Տոնոյա՞նն է ասել` «դանակը կոխեք փորը»
00:00, October 8, 2010 | Նորություններ | Արդար դատաքննության իրավունք, Խոշտանգումներից և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունք | ՈստիկանությունՈստիկանության Չարենցավանի բաժնում ապրիլի 13-ին «ինքնասպանություն» գործած Վահան Խալաֆյանի գործի` նախօրեին կայացած դատաքննության ընդմիջմանը հետաքրքիր միջադեպ է եղել:
Տուժողի իրավահաջորդի, հարազատների եւ ամբաստանյալ Աշոտ Հարությունյանի հարազատների միջեւ փոխադարձ մեղադրանքներ են հնչել, թե ինչո՞ւ տուժողները պատասխանատվության չեն կանչում իրական մեղավորներին եւ մասնավորապես բաժնի պետի օպերգծով տեղակալ Սամվել Տոնոյանին:
Ականատեսներից մեկն ասաց, որ Վահանի հարազատները դրան ի պատասխան բարձրաձայնել են իրենց հասած ինֆորմացիան, թե իբր Աշոտը այնքան է ծեծել Վահանին, որ նա ուշագնաց է եղել, իսկ երբ այդ մասին զեկուցել է Տոնոյանին, վերջինս հրահանգել է` «Դանակը կոխեք փորը»: Եվ հավանաբար հենց այդպես էլ նախագահին են զեկուցել եւ ասել` սա Աշոտի վիճակը ավելի թեթեւացնող հոդված է (ինքնասպանության հասցնելը), ինչում էլ հիմա նա մեղադրվում է: Այստեղ բնական է, որ տուժողներն էլ սպասում են, որ Ա.Հարությունյանն անձամբ Տոնոյանի մասով ամեն ինչ պատմի, որպեսզի դատարանում հնչած մեղադրանքի հիմքով օպերգծով տեղակալին պատասխանատվության ենթարկեն:
Ինչ վերաբերում է նախօրեին ցուցմունք տված լրացուցիչ վկաների հարցաքննությանը, ապա հարկ ենք համարում հետաքրքիր որոշ հավելումներ անել: Դատարանում ոստիկանության վերոնշյալ բաժնի աշխատակից Գարիկ Հազեյանը պատմեց, որ դեպքի օրը եւ ժամին աղմուկ է լսել, մտել սենյակ եւ տեսել, թե ինչպես են այնտեղ հավաքված ոստիկանները փորձել բուժօգնություն ցույց տալ գետնին ընկած Վահան Խալաֆյանին: Գարիկն էլ է միացել նրանց. Վահան Խալաֆյանի ծնոտն արդեն փակված է եղել: Սովորաբար, երբ մարդը ուշագնաց է լինում, ճնշումն ընկնում է, լեզուն կուլ է գնում եւ ծնոտը փակվում: Այդ ժամանակ, փրկելու համար ձեռքի մատը կամ ինչ-որ ամուր բան պետք է դնես տուժողի ատամների արանքում, որպեսզի բերանը բաց մնա եւ հնարավոր լինի արհեստական շնչառություն տալ: Բայց քանի որ առաջին տարբերակը չեն հասցրել կամ չեն ցանկացել անել, անցել են երկրորդ տարբերակին (գուցե ձեւականորեն). Գարիկ Հազեյանը Վահանի ծնոտը բացելու համար գդալ է օգտագործել. շրթունքի ծայրից է գդալը մտցրել, բերանը բացել ու բերանով արհեստական շնչառություն է տվել: Առաջին փորձը անհաջող է եղել: Երկրորդ անգամ, երբ արհեստական շնչառություն է տվել, Վահանը աչքերը բացել է: Սկսել է նաեւ Վահանի ոտքերը շփել, որից հետո շտապօգնության մեքենայով նրան տեղափոխել են հիվանդանոց: Թթվածին տալու ընթացքում Գարիկը Վահանի շրթունքների կողքերին, նաեւ ոտքերին վնասվածքներ չի տեսել: Չի տեսել նաեւ կրծքավանդակին դանակով քաշված երկու հետքերը, իսկ դանակի հարվածի երկու անցքերը նկատել է: Վկան նաեւ ասաց, որ մինչ Վահանին հիվանդանոց տեղափոխելը շտապօգնության բրիգադի աշխատակիցները ցանկացել են սրսկել Վահանին, բայց սրսկել են, թե ոչ` այդպես էլ չհստակեցրեց: Հարց եղավ, թե գդալով բերանը բացելիս հնարավո՞ր է, որ վնասած լինի Վահանի շրթունքը, վկան պատասխանեց` չգիտեմ: Գարիկը երբ մտել է ներս եւ տեսել Վահանի վիճակի շուրջ ստեղծված իրարանցումը, չի հարցրել, թե ինչ է եղել: Ինչ վերաբերում է` մինչ դեպքը ոստիկանությունում տեղի ունեցած անցուդարձին, դեպքերին, ապա վկան ասաց, որ այնտեղ չի եղել, չգիտի, թե ինչ է կատարվել, մինչդեռ Վահանի հետ բերման ենթարկված Նորայր Չիլյանը հենց Գարիկ Հազեյանի աշխատասենյակում է եղել:
