Միջնորդեցին կարճել զինվորի մահվան գործը
08:32, November 12, 2013 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Արդար դատաքննության իրավունք, Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ | Զինված ուժերԺամկետային զինծառայող Հայկ Խաչատրյանի մահվան մեջ մեղադրվող` Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ Միքայել Միքայելյանը և հոսպիտալի նյարդաբանական բաժանմունքի պետ Մինաս Մկրտչյանը ցանկանում են համաներման ակտով խուսափել պատժից: Այս մասին այսօր Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանում հայտնեցին երկու ամբաստանյալները և նրանց պաշտպանները:
Մ. Միքայելյանի պաշտպան, փաստաբան Վարդուհի Էլբակյանը հայտնեց, որ իր պաշտպանյալն անմեղ է, և որ նրա նկատմամբ դատարանն արդարացման դատավճիռ է կայացնելու, սակայն, քանի որ Միքայելյանը խնդրել է, որ այս գործը համաներման ակտով կարճվի, ինքը միանում է նրա որոշմանը և միջնորդում կարճել գործի վարույթը:
«Ինձ համար շատ դժվար է ամեն անգամ այդ անեծքների տարափը լսել (խմբ. նկատի ունի տուժողի իրավահաջորդ Մովսես Խաչատրյանին)»,- ասաց փաստաբանը:
Նմանատիպ միջնորդությամբ հանդես եկավ նաեւ Մինաս Մկտրտչյանի պաշտպան Լևոն Պողոսյանը, որն, իր հերթին, հայտնեց, որ իր վստահորդը հորդորել է կարճել գործը, քանի որ տուժողի իրավահաջորդի կողմից աննորմալ վերաբերմունք է տեսնում:
Նշենք, որ Մովսես Խաչատրյանն իր ագրեսիվ պահվածքով աչքի է ընկել դատաքննության առաջին իսկ օրից, և, բնականաբար, փաստաբանների համար մահացածի հոր վերաբերմունքը նորություն չէր:
Ի դեպ` մինչ պաշտպանների` վերոհիշյալ բովանդակությամբ միջնորդությունների ներկայացումը, նիստերի դահլիճը լքել էին տուժողի իրավահաջորդն ու նրա ներկայացուցիչ Մուշեղ Շուշանյանը: Վերջինս yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց, որ, ծանոթանալով լրացուցիչ փորձաքննության եզրակացությանը, համոզվել են, որ այնտեղ առաջ քաշված հարցերի մեծ մասին փորձագետներն անհիմն պատասխաններ են տվել, և որ նման փորձաքննության անցկացումը դատարանին անհրաժեշտ էր երկու ամբաստանյալներին քրեական պատասխանատվությունից ազատելու կամ համեմատաբար մեղմ պատժաչափ նշանակելու, իսկ զինվորի մահվան մեջ մեղավոր այլ անձանց (խոսքը գործում որպես վկա ներգրավված բժիշկների մասին է), որոնց մեղադրանք չի առաջադրվել, քրեական պատասխանատվությունից ազատելու համար: «Մեր կողմից անինքնասիրության դրսևորում կլիներ այսքանից հետո մասնակցել նիստին»,- ասաց փաստաբանը:
Շուշանյանը հայտնեց նաև, որ իրենք այլևս չեն մասնակցելու այս գործով դատավարությանը, իսկ այս ամենը վերլուծելուց հետո գրավոր կներկայացնեն իրենց պաշտպանական ճառը:
Փաստաբանի և նրա վստահորդի այս քայլը նիստը նախագահող դատավար Վլադիմիր Գրիգորյանը որակեց որպես ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 314 հոդվածի խախտում, քանի որ, ըստ դատավորի, նրանք առանց զգուշացման դահլիճը լքելու իրավունք չունեին: Այսօրվա դատական նիստին գործով դատախազը միջնորդեց լրացուցիչ հարցում ուղարկել` պարզելու` արդյո՞ք ամբաստանյալները նախկինում դատվածություն ունեցել են, և եթեէ այո, ապա նրանց նկատմամբ վերջին 10 տարվա ընթացքում համաներում կիրառվե՞լ է, թե՞ ոչ:
Դատավորը բավարարեց այս միջնորդությունը և առաջարկեց հաջորդ դատական նիստին լրացուցիչ հարցաքննության հրավիրել Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի գլխավոր բժիշկ, փորձագետ Արա Ասոյանին` լրացուցիչ փորձաքննության վերաբերյալ կարծիք հայտնելու համար: Իսկ ամբաստանյալների և նրանց պաշտպանների` համաներմամբ գործը կարճելու վերաբերյալ միջնորդություններն առայժմ թողեց առանց քննության: Հաջորդ դատական նիստը նշանակվեց նոյեմբերի 27-ին:
Աղբյուրը՝ http://www.yerkir.am/am/news/58045.htm