ՀՀ հատուկ քննչական ծառայությունը մերժեց Խաչիկ Ասրյանի դեմ քրեական գործ հարուցելու մասին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի դիմումը
13:24, November 11, 2013 | Նորություններ, Սեփական լրատվություն | Ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք, Անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունքԻնչպես արդեն տեղեկացրել էինք Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ՀՀ գլխավոր դատախազին հանցագործության մասին հաղորդում էր ուղարկել, որով խնդրել էր ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի հատկանիշներով հարուցել քրեական գործ և ՀՀ երիտասարդության և սպորտի հարցերի նախարարի տեղակալ Խաչիկ Ասրյանին ենթարկել պատասխանատվության վերջինիս կողմից 2013 թ. հոկտեմբերի 10-ին «Yerkir.am» լրատվական կայքում հրապարակված հայտարարությամբ ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանին և նրա հարազատներին ուղղված բռնության սպառնալիքներ տալու համար:
2013 թ. նոյեմբերի 6-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ստացավ հանցագործության մասին հաղորդման պատասխանը: ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչ, արդարադատության առաջին դասի խորհրդական Մ. Ա. Բաբայանը ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի դիմումի հիման վրա պատրաստել էր նյութեր և որոշել քրեական գործի հարուցումը մերժել՝ Խաչիկ Մայիսի Ասրյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմի բացակայության հիմքով:
Կայացրած որոշմանը որպես հիմնավորում նշվում է, որ սպառնական հայտարարությունից ընդամենը ժամեր անց՝ 2013 թ. հոկտեմբերի 11-ին (հարկ է նշել որ նախորդ հայտարարությունը արվել էր նախորդ օրը՝ հոկտեմբերի 10-ին) Խաչիկ Ասրյանը՝ պարզաբանելով իր արտահայտած միտքը, զանգվածային լրատվության միջոցներով նոր հայտարարություն է տարածել, որում բառացիորեն նշել է. «Հայտնում եմ, որ Զարուհի Փոստանջյանին խարույկի վրա այրելու վերաբերյալ հեղինակավոր էլեկտրոնային yerkir.am կայքում արտահայտած իմ խոսքերը բացառապես փոխաբերական իմաստ են արտահայտել: Զարուհի Փոստանջյանի մեջ հայոց պետականության հանդեպ ունեցած իրենց կենսական և կենցաղային ատելությունը վերացնելու և ընդհանուր առմամբ՝ Զարուհի Փոստանջյանին սթափեցնելու, այլ պարագաներում նույնպես, նմանատիպ սխալներ չկրկնելու համար: Խոսքերիս չափազանց խստությունը աննպատակ չի եղել, քանզի ես նկատի եմ ունեցել խարույկի վրա այրել ոչ թե Զարուհի Փոստանջյանի ֆիզիկական մարմինը, այլ նրա կատարած արարքը, երևույթը»:
ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչ, արդարադատության առաջին դասի խորհրդական Մ. Ա. Բաբայանի կայացրած որոշումն ամբողջությամբ կարող եք տեսնել այստեղ:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը պատրաստվում է այս որոշումը բողոքարկել ՀՀ գլխավոր դատախազին: