Մատաղիսի գործով արդարացվածներն ընդդեմ Գագիկ Ջհանգիրյանի գործով վճռի հրապարակում
13:41, July 15, 2013 | Նորություններ | Արդար դատաքննության իրավունք2013 թ. հուլիսի 16-ին՝ ժամը 17:00-ին, Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կհրապարակվի Մատաղիսի գործով արդարացվածներն ընդդեմ Գագիկ Ջհանգիրյանի գործով վճիռը:
Հիշեցնենք, որ Արայիկ Զալյանը, Մուսա Սերոբյանը և Ռազմիկ Սարգսյանը պահանջում են Գագիկ Ջհանգիրյանից հատուցել իրենց պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասը և հրապարակային ներողություն խնդրել:
Հայցադիմումի համար հիմք է հանդիսացել 2012 թ. դեկտեմբերի 18-ին Մատաղիսի գործով ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացված արդարացման դատավճռից հետո Գագիկ Ջհանգիրյանի կողմից տրված հարցազրույցը: Մատաղիսի գործի շրջանակներում Արայիկ Զալյանը, Մուսա Սերոբյանը և Ռազմիկ Սարգսյանը տարիներ շարունակ մեղադրվել են չկատարած հանցագործության մեջ:
Զանգվածային լրատվական միջոցների լրագրողներին տված հարցազրույցի ընթացքում Գագիկ Ջհանգիրյանը հայտնել է. «Մարդասպանները պետք է նստեն, ես մնում եմ իմ կարծիքին», «Դրանք մարդասպան են», «Դրանք մարդասպաններ են և պետք է դատվեն, ես չեմ փոխել իմ կարծիքը»:
«Գագիկ Ջհանգիրյանն իր արտահայտություններով նպատակ է ունեցել արատավորելու Արայիկ Զալյանի, Մուսա Սերոբյանի և Ռազմիկ Սարգսյանի պատիվն ու արժանապատվությունը, ինչպես նաև խախտել է նրանց անմեղության կանխավարկածը՝ միտում ունենալով բացասական տպավորություն ստեղծել»,-նշված է հայցադիմումի մեջ:
Արայիկ Զալյանը, Մուսա Սերոբյանը և Ռազմիկ Սարգսյանը պահանջում են վիրավորանք հասցնելու համար Գագիկ Ջհանգիրյանին պարտավորեցնել հրապարակային ներողություն խնդրել, հօգուտ իրենց բռնագանձել 300.000 ՀՀ դրամ վիրավորանք հասցնելու և 300.000 ՀՀ դրամ զրպարտելու համար, ինչպես նաև ճանաչել Արայիկ Զալյանի, Մուսա Սերոբյանի և Ռազմիկ Սարգսյանի անմեղության կանխավարկածի իրավունքի խախտման փաստը: