ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հայ վարորդի հարցով կդիմի ՌԴ իշխանություններին
14:30, July 16, 2013 | ՀայտարարություններԵրեկվանից մամուլն ու սոցիալական ցանցերը հեղեղված են Հայաստանի քաղաքացի Հրաչյա Հարությունյանի մասին նյութերով: Կարելի է ասել, որ հայ հանրությանը ավելի շատ ալեկոծել է ոչ թե այն, որ ՀՀ քաղաքացուն հետաքննության պահանջով բժիշկները դուրս են բերել դեղորայքային քնից՝ եւ ներկայացրել դատարան, որքան այն փաստը, որ ամբաստանյալին ծաղկավոր խալաթով տարել են դատարան՝ ըստ էության վիրավորելով նրա արժանապատվությունը:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հայտարարում է, որ սա միանշանակ մարդու իրավունքների եւ արժանապատվության ոտնահարում է դատական ատյանում, շատ կոպիտ խախտում է, կանխակալ վերաբերմունքի դրսեւորում եւ ՀՀ իշխանությունների կողմից այս քայլը պետք է ադեկվատ պատասխան ստանա, այլապես ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ինքը կդիմի ՌԴ իշխանություններին:
«Ռուսաստանի կամ Հայաստանի իրավական համակարգերի դեպքում , հատկապես Ռուսաստանում այս վերջին մեկ-երկու տարիների ընթացքում իրավապաշտպանների նկատմամբ ոտնձգությունները, ամբաստանյալների նկատմամբ ոտնձգությունները ընդունված են եւ սովորական… Բայց խնդիրը քաղաքական դիրքորոշում ունի: ՀՀ իշխանությունները ուղղակի պարտավորություն ունեն իրենց քաղաքացու նկատմամբ վատ վերաբերմունքի փաստով պահանջներ ներկայացնել ՌԴ իշխանություններին: Թե՛ արտգործնախարարության միջոցով, թե՛ արդարադատության նախարարության, թե գլխավոր դատախազության միջոցով քայլեր պետք է արվեն: Քայլեր պետք է ձեռնարկվի նաեւ այդ անձին պատշաճ իրավական օգնություն ցույց տալու առումով: Ճիշտ է, նա մեղադրվում է ավտովթարի առաջացման մեջ, բայց ավտովթարների առաջացման տարբեր պատճառներ կարող են լինել եւ բազմակողմանի քննություն պետք է ապահովվի: Այստեղ առաջին հերթին հարց պետք է դնել Հայաստանի Հանրապետության իշխանությունների առջեւ: ՀՀ-ն հանդիսանում է ԱՊՀ անդամ եւ ունենք բազմաթիվ պայմանագրեր, եւ այդ պայմանագրերի ուժով Հայաստանը գործընկեր պետության առջեւ հարց պետք է բարձրացնի, որ նման վերաբերմունքը քաղաքացու նկատմամբ, անկախ ամեն ինչից, արդեն իսկ կանխակալ վերաբերմունք է եւ պետք է վերանայվի եւ նման վերաբերմունք ցույց տվողները, որոնք պատասխանատվություն են կրում մարդուն հիվանդասենյակից բերելու եւ նման վիճակով նրան դատարան ներկայացնելու, դա պետք է լինի իշխանությունների համար առաջին խնդիրը: Մենք՝ որպես իրավապաշտպան կազմակերպություն, բնականաբար պահանջը պետք է դնենք իշխանությունների առջեւ: Եթե իշխանությունները չկատարեցին, մենք իհարկե պահանջ պետք է դնենք նաեւ ՌԴ իշխանությունների առջեւ: Ցավոք սրտի, դա տեղավորվում է այն տրամաբանության մեջ, որը ունեն ռուսական իշխանությունները, նրանց համար կապ չունի իրա քաղաքացին է, թե այլ երկրի քաղաքացիներ են, պարզապես դա ակնհայտ ուղղորդվածություն ունի»: