Նիկոլ Փաշինյանի ներկայացրած փաստարկների արդյունքում Հայկ Գևորգյանը ազատ արձակվեց. Ա. Սաքունց
07:33, February 6, 2012 | ՆորություններՆիկոլ Փաշինյանի ներկայացրած փաստարկների արդյունքում Հայկ Գևորգյանը ազատ արձակվեց: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Հելսինկյան ասոցիացիայի Վանաձորի գրասենյակի նախագահ, իրավապաշտպան Արթուր Սաքունցը` մեկնաբանելով «Հայկական ժամանակ» օրաթերթի թողարկման պատասխանատու Հայկ Գևորգյանի ազատ արձակման պատճառները:
Ըստ իրավապաշտպանի` հայտնի լրագրողի ազատարձակման պատճառ հանդիսացան ճնշումները: «Երեկ ասուլիսի ընթացքում «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի ներկայացրած փաստերը` ձայնագրությունները, շատ ծանրակշիռ էին: Ոստիկանությունը չէր պատկերացնում, որ օրաթերթը զուգահեռ լրագրողական քննություն կանցկացնի, որի շնորհիվ իրենց կեղծիքները կբացահայտվեն: Իրավական փաստարկները լուրջ ազդեցություն ունեցան»,- նշեց Արթուր Սաքունցը` գնահատելով նաև խնդրի շուրջ բարձրացած քաղաքական և քաղաքացիական ալիքը: Իրավապաշտպանի համոզմամբ` Հայկ Գևորգյանի դեմ շինծու մեղադրանք էր հարուցված, որը կազմված էր սովետական մենթական մտածելակերպով:
Արթուր Սաքունցը զարմանալի համարեց խնդրի բարձրացումը ՀՀԿ կանանց և կոալիցիայի առանձին դեպուտատների կողմից: Նա քաղաքական մի քանի գործիչների դիրքորոշումը խնդրի վերաբերյալ շատ հստակ համարեց: «Իրավական տեսակետից հիմնավորումները ծանրակշիռ էին: Բայց հիմա հաջորդ հարցն է, թե հետագայում ինչպիսի իրավական գնահատականներ կլինեն: Շատ հարցեր կան, որոնք պետք է պատասխան ստանան, այսինքն` սրանով գործը չավարտվեց: Ես կարծում եմ, որ պետք է հետամուտ լինել, որ ապօրինություններ թույլ տվածները պատասխանատվության ենթարկվեն»,- նշեց իրավապաշտպան Արթուր Սաքունցը` կարծիք հայտնելով, որ ՀՀ նախագահը նույնպես պետք է հրապարակայնորեն իր կարծիքն արտահայտի:
Հիշեցնենք, որ օրեր առաջ կալանավորվեց «Հայկական ժամանակ» օրաթերթի թողարկման պատասխանատու Հայկ Գևորգյանը, որից հետո հաղորդվեց, թե իբր Հայկ Գևորգյանը մարդու է վրաերթի ենթարկել, դեպքի վայրից փախել և գտնվել փախուստի մեջ, այն դեպքում, երբ նա ազատ իր լրագրողական գործունեությունն էր ծավալում նաև հավատարմագրում պահանջող կառույցներում:
Այսօր նա ստորագրությամբ ազատ արձակվեց Նուբարաշեն ՔՀԿ-ից: