Ջրծաղիկից մահացած զինծառայողի գործով լրացուցիչ դատաբժշկական փորձաքննություն կիրականացվի
13:27, March 26, 2014 | Նորություններ, Սեփական լրատվություն | Արդար դատաքննության իրավունք, Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ | Զինված ուժեր2014 թ. մարտի 25-ին ՀՀ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, նախագահությամբ դատավոր՝ Վ. Գրիգորյանի, շարունակվեց ջրծաղիկից մահացած զինծառայող Հայկ Խաչատրյանի գործով դատաքննությունը: Դատաքննության ընթացքում դատարանը հրապարակեց լրացուցիչ հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին որոշումը: Սույն որոշմամբ դատարանը փորձագետներին առաջադրել է 40 հարցադրում, որոնց կազմում ընդգրկված են նաև նախորդ հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության համար փորձագետներին առաջադրված հարցերը:
Նախորդ փորձաքննությանն առաջադրված հարցերի կրկնությունը դատարանը պարզաբանեց այն անհրաժեշտութունից ելնելով, որ նախորդ փորձաքննության եզրակացությունը գիտականորեն հիմնավորված չի եղել և, քանի որ այդ հարցերն առաջադրվել են գործով տուժողի իրավահաջորդի ու նրա ներկայացուցչի կողմից, դատարանը չի առանձնացրել դրանք և ներկայացրել է սկզբնական բառացի շարադրանքով: Նշված պատճառով, դատարանն իր որոշմամբ սահմանել է, որ փորձագետները կարող են առաջադրած հարցերը խմբավորել ըստ առանձին ոլորտների՝ բովանդակային անդրադարձ կատարելով դրանցից յուրաքանչյուրին:
Դատարանն իր որոշմամբ առաջարկել է փորձաքննության հանձնաժողովի կազմում ընդգրկել մասնագիտությամբ արյունաբան, վարակաբան և վիրաբույժ ինն առաջատար ու վաստակաշատ մասնագետների, ովքեր նախորդ փորձաքննությամբ չեն ներգրավել որպես փորձագետ:
Դատաքննության ընթացքում նախագահող դատավոր Վ. Գրիգորյանը հայտնեց, որ լրացուցիչ հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին որոշումը կուղարկվի կողմերին՝ լրացուցիչ հարցերի դեպքում միջնորդություն ներկայացնելու համար, ինչպես նաև ՀՀ առողջապահության նախարարին՝ հանձնաժողովի կազմի վերաբերյալ վերջնական հրաման արձակելու համար:
Այդքանով դատական նիստը համարվեց փակված և հետաձգեց անորոշ ժամկետով՝ մինչև նշանակված լրացուցիչ հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննությամբ եզրակացություն կայացնելը:
Այս մասին այլ նյութեր՝ pastinfo.am