Պետք է գնալ մինչեւ Եվրոդատարան
00:00, August 23, 2010Աբխազիայի տարածքով Ռուսաստանից Վրաստան անցնելու համար ՀՀ քաղաքացի Արման Ղազարյանը Վրաստանում դատապարտվել է մեկ տարի ազատազրկման։
Հիշեցնենք, որ Թբիլիսիում նրան հայտնաբերել էր Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը։ Վերջինս «Հետքի» հետ ունեցած զրույցի ընթացքում ներկայացրել է իր քաղաքական տեսակետը դեպքի կապակցությամբ և բերել իրավական հիմնավորումներ։
Անդրադառնալով Արմանի ձերբակալության իրավական հիմքերին՝ նա կարևորություն չի տալիս անձնագրի մեջ աբխազական կնիքի առկայությանը։
Եթե նույնիսկ կնիք չկա, դա ամենևին չի նշանակում, թե նա չի անցել աբխազական տարածքով։ Փաստ է, որ ելք է եղել Ռուսաստանից։ Անձնագրի մեջ համարակալված կնիքը նշում է, թե կոնկրետ որ սահմանակետով է անցել։ Կնիքի վրա նշված է լինում նաև տրանսպորտային ճանապարհը՝ ցամաքային, թե օդային։ Այս երկուսից պարզ է դառնում նաև ուղղությունը։ Եվ արդեն կարևոր չէ՝ Աբխազիայի սահմանին կնիք դրվել է, թե ոչ։Սաքունցն իրավական նշանակություն չի տալիս Արմանի կողմից ստորագրված հաշտարարագրին։
«Կապ չունի, որ նման հաշտարարագիր է ստորագրվել։ Դա ամենաաբսուրդ փաստաթուղթն է. այսինքն ես պարտավորագիր եմ ստորագրում, որով ինձ զրկում են խոսելու իրավունքից, ու դա ընդունվում է հիմք, որ ես խոսքի իրավունք չունե՞մ»,- համեմատում է։
Ապա իրավաբանը մեկնաբանում է վրաց իշխանությունների կողմից ընդունված օրենքը, որի՝ այս տարվա վեցերորդ զոհն է Արմանը։ Նախորդ տարի 9 նման դեպք է գրանցվել՝ ՀՀ քաղաքացիների նկատմամբ քրգործի հարուցման փաստով։
Այս իրավական ակտով, որն ընդունվել է Մ.Սահակաշվիլու օրոք, սահմանվում է՝ ռուս-վրացական սահմանը չթույլատրված տարածքներում ապօրինի հատելու համար ենթարկել քրեական հետապնդման՝ ազատազրկման ձևով կամ դրամական տուգանքի։ Չթույլատրված տարածքներ են Աբխազիան եւ Հարավային Օսեթիան։
Նշված տարածքներում Վրաստանը փաստացի վերահսկողություն չունի, բայց դրանք նա միանշանակ դիտում է իր պետության սահմանում։
Ըստ Սաքունցի՝ այս օրենքն ակնհայտ քաղաքական նշանակություն ունի։ Վրաստանի դիրքորոշումը հետևյալն է. եթե փաստացի վերահսկողություն չունի, ապա գոնե օրենքի միջոցով վերահսկելի դարձնի այդ տարածքները։ Իսկ դրանով նա քաղաքական խնդիր է լուծում՝ մեկուսացնում է Աբխազիան և Հարավային Օսեթիան։
«Գործ ունենք մի երևույթի հետ, երբ պետությունը փաստացի մի տարածքի նկատմամբ չունի վերահսկողություն, բայց նրա նկատմամբ օրենք ընդունելով՝ փորձ է անում վերահսկելի դարձնել այն։ Եթե պետությունը հնարավորություն չունի վերահսկելու իր ինչ-որ սահման, ապա չպետք է ունենա նաև քրեական հետապնդում իրականացնելու լիազորություն իր կողմից չվերահսկելի սահմանը հատելու համար»,-ասում է Ա.Սաքունցը:
Ըստ բանախոսի՝ այս օրենքը դեմ է Հելսինկյան պակտի սկզբունքներին։ Հելսինկյան պակտի կարևոր սկզբունքներից է կոնֆլիկտների լուծման խաղաղ կարգավորումը։ Սաքունցը համոզված է, որ մարդկանց միջև շփումները մեծացնում են կոնֆլիկտի խաղաղ կարգավորման հնարավորությունները։ Այնինչ Վրաստանն արգելափակման, մեկուսացման, պատժի ճանապարհն է ընտրել, ինչն ամենևին էլ չի նպաստում կոնֆլիկտի լուծմանը։
Նման օրենքով Վրաստանի իշխանություններն ակնհայտորեն խախտում են քաղաքացիների ազատ տեղաշարժման, արդար դատաքննության իրավունքները, ինչը դեմ է եվրոպական կոնվենցիայի սկզբունքներին։
«Այս իրավական ակտը ավելի շատ ռեպրեսիվ բնույթ ունի։ Քաղաքացին մնում է մեն-մենակ ռեպրեսիվ օրենքի հետ։ Օրենք ես ընդունում, գործողություն ես իրականացնում, բայց սա այն դեպքը չի. ոչ լրտեսություն է, ոչ ագրեսիա, ոչ վնաս է հասցվել Վրաստանի որևէ քաղաքացու կամ պետական մարմնի, ոչ սեփականության անձեռնմխելիություն է խախտվել, իրավունքի ինչ խախտում է թույլ տրվել։ Վրաստանն իր վրա ռեպրեսիվ ֆունկցիա է վերցրել՝ անհիմն, ապօրինի ազատազրկում է։ Մի թող, հետ տուր, դուրս վռնդիր, բայց դու ոչ թե կանխարգելում ես, այլ ազատազրկմամբ պատժում,-ասում է։-Բացի այդ, դու ընդունում ես ակտ ընդդեմ մարդկանց մի տարածքում, որը դեռ քաղաքական կարգավիճակի հետ կապված խնդիր ունի։ Նման տրամաբանությունը որևէ կերպ չի տեղավորվում Եվրախորհրդի մոտեցումների մեջ։ Մարդասիրական տեսակետից էլ չի տեղավորվում»։
Արմանի դեպքը Սաքունցն արտառոց է համարում, քանի որ Արմանն Աբխազիայից անցել է Վրաստան, ազատ տեղաշարժվել է ամբողջ Վրաստանի տարածքով և միայն Վրաստանից դուրս գալու ժամանակ է հարցը բարձրացվել։
Նա զարգացնում է հետևյալ տրամաբանությունը. Վրաստանի իշխանությունների կողմից երկրի սահմանը պետք է վերահսկվի անմիջականորեն վերահսկելի տարածքում, այս դեպքում՝ վրաց-աբխազական սահմանում։ Բայց ըստ նրա՝ եթե Վրաստանն իրականացնի նման վերահսկողություն, կնշանակի ճանաչում է այդ տարածքների ինքնուրույնությունը, որովհետև սահման է դնում։
«Գոնե այնպիսի իրավական ռեժիմ սահմանի, որ ոչ թե սահման դնի, այլ ասի՝ քանի որ ես փաստացիորեն չեմ կարողանում վերահսկել, այսքան տեղն եմ հսկողություն իրականացնում, բայց դա սահման չէ։ Բայց երբ քաղաքացին պատրաստվել է դուրս գալ Վրաստանից, ասել են՝ դու Վրաստանի տարածքը ապօրինի հատել ես. ակնհայտորեն անհեթեթություն է»,-վերլուծում է։
Սաքունցին զայրացնում է Հայաստանի իշխանությունների պասիվ հայեցողական դիրքորոշումը։
«Մեր իշխանությունները էնքան են վախեցած, էնքան են թույլիկ, որ որևէ քայլ չեն անում խնդրի լուծման ուղղությամբ։ Աշխարհաքաղաքական ասեմ, թե քաղաքական նպատակահարմարությունն ավելի բարձր են դասում, քան քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը։ Եթե ԱՄՆ-ի, Գերմանիայի, Նիդեռլանդների մի քաղաքացու հանդեպ որևիցե ոտնձգություն լինի, երկիրը չի կարող շահագրգիռ մոտեցում ցույց չտալ։ Իսկ մեր երկիրը որևէ քայլ չի անում իր քաղաքացիների ոտնահարված իրավունքների վերականգման ուղղությամբ»։
Առաջ քաշված խնդրի համար մարդու իրավունքների պաշտպանը հետևյալ լուծումն է առաջարկում. խնդիրը գոյություն ունի Եվրոպայի խորհրդի երկու անդամ պետությունների՝ Ռուսաստանի և Վրաստանի միջև է, բայց իրականում այն նաև Հայաստանի և Վրաստանի խնդիրն է։
Հայաստանի իշխանությունների կողմից խնդիրը պետք է բարձրացվի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում, ընդ որում՝ ոչ թե հայ-վրացական հարաբերությունների, այլ մարդու իրավունքների համատեքստում։
Դատարանի որոշումը, որով Արմանը մեղավոր է ճանաչվել, պետք է բողոքարկվի Վրաստանի վերադաս դատարաններում և հասցվի մինչև Եվրադատարան։ Այդ ընթացքում Արմանը գուցե արդեն ազատված լինի Գլդանից, բայց գոնե Եվրադատարանում քննարկման կդրվի հիշյալ օրենքն ու նրա անհամապատասխանությունը եվրոպական չափանիշներին։ Սաքունցի համոզմամբ՝ սա նախադեպի ստեղծելու միակ ձևն է։
Աղբյուրը՝ http://hetq.am/am/society/arman-ghazaryan-2/