Սաքունցը՝ պաշտոնանկությունների մասին. «Միեւնույն է՝ ինչ-որ մեկ այլ առիթ կգտնեին»
10:48, August 15, 2016 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ«Կատարվում են քայլեր, գործողություններ իշխանությունների կողմից, որոնց կատարման պատճառների մասին հանրությանը չեն իրազեկում»,- օգոստոսի 12-ին «Նոյյան տապան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը: Նա նշեց, որ հուլիսյան իրադարձությունները պետք չէ մեկուսի դիտարկել. «Անխուսափելի տրամաբանական կապ կա հուլիսյան իրադարձությունների եւ ապրիլյան պատերազմից հետո ստեղծված իրավիճակի միջեւ: Եթե հիշում եք այն ժամանակ՝ ապրիլյան պատերազմից հետո, պաշտպանության նախարարության բնագավառում նույնպես որոշակի կադրային փոփոխություններ կատարվեցին, այդ թվում նաեւ քրեական գործեր հարուցվեցին՝ վերստին հանրությանը չիրազեկելով դրանց պատճառների, հիմքերի մասին: Այսինքն՝ մենք գտնվում ենք պարբերաբար ինչ-որ ճգնաժամային իրավիճակներում, եւ այդ ճգնաժամային իրավիճակներում իշխանությունը կատարում է գործողություններ, որոնցից առավել ակնառու է այն, ինչ որ մարդիկ անմիջապես իրենց վրա են զգում՝ հանձինս բռնությունների, քրեական հետապնդումների կամ ապօրինի ազատազրկումների: Եթե ապրիլյան պատերազմի ժամանակ հանրությունը համախմբվեց եւ բավական լուրջ օգնություններ ցուցաբերեց, իշխանությունները կարծես ոչնչով չէին խոչընդոտում: Այս դեպքում, երբ որ նույն հանրությունը փորձում է դրամահավաք կազմակերպել հօգուտ որոշ մարդկանց, այդ թվում «Սասնա ծռերի» հարազատների աջակցության համար, այդտեղ խոչընդոտվում է»: Արթուր Սաքունցը հակված է մտածել, որ Աշոտ Կարապետյանին հեռացրել են համակարգից ոչ թե նրա համար, որ ապօրինություններ է կատարել. «Հակառակ դեպքում՝ մենք նման վերաբերմունք կտեսնեինք Լեւոն Երանոսյանի նկատմամբ: Դա իրապես երեւի թե կապված է իշխանության համակարգում ներքին հարաբերությունների պարզաբանումից: Դուրս է գալիս, որ հանրային պահանջները կամ նման ճգնաժամային իրավիճակները ընդամենը առիթ են ներիշխանական հարաբերություններում այն օգտագործելու եւ որոշակի փոխհարաբերություններում առկա խնդիրները լուծելու համար: Միեւնույն է՝ ինչ-որ մեկ այլ առիթ կգտնեին: Սա եւս խոսում է պետական ինստիտուտների ճգնաժամի մասին»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2016/08/12/725843/
© 1998 – 2016 Առավոտ – Լուրեր Հայաստանից