Շանթ Հարությունյանի դատերին անհնազանդության ակցիաներ կլինեն. Արթուր Սաքունց
17:56, March 27, 2014 | Նորություններ, Սեփական լրատվություն | Արդար դատաքննության իրավունք, Խոշտանգումներից և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունք | Քաղբանտարկյալներ«Եթե իշխանությունը խելքը գլուխը չհավաքեց և չհրաժարվեց մեղադրանքից, ամեն դատական նիստը կվերածվի քաղաքացիական անհնազանդության ակցիայի: Սա մեր հրապարակային մարտահրավերն է»,- այսօր «Մեդիա կենտրոնում» հրավիրված «Շանթ Հարությունյանը և նրա ընկերները` արդեն 5 ամիս քաղբանտարկյալներ» թեմայով ասուլիսի ընթացքում հայտարարել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:
Ա. Սաքունցը նաև հավելեց, որ «Շանթ Հարությունյանին 5 ամիս ապօրինի կալանքի տակ պահող նախաքննական մարմինը բացարձակապես որևէ քննչական գործողություն չի կատարել, բացի որևէ ցուցմունք չտված Շանթին համոզելուց, որ իր մահակից գուցե խփել է որևէ ոստիկանի, գուցե չի նկատել, բայց դիպել է», նա նաև ավելացրեց, որ եթե ոստիկանությունն ունենար հիմքեր, կպահանջեր Շանթ Հարությունյանից և նրա ընկերներից դադարեցնել նստացույցը: Եթե ունեցել են այդ հիմքերը, բայց չեն հայտնել, նշանակում է, ոստիկանության աշխատակիցները ակնհայտ սադրիչ գործողություններ են իրականացրել: Ոստիկանությունը չունի որևէ հիմնավորում, այդ պայթուցիկ նյութերը, որպես այդպիսին, չեն հանդիսանում պայթուցիկ նյութեր:
Շանթ Հարությունյանին առաջադրված մեղադրանքը հանելու փոխարեն` հայտարարվում է, որ շուտով նախաքննության ավարտ կհայտարարվի: Այս մասին րագրողներին ասաց Շանթ Հարությունյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը: Նա նշեց, որ Շ. Հարությունյանի արարքում բացակայում է նրան առաջադրված հոդվածով հանցակազմը, առաջադրված մեղադրանքն անհիմն է, սակայն արդեն հինգ ամիս է՝ նա գտնվում է անազատության մեջ: Ինեսսա Պետրոսյանն ասաց, որ Շ. Հարությունյանին մեղադրանք առաջադրելը պայմանավորված է միայն նրա անհնազանդության հետ: Նա նշեց, որ Շ. Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել իշխանության նրկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար, սակայն նույնիսկ նախաքննության մարմինն է ընդունում, որ «տուժողը» ոստիկականական համազգեստով չի եղել:
Պաշտպանի խոսքով՝ Շ. Հարությունյանը երթի դուրս գալուց առաջ էլ նախազգուշացրել է ոստիկաններին, որ սադրանքներ չլինեն, քանի որ տեղակացված է եղել, որ արդեն իրենց դեմ որոշակի գործողություն է նախապատրաստվում, կան սադրիչներ: Անդրադառնալով մամուլում տարածված այն տեղեկատվությանը, որ Շանթ Հարությունյանի և նրա ընկերների մեղադրանքը կմեղմացվեն՝ Ինեսսա Պետրոսյանն ասաց, որ նախորդ շաբաթ քննչը զանգահարել է և ասել, որ Շ. Հարությունյանի հետ քննչական գործողություն է նախատեսվում, սակայն հետագայում պարզվել է, որ քննչական գործողության անցկացումը հետաձգվել է, իսկ մեղադրանքի փոփոխության մասին որևէ հստակ տեղեկություն չի հայտնվում:
Շանթ Հարությունյանի և նրա ընկերների գործով նախաքննությունն ընթանում է տենդենցիոզությամբ, և ավելին, նախաքննական մարմնի անկախությունը հարցականի տակ է: Այդ մասին հանդիպման ժամանակ հայտարարեց Շանթ Հարությունյանի հետ միասին նոյեմբերի 5-ի դեպքերից հետո կալանավորված Միսակ Առաքելյանի պաշտպան Հովհաննես Քոչարյանը, ով ի դեպ, ՀՀ ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչության նախկին պետն է եղել:
«Ինքներդ պատկերացրեք` դեպքը կատարվում է ոստիկանների մասնակցությամբ, ըստ նախաքննական մարմնի, տղաների գործողության արդյունքում տուժել են ոստիկաններ, որոնք ստացել են մարմնական վնասվածքներ և հիմա ով է քննում քրեական գործը, ոստիկանությունը: Այսինքն` տուժողները ոստիկաններն են, քրեական գործի նախաքննությունն իրականացնում է ոստիկանությունը: Ես կարծում եմ, որ այս պարագայում օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննության մասին խոսք լինել չի կարող», -հայտարարեց Հովհաննես Քոչարյանը:
Արթուր Սաքունցը նաև հայտնեց, որ դիմել են միջազգային կառույցներին, ՄԱԿ-ի տարբեր մարմիններին` քաղբանտարկյալներին կալանքից ազատելու և արդար նախաքննություն ապահովելու համար: Սաքունցի պնդմամբ` կատարվածում մեղավոր են ՀՀ իշխանությունները, որոնք ապօրինաբար պատժում են այս քաղաքացիներին` ՄՄ անդամակցմանը դեմ գնալու և իրենց իրավունքերը պաշտպանելու համար: «ՀՀ իշխանությունները պետք է պատասխան տան Քրեական օրենսգիրքն իրենց նպատակներին ծառայեցնելու համար»,- ընդգծեց Սաքունցը:
Այս մասին այլ նյութեր՝ 168.am, nyut.am, pressident.am, http://www.iarmenians.com/, panorama.am, pastinfo.am, nyut.am, aysor.am, 168.am, www.a1plus.am