Փոփոխվում են «Արաբկիր» ԲԿ-ում մահացած երեխայի գործով վկաների ցուցմունքները
11:29, March 26, 2014 | Նորություններ, Սեփական լրատվություն | Արդար դատաքննության իրավունք, Երեխաների իրավունքներ2014 թ. մարտի 24-ին ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ դատավոր Լ. Ավետիսյանի, վերսկսվեց Լիա Միսակյանի մահվան դեպքի առթիվ Լիլիթ Վարդանյանի և Զարինե Այվազյանի նկատմամբ հարուցված քրեական գործով դատաքննությունը:
Հիշեցնենք, որ սույն գործով ամբաստանյալներ Լիլիթ Վարդանյանին և Զարինե Այվազյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդածի 2-րդ մասի հատկանիշներով:
Դատաքննության ընթացքում հարցաքննվեցին դատակոչված վկաներ «Արաբկիր» ԲԿ-ի աշխատակիցներ Լիաննա Արզումանյանը, Ֆլորա Վարդանյանը և Լարիսա Վարդանյանը:
«Արաբկիր» ԲԿ-ի լաբորատորիայի բժիշկ-լաբորանտ Լ. Արզումանյանը և լաբորանտ Ֆ. Վարդանյանը տվեցին նույնաբովանդակ ցուցմունքներ այն մասին, որ Լիա Միսակյանի արյան նմուշի փորձաքննություն կատարել են 2013 թվականի հունվարի 1-ի առավոտյան մոտավորապես ժամը 10:00-ի սահմաններում, անալիզատորով պարզել են, որ արյան մեջ կան շեղումներ, մասնավորապես լեյկոցիտների քանակը 1400 է եղել նվազագույնը 4000 նորմայի փոխարեն:
Բժիշկ Լ. Արզումանյանն այդ մասին տեղյակ է պահել բոքսային բաժանմունքի բուժքույրերից մեկին, քանի որ բժիշկների հեռախոսը չի պատասխանել, որից հետո արվել է Լիա Միսակյանի արյան վերջնական անալիզը և այն ավարտվել է մոտավորապես 11:30-ի սահմաններում: Դրանից հետո անալիզի արդյունքները դրվել են լաբորատորիայի համապատասխան պահարանի բոքսային բաժանմունքի դարակում, որտեղից այն պետք է վերցնեին բոքսային բաժանմունքի մայրապետը կամ բուժքույրերը:
Լ. Արզումանյանը և Ֆ. Վարդանյանը համոզմունք հայտնեցին, որ Լիա Միսակյանի արյան անալիզի արդյունքները վերցվել են այդ դարակից, քանի որ ըստ Ֆ. Վարդանյանի ցուցմունքի, օրվա ընթացքում բոքսային բաժանմունքի այլ հիվանդների անալիզի արդյունքները համապատասխան դարակում դնելու ժամանակ տեսել է, որ նախորդ անալիզների արդյունքները վերցված են:
Միաժամանակ, «Արաբկիր» ԲԿ-ի լաբորատորիայի աշխատակիցները հայնեցին, որ չեն տեսել, թե ով է բերել անալիզի նմուշները, ինչպես նաև չեն տեսել, թե ով է վերցրել անալիզի արդյունքները համապատասխան դարակից:
Վկաների տված ցուցմունքներից պարզվեց, որ «Արաբկիր» ԲԿ-ի լաբորատորիան աշխատում է նաև գիշերային ժամերին, և հերթապահությունն իրականացվում է հերթապահող լաբորանտի կողմից, ով անհրաժեշտության դեպքում կարող է արյան նմուշի նախնական ստուգում անել, իսկ հրատապ դեպքերում բուժող բժիշկը կարող է զանգահարել և կանչել բժիշկ-լաբորանտին՝ վերջնական անալիզ անելու համար:
Ամբաստանյալների փաստաբանները, գտնելով, որ վկաներ Լ. Արզումանյանի և Ֆ. Վարդանյանի նախաքննական և դատաքննական ցուցմունքներում կան հակասություններ, միջնորդեցին հրապարակել նրանց նախաքննական ցուցմունքները, սակայն դատարանը չբավարարեց փաստաբանների միջնորդությունը՝ չտեսնելով էական հակասություններ:
Դատաքննության ընթացքում հարցաքննվեց նաև գործով դատակոչված վկա, «Արաբկիր» ԲԿ-ի բոքսային բաժանմունքի բուժքույր Լարիսա Վարդանյանը: Լ. Վարդանյանի դատաքննության ընթացքում տված ցուցմունքների և նախնական քննության ընթացքում 2013 թ. հունվարի 23-ի բացատրությամբ և հուլիսի 14-ի ցուցմունքով հայտնած տվյալների միջև առկա էին էական հակասություններ:
Լ. Վարդանյանը հայտնեց, որ Լիա Միսակյանին «Արաբկիր» ԲԿ բերել են 2012 թ. դեկտեմբերի 31-ին շտապօգնության մեքենայով, բժշկուհի Լիլիթ Վարդանյանը զանգահարել է բոքսային բաժանմունք և խնդրել բուժքրոջը հիվանդին տեղափոխել բաժանմունք, պատճառաբանելով, որ հիվանդները շատ են: Հիվանդի բժշկական սպասարկումը կատարվել է հիվանդության պատմագրում՝ Լիլիթ Վարդանյանի կողմից գրված ցուցումներին համապատասխան:
Լիա Միսակյանին ներարկվել է անալգին, և քանի որ երեխան հիվանդանոց ընդունվել է ջերմությամբ և բուժքույր Լ. Վարդանյանը չի կարողացել արյան անալիզի նմուշ վերցնել՝ արյան մակարդման պատճառով, միացվել է կաթիլային: Կաթիլայինն անջատելուց հետո, սակայն, բուժքույրն արյան նմուշ չի վերցրել: Հարցին, թե կաթիլայինն անջատելուց որքան ժամանակ հետո կարող էր կրկին արյուն վերցնել, բուժքույր պատասխանեց 1-1,5 ժամ անց: Բուժքույրը հայտնեց, որ կաթիլայինից հետո երեխայի վիճակը լավ է եղել, և ինքը արյուն չի վերցրել՝ երեխային անհանգստություն չպատճառելու համար, մտածելով, որ արյան նմուշ կվերցնի մոր ներկայությամբ: Վկա Լ. Վարդանյանը դատաքննության ընթացքում հայտնեց, որ Լիա Միսակյանից արյուն վերցրել է հունվարի 1-ին, առավոտյան 7:00-ից 7:30-ն ընկած ժամանակահատվածում: Հարցաքննության ընթացքում վկան բազմիցս նշեց, որ երեխայի վիճակը լավ է եղել, նա ամբողջ գիշեր չի քնել և քայլել է միջանցքում:
Քանի որ նախաքննության ընթացքում հունվարի 23-ի բացատրությամբ և հուլիսի 14-ի ցուցմունքով վկա Լ.Վարդանյանը հայտնել էր, որ արյան նմուշը վերցրել է երեխայի հիվանդանոց ընդունվելուց որոշ ժամանակ անց, ինչպես նաև այլ հակասությունների պատճառով գործով մեղադրող դատախազը և տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ա. Սաքունցը միջնորդեցին հրապարակել վկայի նախաքննական ցուցմունքները: Մեղադրողը միջնորդեց հրապարակել նաև հունվարի 23-ի բացատրությունը:
Դատարանը բավարարեց նախաքննության ընթացքում հուլիսի 14-ին տրված ցուցմունքը հրապարակելու միջնորդությունը, իսկ բացատրության մասով հայտնեց, որ դրան կանդրադառնա գործի փաստաթղթերի ուսումնասիրման փուլում, պատճառաբանելով, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով բացատրությունը չի համարվում ապացույց:
Նախաքննական ցուցմունքները հրապարակելուց հետո հակասությունների առկայությունը վկան բացատրեց նրանով, որ Լիա Միսակյանի դեպքը շփոթել էր մեկ այլ հիվանդի հետ և ցուցմունքները տալուց հետո մտածել է ու վերհիշել իրականությունը: Բացի այդ, բացատրություն և հարցաքննություն տալու ժամանակ քննիչի մոտ ներկայացել է առանց ակնոցի, որի պատճառով ցուցմունքները շարադրել է քննիչը և ինքը չի կարդացել դրանց բովանդակությունը, չնայած այն հանգամանքին, որ հարցաքննության արձանագրության վերջում վկա Լ. Վարդանյանն իր ձեռքով գրել էր, որ ցուցմունքները գրված են իր բառերից և կարդացվել են:
Վկա Լ. Վարդանյանը դատարանում հայտնեց նաև այն մասին, որ այդ օրը հիվանդանոցում շատ հիվանդներ են եղել, և բժշկուհի Լիլիթ Վարդանյանը նույնիսկ չի հասցրել մեկ բաժակ ջուր խմել, իսկ հիվանդանոցի 7 բաժինները սպասարկվել են 2 բժշկի կողմից:
Պետք է ընդգծել, որ հակասություններ առկա էին նաև վկա Լ. Վարդանյանի կողմից դատաքննության ընթացքում հայտնած տվյալների միջև: Ըստ վկայի ցուցմունքի, մի դեպքում Լիա Միսակյանից միջամտության սենյակում արյուն վերցվել է մոր ներկայությամբ, մյուս դեպքում, հայրը չէր կարող միջամտության սենյակ մտել, քանի որ այդտեղ արգելվում է ծնողների մուտքը:
Հարկ է նշել, որ դատաքննության ընթացքում տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ա. Սաքունցը հայտարարեց, որ ՀՔԱ Վանաձոր գրասենյակի աշխատակցուհին դատական նիստի ընդմիջման պահին նկատել է, որ Լիլիթ Վարդանյանի փաստաբանը սույն գործի փաստերի և իր կողմից տրվող վկայության վերաբերյալ զրուցել է գործով դատակոչված վկա Լարիսա Վարդանյանի հետ և մտավախություն հայտնեց վկային ուղղորդելու մասին:
Սույն գործով դատական նիստը հետաձգվեց և հաջորդ դատական նիտը նշանակվեց մարտի 27-ին, ժամը 14:00-ին:
Այս մասին այլ նյութեր՝ Առավոտ.am