է առնում նաև հանցագործության օրն ու ժամը, դիակի վաղեմության հետ կապված խնդիրը, որի վերաբերյալ «փորձագետը խուսափողական պատասխաններ է տվել»:
Արտակ Նազարյանի հարազատները պնդում են, որ Արտակի ականջի հետևում կոտրվածք է եղել և այդ կոտրվածքը ոչ դատաբժիշկն է արձանագրել, ոչ էլ դիակի զննությամբ է հայտնաբերվել: Արտակ Նազարյանի մայրը` Հասմիկ Հովհաննիսյանը չի բացառում, որ որդին մահացել է գլխին հասցված հենց այդ հարվածից: «Իսկ հետո արդեն բերանը ինչ որ գործիքով բացել են ու կրակել են բերանի մեջ: Միլիոն անգամ կարող եմ կրկնել, որ կրակել են անկենդան մարմնի վրա»:
Արտակի մայրը համոզված է, որ վնասվածքը չի արձանագրվել գումարտակի հրամանատարի միջամտությամբ, նա է կազմակերպել ու շատ մեծ դերակատարություն ունեցել քննության ընթացքի վրա:
«Դիակը տեղափոխելիս ուղեկցել է գումարտակի հրամանատարը, համոզված եմ, որ նա հատուկ զգուշացրել է դատաբժշկին, որպեսզի այդ վնասվածքը չարձանագրեն», ասում է մայրը:
Հիշեցնենք, որ դեպքից հետո Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը գումարտակի հրամանատար Միշա Գաբրիելյանին անմիջապես հեռացրեց զբաղեցրած պաշտոնից, առանց պարզելու նրա մասնակցությունը կատարված հանցագործությանը, այն դեպքում, երբ Արտակ Նազարյանը ծնողներին հայտնել էր, որ հենց գումարտակի հրամանատարն է հետապնդել իրեն:
«Գումարտակի հրամանատարին հեռացնելով աշխատանքից Սեյրան Օհանյանը շատ մեծ լավություն արեց նրան», արձանագրում է մայրը:
Աղբյուրը` http://www.lragir.am/armsrc/country-lrahos38951.html
ԺԱՆՆԱ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