ԵՏՄ, թե ԵՄ. հանրային կարծիքի ծուռ, թե շիտակ ներքաղաքական հայելի
22:59, September 3, 2016 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | ԵՄ, ԵՏՄՀելսինկյան քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի պատվերով իրականացված սոցհարցումն արձանագրել է բավականին ուշագրավ պատկեր: Ըստ սոցհարցման տվյալի՝ 2014 թվականից հետո Հայաստանում փոխվել է Եվրամիության ու Եվրասիական միության ուղղություններով ինտեգրացիայի կողմնակիցների, այսպես ասած, տոկոսային համամասնությունը: Եթե մինչ այդ ԵՏՄ ինտեգրացիայի կողմնակից է եղել հանրության 38 տոկոսը, իսկ ԵՄ հետ ինտեգրացիայի կողմնակից ընդամենը 25-ը, ապա այժմ ԵՏՄ անդամակցության կողմնակիցների տոկոսը նվազել է մինչև 25-ի, իսկ ԵՄ հետ ինտեգրացիայի կողմնակիցների տոկոսը հասել է մինչև 41-ի:
Հայաստանում միգուցե որևէ սոցհարցում չի վայելում հանրային լայն վստահություն, և ցանկացած սոցհարցման մեջ որևէ շերտ կնկատի որևէ միտվածություն: Դրա պատճառն իհարկե այն է, որ անցնող տարիների ընթացքում իշխանությունն իր վերարտադրության նպատակներին ծառայեցնելով սոցիոլոգիա երևույթը, ըստ էության արժեզրկեց այն չափազանց մեծ ծավալներով: Միևնույն ժամանակ, ընդհանուր առմամբ հասարակական քաղաքական գործընթացներում Հայաստանի հասարակության համար առկա է վստահելիության բարձր աստիճան ունեցող որևէ ինստիտուտի մեծ դեֆիցիտ, և սոցիոլոգիան տուժում է նաև այդ իմաստով: Ըստ այդմ՝ հրապարակվող այդօրինակ տվյալների հանդեպ հանրության վերաբերմունքը կառուցվում է թերևս ոչ թե վստահության, այլ տպավորությունների, նաև գուցե տրամաբանական վերլուծության հիման վրա:
Եվ ուրեմն, ինչ ենք մենք ստանում այդ առումով, երբ ներկայացված տվյալները ենթարկում ենք տրամաբանական վերլուծության: Ստանում ենք երևի թե հավաստի եթե ոչ պատկեր, ապա միտում անկասկած: Եթե իհարկե չենք համարում, որ մեր հասարակությունն անմեղսունակ է: Իսկ մեր հասարակությունն անկասկած այդպիսին չէ: Եվ քանի որ այդպիսին չէ, ապա բնականաբար շատ սթափ է գնահատում մի շարք գործոններ, որոնց հետևանքով ԵՏՄ կոչված կառույցի հանդեպ վերաբերմունքի և վստահության անկումը պետք է լիներ անխուսափելի: Մասնավորապես, որոնք էին Հայաստանը ԵՏՄ-ին բռնակցելու որոշման գլխավոր «փաստարկները»:
Դրանք տնտեսական զարգացումը և անվտանգությունն էին: Իշխանությունը, նաև այդ որոշման հարցում տարբեր մոտիվացիաներով նրան ուղղակի կամ անուղղակի աջակցություն ցուցաբերած քաղաքական ուժերը, այդ թվում ընդդիմություն ներկայացող, հանրությանը համոզում էին, թե ԵՏՄ անդամակցությունը անհրաժեշտ էր, քանի որ մեր ապրանքների և աշխատուժի հիմնական շուկան Ռուսաստանն է, ոչ թե Եվրոպան: Սերժ Սարգսյանն էլ մի առիթով հայտարարել էր, թե ախր հայկական կոնյակը Ռուսաստանում է վաճառվում ավելի շատ: Կարծես թե երեք տարի ԵՄ հետ բանակցելիս Սարգսյանը այդ մասին չգիտեր ու հանկարծ տեղեկացավ սեպտեմբերի 3-ի գիշերը:
