Ոչ ոքի չընտրելու տարբերակ. «բոլորին դեմ» կետը կքննարկվի գալիք ընտրությունների համար
13:19, May 10, 2012 | Նորություններ | Արդար դատաքննության իրավունք, Ընտրական իրավունքՄայիսի 6-ին Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրություններում ընտրողների զգալի մասը գիտակցաբար իրենց քվեն անվավեր էր դարձրել` ցույց տալով, որ չեն աջակցում թեկնածուներից ոչ մեկին: Անբարյացակամության դրսևորումը պատճառ դարձավ, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտարարի, որ պատրաստ են քննարկելու քվեաթերթիկներում «բոլորին դեմ» կետը:
«Դա կդառնա այն առաջնային առաջարկություններից մեկը, որը կքննարկվի նոր կազմավորված Ազգային ժողովում և իրավական հիմք կստանա»,- ասել է Մուկուչյանը չորեքշաբթի լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Քվեաթերթիկներում «բոլորին դեմ» տողն ավելացնելու համար Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, ըստ նախագահ Արթուր Սաքունցի, դեռևս ընտրություններից առաջ դատական գործընթաց էր նախաձեռնել, սակայն վարչական դատարանը որոշում էր կայացրել, որ պահանջը հիմնավոր չէ:
Ընտրական օրենսգրքի համաձայն՝ «դեմ» տողն առկա է մեկ թեկնածու առաջադրված լինելու դեպքում, իսկ մեկից ավելիի դեպքում այդ կետն արդեն բացակայում է: Մինչդեռ, ըստ Սաքունցի՝ սա ընտրական իրավունքի հավասարության սկզբունքի խախտում է:
«Երբ ընտրողը զրկված է լինում «բոլորին դեմ» քվեարկելու տարբերակից, նա ստիպված է լինում որևէ մեկին կողմ քվեարկել, այսինքն` այս կետի բացակայությունը մարդու ազատ ընտրական կամքի արտահայտման սահմանափակում է»,- «ԱրմենիաՆաուի» հետ զրույցում ասում է Արթուր Սաքունցը:
«Իսկ եթե լիներ «բոլորին դեմ» կետը, այդ քվեաթերթիկներն անվավեր չէին ճանաչվի, և դա քաղաքական դաշտի վրա իր ազդեցությունը կունենար, քանի որ կուսակցություններն իրենց ծրագրերն ու մոտեցումները շատ ավելի կկատարելագործեին ու ընտրողների աջակցությունը ստանալու համար ջանքեր կգործադրեին»,- ասում է իրավապաշտպանը:
Սաքունցը նաև հավելել է, որ առաջիկա 6 ամիսների ընթացքում Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը դիմելու է Սահմանադրական դատարան՝ ընտրական օրենսգրքի այդ նորմի սահմանադրականության հարցը վիճարկելու համար:
Աղբյուրը՝ http://www.armenianow.com/hy/vote_2012/37992/central_election_commission_against_all_ballot