Նախագահական նստավայրի դիմացից բռնությամբ հեռացված Խուդոյանների գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան
11:19, July 4, 2016 | Նորություններ, Սեփական լրատվություն | Ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք, Անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք, Իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք, Խոշտանգումներից և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունք, Հավաքների և միավորումների ազատություն2013թ. դեկտեմբերի 2-ին ՌԴ նախագահ Վ. Պուտինի՝ Հայաստանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի պատճառով մի խումբ քաղաքացիական հագուստով ոստիկանների կողմից բռնության գործադրմամբ ՀՀ նախագահական նստավայրի դիմացից հեռացված ցուցարար ամուսիններ Աշոտ Խուդոյանի և Հեղինե Մակարյանի գործով ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 11-րդ (Հավաքների և միավորման ազատություն), 3-րդ (Խոշտանգումներից զերծ մնալու իրավունք), 8-րդ (Անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք), 5-րդ (Ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք) և 13-րդ (Իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք) հոդվածների հիման վրա:
Գանգատում վկայակոչվել է այն հանգամանքը, որ ամուսինները ոստիկանության շուրջ 15 աշխատակիցների կողմից բռնություն կիրառելու պահին նստացույցի ձևով իրացնելիս են եղել հավաքներ իրականացնելու՝ Կոնվենցիայով ամրագրված իրենց իրավունքը, ավելին՝ ցույցի վայրից նրանց հեռացնելու պահին Աշոտ Խուդոյանը կրել է մարմնական վնասվածքներ, իսկ Հեղինե Մակարյանը հոգեկան ծանր ապրումներ է ունեցել, քանի որ նրան և երեխաներին առանձին մեքենաներով են տեղափոխել, իսկ 8-ամսական երեխան էլ մնացել է ցույցի վայրում:
Այնտեղ են մնացել նաև ցուցարար ընտանիքի իրերը, այդ թվում՝ գումար և այլ արժեքավոր իրեր:
Ոստիկանության աշխատակիցների կողմից բռնությամբ հեռացվելով ցույցի վայրից՝ նրանք տևական ժամանակ մնացել են մեքենայի մեջ, ապա շուրջ մեկ ժամ՝ ոստիկանության բաժնում, որից հետո էլ մի ամբողջ օր ոստիկանության հսկողության ներքո են գտնվել իրենց իսկ բնակարանում՝ հնարավորություն չունենալով լքելու այն՝ անգամ սնունդ գնելու նպատակով:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2016 թ. ապրիլի 23-ի գրությամբ հաստատել է գանգատի ստացումը: