Եղել է դեպք, երբ 600 ընտրողից 1200 հոգի է մասնակցել․ Արթուր Սաքունց
16:53, April 3, 2017 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Ընտրական իրավունքՀելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը ԱԺ ընտրությունների օրը եղել է տարբեր ընտրատեղամասերում։ Նա եղել է Սեւանում, Աբովյանում, Հրազդանում, Չարենցավանում, Կարբիում։
«Նկատելի էր, որ կային ընտրական հանձնաժողովների նախագահներ, որոնք չէին տիրապետում օրենքներին, չէին կարողանում նաեւ վերահսկել իրավիճակը։ Նկատելի էին կուտակումներ քվեարկության սենյակում, քվեարկության սենյակից դուրս։ Համայնքներից մեկում կրկնակի քվեարկության փորձ է եղել, սակայն այն կանխվել է։ Կա տեղամաս, որտեղ 600 ընտրողից 1200 հոգի է մասնակցել։ Նկատելի էին նաեւ քաղաքացիների ուղղորդումներ, անգործության մատնված ոստիկաններ։
Կարբիի 17/14 ընտրատեղամասում 71 հոգի քվեարկել է օգնությամբ, այնտեղ խոշորացույց չկար, մարդիկ ասում էին, որ օգնության կարիք ունեն։ Ակնհայտ երեւում էր, որ կային քվեարկության գաղտնիության սկզբունքների խախտման կասկածներ»,- օրվա ընթացքում ստացած իր տպավորություններն է ամփոփում Արթուր Սաքունցը։