Համայնքի ղեկավարի գործունեության վերաբերյալ կարծիք արտահայտելու համար ենթարկվեց պատասխանատվության
00:00, July 8, 2011 | Մամլո հաղորդագրություններ | Արդար դատաքննության իրավունք, Տեղեկատվության եւ խոսքի ազատությունԱյսօր՝ 2011 թ. հուլիսի 8-ին, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Վարդուհի Հովնանյանի, մասնակի բավարարեց Լեռնապատ համայնքի ղեկավար Վանո Եղիազարյանի դիմումն ընդդեմ նույն գյուղի բնակիչ Գևորգ Մելքոնյանի՝ իր պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի հատուցման պահանջի մասին:
Դատարանը Վանո Եղիազարյանին վիրավորանք հասցնելու համար պարտավորեցրեց Գևորգ Մելքոնյանին «Ժամանակ» օրաթերթի միջոցով հրապարակային ներողություն խնդրել, ինչպես նաեւ զրպարտության համար պարտավորեցրեց Գևորգ Մելքոնյանին նույն թերթի միջոցով հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող տվյալները:
Դատարանը որոշեց նաեւ Գևորգ Մելքոնյանից հօգուտ Վանո Եղիազարյանի բռնագանձել 8.000 ՀՀ դրամ, որպես պետական տուրքի համար նախատեսված գումար:
Հիշեցնենք, որ 2011 թ. հունիսի 6-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Վարդուհի Հովնանյանի նախագահությամբ, մասնակի բավարարել էր նաեւ Լեռնապատ համայնքի ղեկավար Վանո Եղիազարյանի հայցը՝ ընդդեմ նույն համայնքի մեկ այլ բնակիչ Ղարիբ Միտիչյանի:
Ի տարբերություն Գևորգ Մելքոնյանի, դատարանը Ղարիբ Միտիչյանին պարտավորեցրել էր հրապարակային ներողություն խնդրել Վանո Եղիազարյանից «Ժամանակ» օրաթերթում ներողության տեքստը հրապարակելու միջոցով եւ Ղարիբ Միտիչյանից հօգուտ համայնքապետի բռնագանձել 30.000 ՀՀ դրամ, իսկ զրպարտության համար էլ «Ժամանակ» օրաթերթում հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող տվյալները եւ հօգուտ համայնքապետի բռնագանձել 30.000 ՀՀ դրամ: Բացի այդ, դատարանը վճռել է Ղարիբ Միտիչյանից հօգուտ Եղիազարյանի բռնագանձել 9200 դրամ՝ որպես հայցվորի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումար:
Ըստ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի իրավաբան Արայիկ Զալյանի՝ Ղարիբ Միտիչյանի գործով որոշումը բողոքարկվել է ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարան: Բողոքարկվելու է նաեւ Գևորգ Մելքոնյանի գործով որոշումը:
Կից ներկայացվում է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը: