Հանրահավաքներին մասնակցած վանաձորցիներին հրավիրել են ոստիկանություն
13:31, August 7, 2016 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՕգոստոսի 2-ին վանաձորցի Գևորգ Քոթանջյանն ու Ռազմիկ Էվոյանը հրավիրվել էին Ոստիկանության ներքին անվտանգության վարչություն՝ բացատրություն տալու հուլիսի 20-ին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակում իրենց հնչեցրած ահազանգի առնչությամբ: «Ժառանգություն» կուսակցությունը ներկայացնող Գևորգն ու Հիմնադիր խորհրդարանի ներկայացուցիչ Ռազմիկը հուլիսի 20-ին Վանաձորի Հայքի հրապարակում ի աջակցություն «Սասնա ծռերի» անցկացվող հանրային քննարկման ժամանակ նկատել են, որ իրենց հետևում են: Նրանց խոսքով՝ հետապնդումները շարունակվել են նաև հանրահավաքից հետո:
Ռ. Էվոյանի խոսքով՝ հետապնդման փաստերն արձանագրել են հուլիսի 17-ից հետո, երբ մի քանի վանաձորցիների, այդ թվում՝ նաև իրեն տարել են ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Բազումի բաժին, որտեղ մի քանի ժամ պահելուց հետո բոլորին ազատ են արձակել:
Տարբեր օրերի ու ժամերի միևնույն երիտասարդին նկատելով իրեն շատ մոտ տարածքում՝ Ռ. Էվոյանի կասկածները խորացել են: Վերջինս Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակում նշել է, որ հնարավոր է՝ իրեն հետևողները քաղաքացիական հագուստով ոստիկաններ են:
Ռազմիկը հասցրել է նաև լուսանկարել իրեն հետևող երիտասարդին ու այդ լուսանկարը տրամադրել է գրասենյակի աշխատակիցներին:
Օրեր շարունակ նկատելով, որ իրեն մեքենայով հետևում են, Գևորգը նախ գրանցել է հետապնդող մեքենայի տվյալները՝ կապույտ գույնի «Օպել» 34vn 930 պետհամարանիշով, ապա Ռ. Էվոյանի հետ դիմել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
«Ես հաստատ չգիտեմ՝ ինձ ոստիկա՞ն էր հետևում, թե՞ ոչ,- նշում է Գևորգը՝ կարծիք հայտնելով, որ իրեն կարող էին հետևել երեք պարագայում,- կարող էին հետևել երեք կառույցներից՝ ոստիկանությունից, Հանրապետական կուսակցության անդամներից կամ հոգեկան հիվանդը: Բայց անհասկանալի է, եթե ոստիկանությունն է, ինչու՞ են հետևում, ես որևէ անօրիական արարք չեմ արել կամ այնպիսի վարք չեմ դրսևորել, որ կասկածեին, թե կարող եմ ինչ-որ վտանգավոր քայլ ձեռնարկել»:
Երիտասարդը չի բացառում նաև քաղաքական հայացքների համար հետևելու տարբերակը: «Կարծում եմ՝ կարող էին քաղաքական հայացքների համար հետևել, քանի որ ես ներկայացնում եմ կուսակցություն, որն աջակցում է Վանաձորում անցկացվող հանրահավաքներին»,- նշում է Գևորգը:
Նշված քաղաքացիներին հետապնդելու մասին ինֆորմացիան Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կայքում տեղադրելը հիմք է հանդիսացել, որ իրավապահ մարմինները որոշեն զբաղվել խնդրով:
«Օգոստոսի 1-ին մեզ զանգահարեցին ու հրավիրեցին բացատրություն տալու: Մեր հիմնական պահանջ-խնդրանքը եղել է այն, որ պարզեն՝ հետևողները ոստիկանությա՞ն ներկայացուցիչներ են եղել, ո՞րն է եղել հետևելու նպատակը, իսկ եթե ոստիկան չէ, ապա ո՞վ է: Եթե քաղաքական հայացքների համար են հետապնդում, դա ավելի մտահոգիչ է»,- ասում է Գևորգը:
Ռ. Էվոյանին ու Գ. Քոթանջյանին ուղեկցել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի փաստաբան Սուսաննա Դավթյանը: Վերջինիս խոսքով՝ դեռևս պարզ չէ, թե ինչ զարգացում կարող է ունենալ այս գործը:
«Ռ. Էվոյանն ու Գ. Քոթանջյանը վարչությունում առավել մանրամասն նկարագրել են այն, ինչը նշվել է հանցագործության մասին հաղորդման մեջ: Զարգացումների հետ կապված կսպասենք պատասխանի: Քննությունն ավարտելուց հետո, երբ ինչ-որ որոշում լինի, վարչությունից մեզ տեղյակ կպահեն»,- նշեց փաստաբանը:
Աղբյուրը՝ hetq.am