Հատուկ քննչականը հերքել է
00:00, September 1, 2010 | Արդար դատաքննության իրավունքՀատուկ քննչական ծառայությունը Ազատություն ռադիոկայանի հարցմանն ի պատասխան հերքեց Վահան Խալաֆյանի մահվան գործով դատական վերջին նիստի ընթացքում գործով գլխավոր ամբաստանյալ Աշոտ Հարությունյանի հայտարարությունը¸ որ նախաքննական մարմինը փորձել է իր հետ գործարքի մեջ մտնել, մասնավորապես` առաջարկել է իր ղեկավարների դեմ ցուցմունքներ տալ, ինչից Հարությունյանը հրաժարվել է:
Հատուկ քննչական ծառայության հաղորդագրությունում նշվում է, թե իր ղեկավարների դեմ ցուցմունք տալու առաջարկության վերաբերյալ Աշոտ Հարությունյանի հայտարարությունն իրականությանը չի համապատասխանում. դրանով նա ուղղակի նպատակ է հետապնդում զերծ մնալ քրեական պատասխանատվությունից կամ խուսափել ավելի խիստ պատիժ նախատեսող հոդվածի սանկցիայով դատապարտվելուց:
Հիշեցնենք, որ օգոստոսի 26-ի նիստում ոստիկանության Չարենցավանի քրեականի նախկին պետ Աշոտ Հարությունյանը հայտարարել էր, թե Հատուկ քննչական ծառայությունը «ուղղակի ճնշում է գործադրել» ամբաստանյալներ Գարիկ Դավթյանի եւ Գագիկ Ղազարյանի վրա, որ «եթե սենց չանեք, դուք էլ կկալանավորվեք»:
Չարենցավանի ոստիկանության քրեական բաժանմունքի նախկին պետը հայտարարեց, թե իրականությունը թաքցնելու նպատակով Հատուկ քննչական ծառայությունը փորձել է գործարքի մեջ մտնել նաեւ իր հետ` առաջարկելով ցուցմունք տալ իր ղեկավարների դեմ:
Աղբյուրը՝ http://www.lragir.am/armsrc/country38032.html