Շարունակվում է «Արաբկիր» ԲԿ-ում մահացած մանկահասակ Լիա Միսակյանի գործով դատաքննությունը
18:28, March 28, 2014 | Նորություններ, Սեփական լրատվություն | Արդար դատաքննության իրավունք, Երեխաների իրավունքներ2014 թ. մարտի 27-ին ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում վերսկսվեց Լիա Միսակյանի մահվան դեպքի առթիվ Լիլիթ Վարդանյանի և Զարինե Այվազյանի նկատմամբ հարուցված քրեական գործով դատաքննությունը և շարունակվեց գործով դատակոչված վկաների հարցաքննությունը: Դատաքննության ընթացքում հարցաքննվեցին «Արաբկիր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Աշոտ Բուդաղյանը և նույն բժշկական կենտրոնի մանկաբույժ Իրինա Մամյանը:
Վերակենդանացման բաժանմունքի վարիչ Ա. Բուդաղյանը հայտնեց, որ 2013 թ. հունվարի 2-ին ժամը 22:00-ից 22:30-ն ընկած ժամանակահատվածում Լիա Միսակյանն կլինիկական մահով ընդունվել է վերակենդանացման բաժանմունք, բժշիկները կատարել են վերակենդանացման միջոցառումներ, սակայն մեկ ժամ անց գրանցվել է երեխայի մահ: Ընդ որում, վերակենդանացման միջոցառումների իրականացման ընթացքում Լիա Միսակյանի շնչառության և սրտի աշխատանքը չեն վերականգնվել: Վկան հարցաքննության ընթացքում նախ հայտնեց, որ հետագայում տեղեկացվել է, որ երեխայի վիճակը եղել է կայուն ծանր, ապա ասաց, որ երեխայի վիճակը եղել է կայուն, սակայն միջին ծանրության: Ընդ որում, միջին ծանրության վիճակի մասին տվյալները վերակենդանացման բաժանմունքի վարիչին հայտնի էին հիվանդության պատմագրում կատարված գրառումներից:
«Արաբկիր» ԲԿ-ի մանկաբույժ Իրինա Մամյանը ցացմունք տվեց այն մասին, որ 2013 թվականի հունվարի 2-ին առավոտյան 10:00-ի սահմաններում հերթափոխն ընդունել է բժշկուհի Զարինե Այվազյանից: Լիա Միսակյանի հիվանդասենյակ մտնելուց հետո երեխայի մոտ նկատել է դժվարաշնչություն և, մայրիկից տեղեկանալով երեխայի հիվանդության մասին, կատարվել է ռենտգեն, իսկ արյան անալիզի արդյունքներում շեղումներ լինելու պատճառով նշանակել է կրկնակի արյան անալիզ: Կրծաքավանդակի ռենտգեն հետազոտության պատասխանը ցույց է տվել, որ երեխայի մոտ առկա է թոքաբորբ, որի համար նշանակել է հակաբակտերիալ դեղամիջոց: Ի. Մամյանի հրավերով Լիա Միսակյանին զննել են վերակենդանացման բաժնի բժիշկը, օրվա հերթապահ վիրաբույժը, քիթ-կոկորդի բժիշկը, այնուհետև կատարվել է երեխայի բերանի խոռոչի մշակում: Հարցաքննության ընթացքում վկան հայտնեց, որ քանի որ Լիա Միսակյանի արյան մեջ լեյկոցիտների քանակը ցածր է եղել և ունեցել է բարձր ջերմություն, ամեն դեպքում պետք է նշանակվեին հակաբակտերիալ դեղամիջոցներ: Ի.Մամյանը հայտնեց, որ յուրաքանչյուր երեխա, երբ ընդունվում է «Արաբկիր» ԲԿ, հիվանդության պատմագիրը լրացվելուց հետո առաջինը կատարվում է արյան անալիզ, իսկ երեխայի լացը կամ մայրիկի բացակայությունը չեն կարող հիմք հանդիսանալ արյան անալիզ չվերցնելու համար: Բացի այդ, ըստ վկա Ի. Մամյանի, բուժքույրն արյան անալիզը չվերցնելու դեպքում պարտադիր պետք է տեղյակ պահեր բուժող բժշկին: Այնուամենայնիվ, բժշկուհի Ի. Մամյանը հայտնեց, որ եթե դեկտեմբերի 31-ին ինքը լիներ հերթապահ բժիշկը, կձեռնարկեր նույն գործողությունները, ինչ որ այդ օրվա հերթապահ մանկաբույժ Լ. Վարդանյանը:
Ամբաստանյալ Լ. Վարդանյանի փաստաբանը միջնորդեց դատական նիստը հետաձգել՝ մեկ այլ գործով նշանակված դատական նիստի մասնակցելու համար: Դատարանը բավարարեց միջնորդությունը և հետաձգեց դատական նիստը:
Սույն գործով հաջորդ դատական նիստը նշանակվեց 2014 թվականի ապրիլի 11-ին, ժամը 11:00-ին: