Մամլո հաղորդագրություն
00:00, May 6, 2008 | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներՀայաստանում զորակոչի ընթացքում մարդու իրավունքների խախտումների մասին համալիր ուսումնասիրություն մինչ այժմ չի իրականացվել: Զինակոչիկներն ու նրանց ընտանիքները բավարար կերպով տեղյակ չեն զորակոչի ընթացքում իրենց իրավունքների մասին: Հասարակության կողմից զինված ուժերը ընկալվում են որպես անվերահսկելի ու փակ համակարգ:
2008թ. ապրիլի 1-ից «Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» hասարակական կազմակերպությունն իրականացնում է «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՁԵւԱՎՈՐՈՒՄԸ ԶՈՐԱԿՈՉԻ ՆԿԱՏՄԱՄԲ» ծրագիրը:
Այն նպատակ ունի ձեւավորել քաղաքացիական վերահսկողություն զինված ուժերի նկատմամբ՝ Լոռու մարզում գարնանային եւ աշնանային զորակոչի ընթացքում մարդու իրավունքների խախտումների ուսումնասիրության միջոցով:
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է բարձրացնել զինակոչիկների եւ նրանց ընտանիքների իրազեկման մակարդակը իրենց իրավունքների վերաբերյալ եւ վեր հանել Լոռու մարզի Վանաձոր, Ալավերդի, Տաշիր, Ստեփանավան եւ Սպիտակ քաղաքներում զորակոչի ընթացքում առաջացող խնդիրները: Մարզի քաղաքներ այցելության ընթացքում անվճար իրավաբանական խորհրդատվություն կտրամադրվի զինակոչիկներին ու նրանց հարազատներին իրենց իրավունքների վերաբերյալ:
Զինակոչիկներին ու նրանց ընտանիքներին խորհրդատվություն կտրամադրվի նաեւ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակում:
Մանրամասների համար կարող եք դիմել ՀՔԱ Վանաձորի գրասենյակ:
Հասցե՝
ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 59,
հեռ. 0322 4 22 68 կամ 091 200971, 093 820632
Էլ. հասցե՝ hcav@hcav.am; asakunts@hcav.am
Ինտերնետային էջ՝ http://www.hcav.am