Խոշտանգումների և դաժան վերաբերմունքի բժշկաիրավական արդյունավետ փաստաթղթավորման խնդիրներին նվիրված վերապատրաստման դասընթաց
17:25, March 7, 2015 | Նորություններ, Սեփական լրատվություն2014թ. դեկտեմբերի 18-22-ը Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի (ԲՀՀ-Հայաստան) և Խոշտանգումից տուժածների վերականգնման միջազգային խորհուրդի (IRCT) հետ համատեղ իրականացրեց խոշտանգումների և դաժան վերաբերմունքի բժշկաիրավական արդյունավետ փաստաթղթավորման խնդիրներին նվիրված վերապատրաստման դասընթաց:
Դասընթացը կազմակերպվել է Նիդեռլանդների դեսպանության կողմից ֆինանսավորվող «Մարդու իրավունքները դեպի մարզեր» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Մարդու իրավունքների տուն Թբիլիսիի գրասենյակի հետ համատեղ Նիդեռլանդների դեսպանատան ֆինանսական աջակցությամբ: Դասընթացի համաֆինանսավորող և համակազմակերպիչ է հանդիսացել «Բաց Հասարակության Հիմնադրամներ – Հայաստան» գրասենյակը:
Հնգօրյա դասընթացի նպատակն էր զարգացնել հայաստանյան հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, առողջապահության և իրավաբանական ոլորտների մասնագետների կարողությունները խոշտանգումների և վատ վերաբերմունքի բժշկական և իրավաբանական փաստաթղթավորման ոլորտում` նրանց ծանոթացնելով Ստամբուլյան արձանագրությանը, որը սահմանում է խոշտանգումների դեպքերի փաստաթղթավորման և քննության միջազգայնորեն ընդունված չափանիշներ: Մասնակիցներին ներկայացվեցին Ստամբուլյան արձանագրության դրույթները, որոնք խոշտանգումների և դաժան վերաբերմունքի ենթարկված լինելու վերաբերյալ հաղորդումներ տված անձանց գնահատման, ենթադրյալ խոշտանգման դեպքերը քննելու և արդյունքների մասին համապատասխան մարմիններին տեղեկացնելու վերաբերյալ համապարփակ և գործնական ուղենիշներ են նախատեսում:
Դասընթացը վարում էին այնպիսի փորձառու մասնագետներ, ինչպիսիք են Խոշտանգման զոհերի հոգեսոցիալական և բժշկական վերականգնողական վրացական կենտրոնի (GCRT) տնօրեն Լելա Ծիսկարիշվիլին, «Րեսթարթ» (RESTART) վերականգնողական բաժնի ղեկավար Սանա Համզեհը, ինչպես նաև Դատաբժշկական փորձագետների անկախ խմբի փորձագետ Ռուսուդան Բերիաշվիլին:
Դասընթացին մասնակցեց ավելի քան 30 իրավաբան, բժիշկ և հոգեբան հանրապետության ողջ տարածքից: