«Վիտալի Բալասանյանը կարծես այցելել է «Էրեբունի» բժշկական կենտրոն». Արթուր Սաքունց
14:41, August 10, 2016 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններԻրավապաշտպան Արթուր Սաքունցը հակասություններ է արձանագրել Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի հայտարարությունում:
Մասնավորապես այն առումով, թե Սերժ Սարգսյանը չի խախտել խոստումը, ինչպես փաստում էր «Հիմնադիր խորհրդարանի» անդամների հրապարակած ձայնագրությունը:
Հիշեցնենք, որ Վիտալի Բալասանյանը վստահեցրել է. «Հանրապետության նախագահը նաեւ հետեւյալ առաջարկությունն է արել՝ եթե Ժիրայր Սեֆիլյանը այս պահի դրությամբ կարողանա հրահանգավորի, հորդորի կամ հրամայի, որ զինված խումբը զենքերը վայր դնի, ես պատրաստ եմ ընդունել Ժիրայր Սեֆիլյանին: Այնուհետեւ, Ժիրայր Սեֆիլյանն իր խոստումները չի կատարել: Դրանից հետո այդպիսի խոսակցություն չի եղել, թե Սերժ Սարգսյանը հայտարարություն է արել՝ պատրաստ եմ հանդիպել, ու դրժել է իր խոստումը: Ի լուր աշխարհի եմ ասում, որ այդպիսի խոսակցություն ընդհանրապես չի եղել: Հանրապետության նախագահը ընդունել էր այդ կետերը եւ պատրաստ էր ցանկացած հարց քննարկել»: http://news.am/arm/news/341169.html
Պարոն Սաքունցն էլ զարմանում է. «Արդյոք եղե՞լ է կապ Սեֆիլյանի ու տղաների միջեւ, նույն ձայնագրության մեջ Վարուժանն է ուղղակի դիմում Բալասանյանին՝ ասելով՝ թողեք կապ լինի Սեֆիլյանի հետ, որ գոնե մեկ բառով ասի՝ զենքերը վայր դրեք:
Եթե խումբը ի սկզբանե ասել էր՝ լսում են միայն իրենց հրամանատարին եւ դրա համար թող գնա բանակցություն, հանդիպում կամ խոսակցություն Սեֆիլյանի հետ, եթե գնացել է միջնորդավորված բանակցություն Ժիրայր Սեֆիլյանի ու Սերժ Սարգսյանի միջեւ, հարց է առաջանում Ժիրայր Սեֆիլյանը հնարավորություն ունեցե՞լ է իր դիրքորոշումը հայտնել խմբին, ձայնագրությունից երեւում է՝ ոչ: Ինչի մասին է խոսքը»:
Aravot.am-ի հետ զրույցում պարոն Սաքունցն ասաց, որ դիտորդական խմբի շրջանակում փորձել է այցելել Ժիրայր Սեֆիլյանին, բայց չեն թույլատրել. «Որոշել էի այցելել, որ տեսնեի, այս իրադարձությունների հետ կապված որոշակի մտահոգություններ չկան, վերաբերմունքի եւ այլ հարցերի հետ կապված, արգելեցին Սեֆիլյանի հետ հանդիպումը: Այ սա է կարեւոր հարց, որ ոչ միայն Սեֆիլյանի, այլեւ «Սասնա ծռերի» հետ կապ ունեցող մարդկանց, դիտորդական խմբի անդամներին չեն թույլատրում հանդիպել, բայց թույլատրում են Բալասանյանին եւ այլ մարդկանց:
Պետությունը չի թույլատրում, խոչընդոտում է այդ առաքելությանը, ինչը շատ տարօրինակ է, փաստորեն, պետությունը իր ձեռքով իր իսկ կողմից սահմանված նորմերն է խախտում»: Պարոն Սաքունցը թերահավատորեն է մոտենում Բալասանյանի այն պնդմանը, թե «Սասնա ծռերը» շնորհակալություն են հայտնել իշխանություններին, որ արյունահեղություն չեղավ:
«Չեմ հավատում, որովհետեւ արյունահեղություն չեղավ հենց «Սասնա ծռերի» դիրքորոշման ու ինքնակամ զենքերը վայր դնելու հետեւանքով, ոչ թե իշխանությունները քայլեր կատարեցին, որ արյունահեղություն չլինի: Իշխանությունները բացահայտ զենք էին կիրառում եւ «Սասնա ծռերի» տղաներին շարքից հանում էին, երկու օր անց տարածված ԱԱԾ հաղորդագրությունն էլ հաստատեց, որ իշխանությունը արյունահեղության է պատրաստ գնալ:
Վիտալի Բալասանյանի ասածը նաեւ բոլորովին չի համապատասխանում փաստաբանների ահազանգերին՝ կապված վիրավորների առողջական խնդիրների, նրանց պահման պայմանների հետ: Վիտալի Բալասանյանը կարծես այցելել է ոչ թե «Նուբարաշեն» ՔԿՀ կամ «Դատապարտյալների հիվանդանոց», այլ «Էրեբունի» բժշկական կենտրոն»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2016/08/09/725006/