Եվրադատարանն ստացել է ԱԱԾ վարչական շենքում անօրինական ձևով շուրջ մեկ օր պահված Կարեն Քյուփելյանի գանգատը
18:05, October 3, 2017 | Նորություններ, Սեփական լրատվություն | Ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք, Իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքՄարդու իրավունքների եվրոպական դատարանը հաստատել է ԱԱԾ վարչական շենքում 2007 թ. նոյեմբերի 1-2-ը անօրինական ձևով պահված Կարեն Քյուփելյանի գանգատի ստացումը:
Գանգատը 2017 թ. ապրիլի 21-ին ՄԻԵԴ են ներկայացրել նրա ներկայացուցիչներ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանը և Կազմակերպության Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանը:
Գործարար Կարեն Քյուփելյանին իր անձնական ավտոմեքենայով Զվարթնոց օդանավակայանից ԱԱԾ վարչական շենք բերման են ենթարկել ԱԱԾ աշխատակիցներ Է. Նանյանը, Հ. Մազմանյանը և ԱԱԾ մեկ այլ աշխատակից: Իր վերադասներ Է. Նանյանի և Տ. Աղաջանյանի պահանջով Հ. Մազմանյանը վարչական շենքում Կ. Քյուփելյանին պահել է 23 ժամ:
Դեպքի առթիվ ՀՀ Գլխավոր դատախազությունում 2015 թ. հուլիսի 14-ին հարուցվել է քրեական գործ և պաշտոնեական լիազորություններն անցնելու մեղադրանք է առաջադրվել Հ. Մազմանյանին: Ավելի ուշ Կարեն Քյուփելյանը տուժող է ճանաչվել և ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Ա. Սաքունցն ու Կազմակերպության իրավաբան Տ. Սիիրադեղյաննն ստանձնել են նրա իրավունքների պաշտպանությունը:
2016 թ. մարտի 17-ին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը Հ. Մազմանյանին մեղավոր է ճանաչել, սակայն վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով ազատել քրեական պատասխանատվությունից:
Իսկ Է. Նանյանի ու Տ. Աղաջանյանի արարքներում ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը հանցակազմ չի տեսել և 2015 թ. հոկտեմբերի 19-ի որոշմամբ նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցրել:
Որոշման դեմ տուժող կողմի բողոքները չեն բավարարվել, իսկ ՀՀ Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել:
Գանգատը Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ և 13-րդ հոդվածների խախտման հիմքով:
Դիմումատուները հայտնել են, որ ԱԱԾ վարչական շենք Կ. Քյուփելյանը բերման է ենթարկվել անօրինական ձևով. ԱԱԾ աշխատակիցները նրան չեն ներկայացրել բերման ենթարկելու հիմքերն ու պատճառները և անազատության մեջ են պահել գրեթե մեկ օր՝ առանց ձերբակալվածի կարգավիճակ տալու: Սրանով խախտել են նրա՝ ՄԻԵԿ 5-րդ հոդվածով ամրագրված ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքը:
Խախտվել է նաև ՄԻԵԿ 13-րդ հոդվածով ամրագրված իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքը. Կարեն Քյուփելյանը փոխհատուցում ստանալու այլ տարբերակ չունի, քան որևէ մեկի նկատմամբ մեղադրական եզրակացության առկայությունը:
ՄԻԵԴ-ը գանգատի ստացումը հաստատել է 2017 թ. օգոստոսի 22-ի գրությամբ:
Կարեն Քյուփելյանը և նրա ներկայացուցիչ Տ. Սիրադեղյանը նաև ոչ նյութական վնասի փոխհատուցման հայց են ներկայացրել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով 3.500.000 ՀՀ դրամ:
Հայցի քննությունը նշանակված է 2017 թ. հոկտեմբերի 4-ին՝ ժամը 15:00-ին: