Զորակոչիկ Ռ. Դ.-ի կրթության իրավունքը վերականգնված է
16:15, April 7, 2016 | Նորություններ, Սեփական լրատվություն | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ | Զինված ուժեր2016 թ. հունվարի 24-ին իր իրավունքների պաշտպանության նպատակով Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ է դիմել զորակոչիկ Ռ. Դ.-ը՝ հայտնելով, որ առողջական մի շարք խնդիրների առկայությամբ՝ առանց պատշաճ բժշկական զննության ենթարկվելու, ճանաչվել է պիտանի՝ զինվորական ծառայության համար:
Խնդրի առնչությամբ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը գրությամբ դիմել է ՀՀ Պաշտպանության նախարարություն զինվորական ծառայությանը զորակոչիկի պիտանիության օրինականությունը վերանայելու և անհրաժեշտության դեպքում տարկետում տրամադրելու հարցով:
Զորակոչիկը, համաձայն չլինելով իր առողջական վիճակի վերաբերյալ կայացված եզրակացության հետ, հրաժարվել է զորակոչվել, որի պատճառով վերջինիս զինկոմիսարիատի ծանուցման հիման վրա չի թույլատրվել շարունակել ուսումը բարձրագույն ուսումնական հաստատությունում:
Կազմակերպությունը 2016 թ. փետրվարի 9-ին գրությամբ դիմել է ինչպես ՀՀ Կրթության և գիտության նախարարություն, այնպես էլ ՀՀ Պաշտպանության նախարարություն՝ փաստելով, որ զինկոմիսարիատի գրությամբ Ռ. Դ.-ի ուսումը շարունակելու արգելքը անօրինական է և չի բխում ՀՀ Սահմանադրությունից և իրավական այլ նորմերից, ուստի՝ տվյալ դեպքում ապօրինաբար խախտվել է Ռ. Դ.-ի մասնագիտական կրթության իրավունքը:
ՀՀ Կրթության և գիտության նախարարությունից 2016 թ. մարտի 4-ի գրությամբ հայտնել են, որ Ռ. Դ.-ին թույլատրվել է հաճախել դասերին:
Փաստորեն, բարձրագույն ուսումնական հաստատության ղեկավարությունը, շրջանցելով ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված կրթության իրավունքը, միայն զինկոմիսարիատի ծանուցման հիման վրա ապօրինաբար արգելել էր ուսանողին շարունակել ուսումը: