Մահվան ելքով այլ հոդված չկար
00:00, September 11, 2010 | Նորություններ | Արդար դատաքննության իրավունք, Խոշտանգումներից և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունք | ՈստիկանությունՈստիկանության Չարենցավանի բաժնում, ըստ պաշտոնական վարկածի, մահացած Վահան Խալաֆյանի գործով դատաքննությունը մոտենում է ավարտին, սակայն դեռևս դատարանը ձեռք չի բերել այնպիսի ապացույցներ, որոնք լույս կսփռեին հասարակության համար կասկած հարուցող ոստիկանության բաժնում տեղի ունեցած այս մահվան վրա և կփարատեին այդ կասկածները:
Թեև այս գործով գլխավոր մեղադրյալ Չարենցավանի ոստիկանության քրեական հետախուզության պետ Աշոտ Հարությունյանը, որոշ հայտրարություններ արել է դատարանում, որ տեղի ունեցածը ինքնասպանություն չէ, նկարագրել է մահվան սենյակում տեղի ունեցած որոշ հանգամանքներ, որոնք հիմնավոր կասկած են գցում Հատուկ քննչական ծառայության առաջ քաշած վարկածի վրա, այդուհանդերձ, ասվածը առավել հստակեցնելու և լրացնելու կարիքը կա, և կարծես թե այդ խնդրի լուծումը թողնված է հենց Աշոտ Հարությունյանի վրա: Վերջինս գիտակցում է այս իրողությունը և չի բացառվում, որ առաջիկայում նա դատարանում հանդես գա նոր հայտարարություններով:
Տպավորություն է, թե Խալաֆյանները ևս սպասում են նրա խոսքին:
Երեկվա դատական նիստում Աշոտ Հարությունյանը մի քանի հայտարարություններ արեց, որի ընթացքում Վահան Խալաֆյանի մայրը` Անահիտ Խալաֆյանը ռեպլիկներ էր նետում. «Անունը տուր, ասա ով ա»:
Նշենք նաև, որ դատավարության այս` ապացույցների հետազոտման փուլում Աշոտ Հարությունյանի հայտարարությունները հարց ու պատասխանի ենթակա չեն:
Աշոտ Հարությունյանը հայտարարեց, որ Մորիս Հայրապետյանը «ակնհայտ սուտ ցուցմունք է տվել, փորձելով իր մեղքը բարդել ինձ վրա: Ես նորից եմ կրկնում, որ Վահան Խալաֆյանը չի ստորագրել բերման ենթարկելու մասին արձանագրությունը, քանի որ նա մահացած է եղել և արձանագրությունը կազմվել է Վահան Խալաֆյանի մահվանից հետո,- հայտարարեց քրեական հետախուզության բաժնի պետը,- թող Մորիս Հայրապետյանը պատասխանի հարցին և հայտարարի, թե ով է իրեն կանչել աշխատասենյակ և հանձնարարել, որ էդ ժամով բերման արձանագրություն կազմի»:
Մորիս Հայրապետյանը, սակայն ինչպես և իր հասցեին հնչեցրած մյուս մեղադրանքներին, այս անգամ էլ չարձագանքեց:
Փաստաբան Սեդա Սաֆարյանն ասում է, որ խոսելու հերթը Մորիս Հայրապետյանինն է, քանի որ բերման ենթարկելու մասին արձանագրություն կազմելը հենց նրա պարտականությունն է. «Բացի այն, որ գրելը նրա պարտականությունն է եղել, մենք նաև հայտնաբերում ենք, որ այն Խալաֆյանի մահից հետո է կազմվել և այլ անձ է եղել դրա թելադրողը, ուրեմն ինքը պիտի ասի, թե ով է թելադրողը,- համոզված է փաստաբանը,- եթե Աշոտ Հարությունյանն ասում է, որ ինքը հանձնարարություն չի տվել, ուրեմն մնում են Տոնոյանն ու Հեբոյանը, այլ մարդ չէր կարող ուղղորդել»:
Սակայն Մորիս Հայրապետյանը լուռ է ձկան նման և ըստ ամենայնի առաջիկայում ևս չի խոսի:
«Թող ասի Սամվելն ա, թե մյուս շները, ինձ համար մեկ ա է, թող ասի ով ա», Մորիս Հայրապետյանին թելադրողի հետ կապված ասում է Անահիտ Խալաֆյանը:
Աշոտ Հարությունյանի երեկվա բոլոր հայտարարությունները վերաբերում էին դատարանում հրապարակված փաստաթղթերին` փորձաքննություններին ու կատարված տեղազննությունների արձանագրություններին:
Նա ևս մեկ անգամ անդրադարձավ Վահան Խալաֆյանի մահվանից հետո առաջ քաշած «ինքնասպանության» վարկածին. «ես ձեր ուշադրությունն եմ հրավիրում այն հանգամանքի վրա, որ դեռևս որևէ բացատրություն ու հիմք չունենալով, արդեն իսկ հարուցվում է քրեական գործ նշված հոդվածով: Ինչո՞ւ հենց այդ հոդվածով,- հարցնում էր Հարությունյանը,- մահվան ելքով այլ հոդված չկար: Ես հայտարարում եմ, որ նախաքննությունն ի սկզբանե եղել է ուղղորդված իրենց ձեռնտու սցենարով, որպեսզի հանկարծ դուրս չգան ինքնասպանության վարկածի շրջանակներից»:
Անդրադառնալով դեպքի վայրի` տեղազննության արձանագրությանը, Աշոտ Հարությունյանը մեկ անգամ ևս նշեց, որ երբ ներս է մտել սենյակ, տեսել է Մորիս Հայրապետյանին` դանակը ձեռքին. «Մի քանի ժամ հետո, երբ կատարվում է դեպքի վայրի զննություն, մենք տեսնում ենք, որ դանակը բերում դնում են պահարանի մեջ, աթոռներն իրենց տեղում են…»:
Աշոտ Հարությունյանը կրկին դատարանի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ մահվան սենյակում գտնվող պահարանը բռնակ չունի և այն բացելու համար ժամանակ էր պետք. «Իսկ դա աննկատ թողնել ու անցնել` բացառվում է, քանի որ Մորիս Հայրապետյանը հենց Խալաֆյանի դիմաց է նստած եղել», հայտարարեց Աշոտ Հարությունյանը:
Աղբյուրը՝ http://www.lragir.am/armsrc/country38376.html
ԺԱՆՆԱ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