Մխիթար Սարգսյանին ինքնասպանության հասցնելու գործը կասեցվել է մեղադրյալի հայտնի չլինելու պատճառով. փաստաբան
17:15, August 18, 2016 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում այս տարվա մարտի 1-ին կալանավոր Մխիթար Սարգսյանին ինքնասպանության հասցնելու հոդվածով հարուցված քրեական գործը կասեցվել է մեղադրյալի հայտնի չլինելու պատճառով: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Տաթեւիկ Սիրադեղյանը:
«Քրեական գործը հարուցվել էր ինքնասպանության հասցնելու հոդվածով, կասեցրել են: Հիմնավորվել է, որ ինչ-որ մեկը հասցրել է ինքնասպանության, բայց թե ով, հայտնի չէ»,- ասաց փաստաբանը:
Տաթեւիկ Սիրադեղյանը նշեց, որ դատաբժշկական փորձաքննությամբ հաստատվել է, որ մահը վրա է հասել կախվելու հետեւանքով, փորձագետը նշել է, որ Մխիթար Սարգսյանը կարող էր ինքը կախել իրեն, կամ կարող էին նրան կախել:
Մխիթար Սարգսյանի մարմնի վրա վնասվածքներ են հայտնաբերվել, որոնք առաջացել են կենդանության օրոք:
Մխիթար Սարգսյանի կինը չի հավատում, որ ամուսինն ինքնասպան է եղել: Նա ամուսնու հետ դեպքից ժամեր առաջ է խոսել: Ամուսինը պատմել է, որ իրեն ճնշում են, ստիպում են խոստովանել, թե ծեծել է կալանավորվածներից մեկին, սակայն չի արել: Կինը կասկածներ ունի, որ ամուսնուն սպանել են հենց այդ բանի համար:
Մխիթար Սարգսյանը 1 ամիս 3 օր ժամկետով ազատազրկման էր դատապարտվել իր որդու ընկերոջը՝ 12-ամյա Մարտինին ծեծելու համար: Մարտի 1-ին նրան կախված էին գտել ՔԿՀ-ի լոգարանում: Նրա պատժաժամկետը մի քանի օրից լրանալու էր:
Աղբյուրը՝ news.am