Ինչու Շանթ Հարությունյանի երթը դեկտեմբերի 2-ի փոխարեն տեղի ունեցավ նոյեմբերի 5-ին
10:40, November 7, 2014 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Արդար դատաքննության իրավունք | Շանթ Հարությունյան, ՔաղբանտարկյալներՄեկ տարի առաջ նոյեմբերի 5-ին Շանթ Հարությունյանն իր մի խումբ համախոհների հետ Գայ Ֆոքսի դիմակներով Ազատության հրապարակից շարժվեց դեպի նախագահական նստավայր, սակայն Մաշտոցի պողոտայում Ոստիկանության հետ բախումների արդյունքում կալանավորվեց և դատապարտվեց 6 տարի ազատազրկման: Նրա հետ կալանավորվեց և տարբեր պատժաչափերով ազատազրկման դատապարտվեց ևս 13 մարդ:
Այս իրադարձություններից մեկ տարի անց «Անի Պլազա» հյուրանոցում ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի նախաձեռնությամբ հավաքվել էին մի խումք քաղաքացիական ակտիվիստներ և փորձում էին ապացուցել, որ Շանթն ու իր համախոհներն ունեին քաղաքացիական անհնազանդության իրավունք, և համաշխարհային պատմությունից բազմաթիվ օրինակներ էին բերում, թե ինչպես և որ երկրում քաղաքացիական անհնազանդությունն ինչպիսի դրսևորումներ է ունեցել, կամ ինչ հաջողություններ է արձանագրել:
Օրինակ էին բերում Մեծ Բրիտանիայից կամ Լեհաստանից և հայտարարում, որ այդ երկրներում քաղաքացիական անհնազանդության դեպքերը քննող դատարանները միշտ հաշվի են առել դրանք կատարողների շարժառիթները, նկատի են ունեցել դրանց հանրային վտանգավորության աստիճանը: Մինչդեռ Հայաստանի դատարանը Շանթի արարքը դիտարկել է` որպես զուտ քրեական հանցանք` չխորանալով դրա քաղաքական դրդապատճառների մեջ:
Ինչ վերաբերում է Շանթ Հարությունյանի գործողություններին, ամենահիմնականը, որ ասվում էր այս միջոցառման ժամանակ, այն էր, որ Շանթ Հարությունյանին նման գործողության սադրել են Ոստիկանության աշխատակիցները, որ հենց Ոստիկանության աշխատակիցներն են քաղաքացիական համազգեստով միացել Շանթ Հարությունյանի կազմակերպած երթին, հետո սադրել են ընդհարում Ոստիկանության արդեն համազգեստավոր աշխատակիցների հետ, ինչի արդյունքում Շանթ Հարությունյանը և նրա համախոհները կալանավորվել և դատապարտվել են: Այն, որ իր շրջապատում կան բազմաթիվ սադրիչներ, գիտեր նաև Շանթ Հարությունյանը: Այլ խնդիր է, թե Ոստիկանության և իշխանությունների ինչին էր պետք նման սադրանքի կազմակերպումը:
Փորձենք այդ իրադարձություններից մեկ տարի անց հասկանալ, թե ինչու իշխանությունը հրահրեց և կազմակերպեց այդ գործողությունը: Շանթ Հարությունյանը նոյեմբերի 5-ին նպատակ չուներ գնալ նախագահական նստավայր: Նա նստացույց էր կազմակերպել Ազատության հրապարակում ավելի երկար ժամանակով. մինչև դեկտեմբերի 2-ը, մինչև Հայաստան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը: Նա հայտարարում էր, որ նպատակ ունի վիժեցնել Պուտինի այցը Հայաստան, երկրում ստեղծել այնպիսի անկառավարելի իրավիճակ, որ Պուտինը չհամարձակվի գալ Հայաստան: Իշխանությունը, բնականաբար, չէր կարող թույլ տալ, որպեսզի Շանթը մի ամբողջ ամիս նստի Ազատության հրապարակում, և պետք էր հնարավորինս արագ նրան հեռացնել այդ հրապարակից: Վտանգն իսկապես մեծ էր, որ այդ մեկ ամսվա ընթացքում ձնագնդի էֆեկտով Շանթի շուրջ կարող էին ավելի մեծ թվով մարդիկ համախմբվել, մանավանդ որ, նստացույցին միացողների թիվն օրեցօր մեծանում էր:
Գայ Ֆոքսի դիմակներով երթ անցկացնելու գաղափարը ծնվել էր նոյեմբերի 3-ին, և շատ արագ հայտնվեցին Գայ Ֆոքսի դիմակները, որոնք Հայաստանում չկային: Նշանակում է, որ ինչ-որ մեկը հոգ էր տարել դրանց ներկրումը Հայաստան ապահովելու համար: Իշխանությունը հոգ էր տարել նաև, որպեսզի բազմաթիվ մարդիկ մոտենան Շանթ Հարությունյանին և առաջարկեն իրենց աջակցությունը և վստահեցնեն, որ միանալու են նրան, եթե նա նոյեմբերի 5-ին երթ կազմակերպի դեպի նախագահական նստավայր: Սա ոգևորել էր Շանթ Հարությունյանին, և նա` տեսնելով «հանրային լայն աջակցություն», որոշեց իրադարձություններից մի քիչ առաջ ընկնել և չսպասել դեկտեմբերի 2-ին: Նա դուրս եկավ Ազատության հրապարակից, իսկ մնացածն արդեն տեխնիկայի գործ էր. պայթուցիչները և ընդհարման հրահրումը տեղի ունեցան նրա համախոհների շարքերը ներթափանցած ոստիկանական գործակալների միջոցով:
Խաղաղ նստացույցը վերածվեց բռնության և խուլիգանության, իսկ իշխանության համար բռնությունները կանխարգելելու և խուլիգանական արարքները դադարեցնելու հիմք ստեղծվեց: Իշխանությունը դաժան հաշվեհարդար տեսնելով Շանթ Հարությունյանի և նրա համախոհների նկատմամբ` կանխեց նրա հնարավոր գործողությունները դեկտեմբերի 2-ին: Քանի որ նոյեմբերի 5-ին կատարվածը դեկտեմբերի 2-ին տեղի ունենալու դեպքում կարող էր լուրջ միջազգային արձագանք ստանալ: Կստացվեր, որ Պուտինի Հայաստան այցի դեմ բողոքելու համար մեկուկես տասնյակ մարդ ազատազրկման է դատապարտվում, այն էլ՝ չափազանց դաժան պատժաչափով:
Մինչդեռ նոյեմբերի 5-ին Գայ Ֆոքսի դիմակներով միջոցառումներ տեղի են ունենում աշխարհի բազմաթիվ երկրներում, և դրանում որևէ արտառոց բան չկա, բացի այն, որ դրա համար որևէ մեկը 6 տարվա ազատազրկման չի դատապարտվում: Մյուս կողմից` իշխանությունը ցույց տվեց, որ չի հանդուրժի հակառուսական և հակապուտինյան քարոզչության որևէ դրսևորում: Իշխանությունը հասկացնել տվեց նաև մյուս խմբերին և անհատներին, ովքեր պատրաստվում էին Վլադիմիր Պուտինի՝ Հայաստան այցի օրը` հակապուտինյան, և Հայաստանի` Եվրասիական միությանն անդամակցելու դեմ ուղղված միջոցառումներ կազմակերպել: Իշխանության այդ ուղերձի իմաստն այն էր, որ կհանդուրժվեն խաղաղ գործողությունները քաղաքի ցանկացած հատվածում, բայց ոչ երբեք` դեպի Բաղրամյան պողոտա և նախագահական նստավայր ուղղված երթերը: Պատահական չէ, որ դեկտեմբերի 2-ին Վլադիմիր Պուտինի այցի դեմ կազմակերպված ցույցերը տեղի ունեցան Հյուսիսային պողոտայում, իսկ կալանավորվածները շատ արագ ազատ արձակվեցին:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն ասում է, որ հունվարի 1-ից հետո Հայաստանում արդարադատություն փնտրելն ավելի դժվար կլինի, քանի որ Հայաստանը կանդամակցի Եվրասիական տնտեսական միությանը, և Հայաստանի փաստացի ղեկավարը կլինի Վլադիմիր Պուտինը: Այնպես որ, Շանթ Հարությունյանի և նրա համախոհների միակ փրկությունը Մարդու իրավունքների եվրոպական դատարանն է: Ըստ Արթուր Սաքունցի, Վերաքննիչ և Վճռաբեկ դատարաններ դիմելուց և մերժվելուց հետո իրենք անպայման դիմելու են նաև ՄԻԵԴ:
Աղբյուրը՝ 168.am