Վանաձորցի 13-ամյա Շահեն Հարությունյանը զրկվել է հաշմանդամության թոշակից
17:04, January 16, 2013 | Նորություններ | Տարեցների իրավունքներՎանաձորցի 13-ամյա Շահեն Հարությունյանը շուրջ երեք ամիս է՝ չի ստանում մանկուց իրեն հասանելիք 18.000 դրամ հաշմանդամության թոշակը:
Լոռու մարզի թիվ 1 բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովն անցած տարվա նոյեմբեր-դեկտեմբերին կայացած նիստում հաշմանդամ չի ճանաչել ԿՆՍ օրգանական ախտահարում՝ էպիլեպտիկ նոպաներով, մտավոր զարգացման հապաղումով տառապող երեխային:
«10 տարի էր՝ երեխաս մանկուց հաշմանդամության թոշակ էր ստանում, բացի վերոնշյալ հիվանդությունները, ունի նաեւ էնցիպատիա, ձախ աչքի շլություն, կարճատեսություն»,- «Առավոտի» հետ զրույցում տեղեկացնում է Շահենի մայրը՝ Նվարդ Ավագյանը: Նա ասում է, որ դեռ վերջին 10 տարում երեխան միշտ էլ հաշմանդամ էր ճանաչվում, բայց, չգիտես ինչու, հրաշքով «լավացել» է:
«Այնպես չէ, որ իմ երեխան առողջ է, իսկ ես պնդում եմ, որ նա խնդիրներ ունի, կամ ուզում եմ, որ հաշմանդամ լինի, ոչ մի մայր դա չի ցանկանա: Ես շատ հանգիստ կլինեի, եթե իմանայի, որ իմ բալիկը իրոք առողջ է, բայց դա այդպես չէ, թե ինչու որոշեցին, որ առողջ է, չեմ հասկանում, մի քանի հարց տվեցին, պատասխանեց, որոշեցին, որ ամեն ինչ նորմալ է, կարող են զրկել թոշակից: Երեւի փող էին ուզում հաշմանդամ ճանաչելու համար, էն էլ տեսան՝ չեմ տալիս, դրա համար էլ զրկեցին: Կամ էլ բանակ գնալու ժամանակն է մոտենում»,- ասում է երեխայի մայրը: Նրա խոսքերով՝ երեխան պարբերաբար ցնցումներ է ունենում, չի կարողանում հիշել սովորած դասը, արագորեն մոռանում է այն, հավասարակշռության պահպանման հետ կապված էլ խնդիրներ ունի: Շահենի մոտ հիվանդագին երեւույթները նկատվել են ծնվելու հենց հաջորդ օրը, երբ նորածինը ամբողջովին կապտել է եւ սկսվել են ցնցումները: Նվարդ Ավագյանը հիշում է անցյալը՝ նկատելով, որ մասնագետները փաստել են՝ ծնվելիս սեղմել են երեխայի գլուխը՝ վնասելով համապատասխան հատվածներ:
«2003 թվականից հաշվառված է նաեւ Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսերում, այնտեղից արդեն քանի տարի անվճար ստանում էինք կարբամազեպին դեղը, որի օգնությամբ ցնցումների հաճախականությունը նվազում է, ասել են, որ ողջ կյանքում պիտի ընդունի դեղը, բայց հաշմանդամությունից զրկելու արդյունքում արդեն նյարդաբանական դիսպանսերում էլ շղթայաձեւ կզրկեն դեղորայքից, ինչը ստիպված պիտի լինենք դեղատնից գնել, գնելու հնարավորություն էլ չունենք»,- անհանգստանում է Նվարդ Ավագյանը: Նա մտադիր է բողոքարկել ԲՍՓ հանձնաժողովի գործողությունները՝ ՀՀ առողջապահության նախարարություն եւ ՀՀ ԲՍՓ գործակալություն:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբան Արայիկ Զալյանն այս խնդրի ուսումնասիրությունից ելնելով՝ «Առավոտի» հետ զրույցում նկատում է, որ Լոռու մարզի թիվ 1 բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովը քաղաքացուն չի տրամադրել հաշմանդամությունից զրկելու մասին որոշում, այլ սահմանափակվել է «թղթի կտորով»՝ տեղեկանքով. «Քաղաքացուն որոշումը չի տրամադրվել, տեղեկանք է, որը, որպես այդպիսին, վարչական ակտ չէ, եւ ենթակա չէ բողոքարկման: Այդկերպ արդեն իսկ սահմանափակվել է քաղաքացու բողոքարկման իրավունքը»: Կազմակերպությունը դիմում է ներկայացրել փորձաքննական հանձնաժողով՝ պահանջելով տրամադրել Շահեն Հարությունյանին հաշմանդամ չճանաչելու մասին որոշումը:
«Ստանալուց հետո միայն հնարավոր կլինի բողոքարկել այն վերադաս մարմիններ»,- տեղեկացնում է Արայիկ Զալյանը:
Աղբյուրը՝ http://www.aravot.am/2013/01/16/150058/