Հաջորդ վկան հետքաբան-փորձագետն էր` Ջավահիր Սահակյանը: Ինչո՞ւ սպանության գործիք դանակի վրայից մատնահետքեր եւ այլ հետքեր չեն հայտնաբերվել: Վկան ասաց, որ դանակի բռնակի եւ շեղբի միջնամասում մատնահետքերի գծանախշեր եղել են, պարզապես դրանք այնքան քիչ ու թույլ են արտահայտված եղել, որ հնարավոր չի եղել դրանցով նույնականացում անել: Ըստ փորձագետի` դրանք կարող էին նաեւ ցնդել կամ մաքրվել: Ի դեպ, նման բան կարող է լինել միայն դեպքից 10 օր անց, այն էլ` եղանակային վատ պայմաններում, ասենք` ձյան, անձրեւի տակ, կամ փոշու, կեղտի ու նմանատիպ այլ պայմաններում: Բայց քանի որ այդ հանգամանքը պետք է բացառվի թեկուզ այն պատճառով, որ դեպքից հետո դեպքի վայրի զննություն է արվել եւ հայտնաբերված բոլոր իրերը, այդ թվում` դանակը անմիջապես փաթեթավորվել են` որպես իրեղեն ապացույց, մնում է միայն դանակը մաքրելու տարբերակը: Ո՞վ է մաքրել մատնահետքերը. ստացվում է, որ կամ ինչ-որ մեկը քանդել է կապարակնքված իրեղեն ապացույցի փաթեթը եւ մաքրել այն, ինչը քրեորեն պատժելի արարք է, կամ ինչ-որ մեկը մաքրել է այն մինչեւ կապարակնքելը: Այդ հարցի պատասխանը քննչական մարմինը պետք է գտներ, բայց հետաքրքիր է, որ շահագրգռորեն լռություն է պահպանում: Եվ բացի դա, եթե ինքնասպանություն է, ապա ինչո՞ւ են մաքրվել Վահանի մատնահետքերը, ո՞ւմ է դա ձեռնտու եղել: Թե ինչո՞ւ փորձագետը եզրակացության մեջ չի նշել, որ մատնահետքերը կարող է մաքրված կամ ցնդած լինեն, Սահակյանը պատասխանեց` քննիչը իրեն նման հարց չի ուղղել: Փաստորեն, քննիչը իր հարցերով սահման է դրել եւ ուղղորդել է փորձագետին, վերջինս էլ, բնականաբար, տեղավորվել է քննիչին անհրաժեշտ շրջանակներում:
Ինչ վերաբերում է երրորդ լրացուցիչ վկային, ապա տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանի հարցին վկան պատասխանել է, որ Վահան Խալաֆյանը հոգեկան հիվանդությամբ չի տառապել: Քննիչը փորձագետին հարց է տվել, թե Աշոտի գործողությունների եւ Վահանի ինքնասպանության միջեւ կա՞ պատճառահետեւանքային կապ, թե՞ ոչ: Փորձագետը դատարանում հստակեցրեց, որ Աշոտի գործողությունները` բռնությունը Վահանին բերել է հոգեպես լարված իրավիճակի, իսկ կոնկրետ կապը ինքնասպանության հետ այնքան էլ տեսանելի չի եղել: Այսինքն` բոլորս էլ կարող ենք որոշակի իրավիճակներում նման լարված հոգեվիճակի հասնել, բայց ինքնասպանություն չգործենք, եթե, ասենք, հոգեկան հիվանդ չենք: Իսկ կոնկրետ Վահանին, ըստ փորձագետի, կարող էր նման լարված իրավիճակի հասցնել ոստիկանությունում ժամեր շարունակ մնալը, այդ հանգամանքի նկատմամբ շրջապատի անտարբերությունը, ոստիկանների ներկայությունը եւ մասնավորապես Աշոտ Հարությունյանի գործողությունները: Այսինքն` ստացվում է, որ «ինքնասպանության» հասցնելու իրենց մասնաբաժինն ունեն նաեւ այդ պահին այնտեղ գտնվողները, բայց հետաքրքիր է, որ մեղադրականում քավության նոխազ է ընտրվել հենց Աշոտ Հարությունյանը: Ինչո՞ւ: Պարզվում է` քննիչը, ի սկզբանե մնացած ամբաստանյալներին թողնելով լուսանցքում, հարցն առաջադրել է միայն Աշոտ Հարությունյանի մասով: Կարճ ասած` փորձել են փրփուրներից կառչել եւ Աշոտի ու դեպքի միջեւ պատճառահետեւանքային կապ ստեղծել: Ընդ որում` օրինակ իրենք սովորաբար նման փորձաքննություններ չեն անում, քանի որ նման դեպքեր ոչ միշտ են պատահում:
Աղբյուրը՝ http://www.zhamanak.com/article/16234/