Միով բանիվ, իշխանությունն ու այսպես ասած ոչ իշխանական բևեռը, որը իշխանության հետ պայքարում էր Ռուսաստանի «դաբրոյի» համար և հույս ուներ դրա շնորհիվ հասնել իշխանափոխության, Հայաստանի հասարակությանը իրենց գործողությունները բացատրում էին տնտեսական շահավետությամբ, բարգավաճման հեռանկարով: Այսօր ունենք լրիվ հակառակ պատկեր, և ԵՏՄ տնտեսական էֆեկտը ոչ միայն չի զգացվել, այլ առաջացել են բազմաթիվ խնդիրներ հայկական բիզնեսի համար: Մյուս «փաստարկը» այն էր, որ Հայաստանը դարձել է առավել անվտանգ: Այդ փաստարկը երկու տարի շարունակ քանդում էին ադրբեջանական ահագնացող դիվերսիաները: Վերջապես անվտանգության փուչիկը պայթեցրեց ապրիլյան պատերազմը, Ադրբեջանի հարձակումը Արցախի վրա և այդ գործում նրան ԵՏՄ անդամների ցուցաբերած մեծ քաղաքական աջակցությունը՝ թե Բելառուսի, թե Ղազախստանի, թե Ռուսաստանի:
Ապրիլյան պատերազմն ակնհայտ դարձրեց, որ ԵՏՄ-ն ոչ միայն Հայաստանի համար դաշնակիցների միություն չէ, այլև Հայաստանի համար ամենաառանցքային պահերին կարող է նույնիսկ հարվածել թիկունքից: Այդպիսով, հասարակության աչքի առաջ մեկը մյուսի հետևից պայթել են երկու փուչիկները, որոնց վրա հենվել էր ԵՏՄ անդամակցության մասին որոշումը: Տրամաբանական է, որ դրանից հետո հասարակությունն այլևս չէր կարող պատրանքներ ունենալ ԵՏՄ անդամակցության կապակցությամբ և պետք է իր վերաբերմունքով համարժեք արձագանքի արժանացներ այդ խնդիրը, ինչն էլ բնականաբար արտացոլվելու էր այդ կառույցի հետ ինտեգրացիայի կողմնակիցների էական նվազմամբ:
Վերջին հաշվով, այդ տրամաբանական միտման մասին է վկայում նաև եվրասիական մի շարք տարատեսակ շրջանակների վերջին օրերին բարձրացրած հիստերիան, թե Հայաստանը «փախչում» է Ռուսաստանի ձեռքից դեպի Արևմուտք: Այդ հիստերիան վկայությունն է եվրասիական խուճապի, որի հիմքը սակայն ոչ թե այն է, որ Արևմուտքը տանում է Հայաստանը, այլ այն, որ Հայաստանի քաղաքացիները ձերբազատվել են տարբեր միֆերից և պարզապես հասկացել, թե ո՞ր աշխարհաքաղաքական ուղղությամբ գործընկերության խորացումն է, որ բխում է Հայաստանի պետական շահերից և անվտանգությունից:
Այդպիսով, եթե անգամ որևէ սոցհարցման տվյալ չի կարող ընդունվել որպես համոզիչ ու հավաստի և անկասկած կգտնվի մեկը, որը կասկածի տակ կդնի այն, այդուհանդերձ միանգամայն հստակ է, որ տրամաբանության առումով Հայաստանի հանրային կարծիքում անկասկած պետք է տեղի ունենային այն միտումները և վերանայումները, որ արտացոլված են սոցհարցման տեսքով: Այստեղ իհարկե առավել կարևոր և էական խնդիրը դառնում է այն, թե Հայաստանի հանրության կարծիքում և ընկալումներում տեղի ունեցող այդ վերափոխումները ինչպիսի արտացոլում են ունենալու Հայաստանի քաղաքական քարտեզի և նոր խորհրդարանի համայնապատկերի վրա, հանրային կարծիքում այդ տրանսֆորմացիային ինչքանով համարժեք են արձագանքելու քաղաքական դաշտում ներգրավված սուբյեկտները, առավել ևս նրանք, որոնք հանդես են գալիս հասարակական շահերը պաշտպանելու հավակնությամբ: