Չկա ավելի վատ բան, քան անորոշությունն է
14:14, July 4, 2013 | Նորություններ | Հակամարտություններից տուժածների իրավունքներԱնհայտ կորած զինծառայողների ծնողներն իրենց զավակների համար հուշաղբյուրներ են կառուցել, բայց միեւնույն ժամանակ վսհատ են, որ նրանք ողջ են
Վանաձորում արդեն ավանդույթ է դարձել ի պաշտոնե հիշել անհայտ կորած զինծառայողի օրը: Քաղաքային եւ մարզային իշխանությունները պարտավորության նման այցելում են անհայտ կորած զինվորի հուշարձանին, ծաղկեպսակներ դնում, զորակցության խոսքեր ասում, նաեւ դրամական պարգեւներ հանձնում հարազատներին: Այս տարի էլ Լոռու մարզպետարանը 17 անհայտ կորած զինծառայողների ընտանիքների դրամական աջակցություն ցուցաբերեց. «Միայն այդ օրը, ուղղակի ֆրագմատիկ հիշում են, կարեկցանքի ու զորակցության խոսքեր ասում, բայց այդ ընտանիքներին պարզ մարդկային ուշադրությունը միշտ է հարկավոր, թեեւ նրանց մեծ մասը սոցիալական ծանր պայմաններում են»,-ասում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի «Խաղաղասիրական բաժնի» համակարգող Արմինե Սադիկյանը:
Լոռու մարզից անհայտ կորած 20 զինծառայողներից 8-ը Վանաձորից են: Անհայտ կորած զինծառայողի հարազատներն ամենամեծ խնդիրը` փաստաթղթային որեւէ գործարքի համար կամ սոցիալական խնդիրները մեղմելու նպատակով, դատարանով հարազատին մահացած կամ զոհված համարելու միջոցով դրամական աջակցություն ստանալն են համարում. «Մի օր էլ անհայտ կորած զնվորի մորը հետմահու մեդալ են տալիս, նա ասում է շնորհակալություն, բայց ներքուստ վստահ է, որ իր որդին ողջ է: Ու ամեն անգամ արցունքն աչքերին հարազատին տեսնելիս, մտածում ես, թե ՀՀ կառավարությունը ինչու քայլ չի անում արդեն պատրաստ օրենքը ԱԺ տանելու»,-մտորում է Արմինե Սադիկյանը:
Անհայտ կորած զինծառայողների օրենքի նախագծի համար 3 տարի առաջ ՀՀ արտգործնախարարության նախաձեռնությամբ աշխատանքային խումբ ստեղծվեց, որտեղ ընդգրկված էին տարբեր գերատեսչություններից անդամներ` Ազգային անվտանգության, ՀՀ նախագահի աշխատակազմի, ԱԺ, ՄԻՊ գրասենյակի, ոստիկանության, առողջապահության, սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչներ. «Այսինքն` այն բոլոր կառույցները, որոնք անմիջական առնչություն ունեն անհայտ կորածի ընտանիքի աջակցության եւ միեւնույն ժամանակ անհայտ կորածի հայտնաբերման, նույնականացման հետ, եւ խնդիրների լուծման համար բոլորը ներգրավված էին»,- ասում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:
Օրենքի նախագիծը դեռեւս անցած տարի ներկայացվել է միջգերատեսչական հանձնաժողովին, որն իր առարկություններն ու առաջարկությունները պետք է ներկայացնի, որից հետո կառավարությունն ու ապա ԱԺ-ն օրենքի ուժ տան, որով անհայտ կորածների իրավական կարգավիճակը կփոխվի, որի հիման վրա էլ կկազմակերպվեն պետության կողմից նրանց սոցիալական, առողջապահական, կրթական, ֆինանսական, հոգեբանական եւ այլ ծառայությունները. «Օրենքը պետության կողմից մարդասիրական սկզբունքների վավերականացման մեխանիզմ է, որի ընդունումը պարտավորություն է ոչ միայն իր քաղաքացիների հանդեպ, այլեւ քաղաքակիրթ աշխարհին կարող ես ասել, որ իրավական պետություն ես, իրավական մեխանիզմների շրջանակներում ես կարգավորում պետության գոծողությունները»,-գտնում է Ա.Սաքունցը:
Իրավապաշտպանն ասում է, որ հակամարտող կողմերի միջեւ միջնորդավորված բանակցություններ են ընթանում, չկա անմիջական շփման հնարավորություն, բայց նկատում է, որ մարդասիրական հարթության վրա լուծվող հարցերը միշտ երկրորդ պլան են մղվել` քաղաքականացվել են, կորուստներն են շահարկվել, սակայն հենց մարդասիրական հիմքի վրա հակամարտող կողմերի ներկայացուցիչները շատ ավելի հեշտ են լեզու գտնում. «Կոնֆլիկտի լուծման ճանապարհ է հանդիսանում հակամարտող կողմերի հասարակությունների միջեւ փոխադարձ վստահության ձեւավորումը»:
Եթե ժամանակին պաշտոնապես կատարվող միջոցառումներին ներկայացվում էր ռազմական որեւէ գործողություն` «Արաբո» ջոկատի եւ Շիկահողի 6-րդ գումարտակի անհայտ կորածների խնդիրը, որտեղից երեւում էր, թե ինչ ճակատագրի են արժանացել հայ զինվորները, ապա այժմ միջոցառումները սահմանափակվում են հարգանքի տուրք մատուցելով եւ հուշարձանին ծաղկեպասակներ դնելով: Իսկ ծնողները հստակություն են ուզում, նրանց հետաքրքրում է իրենց որդիների ճակատագրի ուսումնասիրման հարցը. «Սպասում ենք օրենքի ընդունմանը, որը ոչ միայն իրավաբանական, հոգեկան, սոցիալական շատ հարցեր կլուծի, այլեւ հնարավորություն կտա լուրջ ուսումնասիրության ենթարկել զինվորների՝ նման իրավիճակում հայտնվելու հարցը: Պետք է պետական մակարդակով ուսումնասիրվի եւ տեղեկատվություն տրամադրվի հարազատներին` սրանով իսկ ապահովելով նրանց տեղեկատվություն ստանալու իրավունքը: Զինծառայողներ կան, որ կորել են Հայաստանի սահմանում` հոսպիտալ տեղափոխելու ճանապարհին: Այս հարցերի պատասխանը միայն օրեքնով կարելի է տալ, ու չգիտենք, թե ինչու չի ընդունվում այն»,-ասում է Արմինե Սադիկյանը:
Սաքունցի կարծիքով՝ հարցի որոշակի շարժի համար պետք է հաղթահարել շղթայական կարծրատիպերը. «Եթե կարծրատիպերը հաղթահարում ես, բացառում ես ռազմական գործընթացները»: Օրենքի ընդունման հետաձգումը նա համարում է պետության կողմից պարտավորությունը կամ պարտականությունը չկատարելու միջոց:
Աղբյուրը՝ http://www.asparez.am/news-hy/chka_aveli_vat_ban_qan_anoroshutyunne-hy/#more-29835