«Առողջապահությունը և մարդու իրավունքները» միջազգային համաժողովին վեր են հանվում խնդիրները
16:45, November 8, 2016 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Պացիենտների իրավունքներԵրեխաների իրավունքների պաշտպանության հարցում մի շարք խոչընդոտներ կան, որոնցից առաջնայինը աղքատությունն է: Այս մասին այսօր Հայաստանում առաջին անգամ տեղի ունեցած առողջապահական իրավունքի՝ «Առողջապահությունը և մարդու իրավունքները» խորագրով միջազգային համաժողովի ժամանակ ասաց «Սեյվ դը Չիլդրեն» կազմակերպության գնահատման և մշտադիտարկման գծով պատասխանատու Զարուհի Ազնաուրյանը:
Մասնագետն անդրադարձավ կրթության իրավունքին, ըստ վիճակագրության՝ 2013-14թթ. ուսումնական տարում գործել են 1434 դպրոցներ, աշակերտների թիվը՝ 360,446 մարդ, որոնցից 47.9%-ը աղջիկներ են: Դպրոցների երեխաները հիմնականում հեռացվում են սոցիալական պայմաններից դրդված, հեռացված երեխաների ավելի քան 50 տոկոսը նման խնդիր են ունեցել:
Դպրոցահասակ երեխաների սննդի հարցը նույնպես մտահոգիչ է հատկապես գյուղական համայնքներում: Որոշ դպրոցներում չկան բուֆետներ, խանութները հեռու են, ուստի երեխաները շատ հաճախ զրկվում են սննդից. «Առաջարկում ենք բարելավել սննդի կազմակերպումը դպրոցներում, հատկապես՝ գյուղական վայրերում, ապահովել սննդի որակին և անվտանգությանը վերաբերող համապատասխան քաղաքականության մշակում, կիրառում և վերահսկում, բարելավել պետական միջոլորտային համագործակցությունն ու համակարգումը դպրոցական առողջության վերաբեյալ, ներդնել դպրոցում սոցիալ-հոգեբանական միջավայրը կարգավորող համընդհանուր դպրոցական քաղաքականություն»,- հայտնեց Ազնաուրյանը:
Հայաստանում հոգեկան առողջության խնդիրներ ունեցողների թիվը տարեց տարի ավելանում է: Համոզված է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը. «Եթե 2012թ. առանձին գնահատումներով մինչև 45 հազար էր, ապա այս տարի՝ 2016թ. արդեն մոտ 50 հազար: Հիվանդության կամ առողջության խնդիրներ ունեցողների զուգահեռ համակարգային փոփոխությունները պետք է փոխվեն»,- նշեց պարոն Սաքունցը:
Մյուս խնդիրը կապված է հարկադրանքի կիրառման հետ, ըստ բանախոսի՝ 2010-2014թ. ՀՀ-ում առաջին ատյանների դատարանների կողմից բարելավվել է անձին հարկադիր բուժման ենթարկելու վերաբերյալ 194 դիմում, 2010թ.՝ 28, 2011-13թթ.՝ 41, 2014թ.՝ 43 դիմում. «Կա որոշակի աճի միտում, սակայն այս դիմումներից միայն մեկն է բողոքարկվել վերաքննության կարգով, բոլոր որոշումները կարծես թե հիմնավոր են, իրականում ոչ հոժարակամ բուժում ստացող անձանց թիվը շատ ավելի մեծ է, ինչո՞ւ քանի որ որպես հոժարակամ բուժման համաձայնություն տված անձանց զգալի մասը այդ համաձայնությունը տալիս են հարազատների, բուժաշխատողների, որոշ դեպքերում նաև ոստիկանների կողմից այսպես կոչված բացատրական աշխատանքների արդյունքում, բայց իրականում ֆիզիկական ճնշումների արդյունքում»,- նշեց պարոն Սաքունցը:
Նա նաև հավելեց՝ առավել խոցելի են անգործունակ ճանաչված մարդիկ: Պարոն Սաքունցը ներկայացրեց վիճակագրությունը. «2010թ. հունվարի 1-ից մինչև 2012թ. հունիս ամիսը դատարանի կողմից անգործունակ է ճանաչվել 447 անձ: Անգործունակ ճանաչված անձի՝ վերահոգեբուժական հաստատություն տեղավորելու համար, նա որոշում չի կայացնում, նրա փոխարեն որոշումը կայացնում է իր հարազատը, պատկերացրեք, եթե կա սեփականության հետ կապված խնդիրներ, այդ անձը անգամ զրկվում է իր սեփականության հանդեպ իրավունքից: Հոգեբուժական հաստատությունը կարող է օգտագործվել նաև միջոց՝ պատժելու համար անձին»,- նշեց բանախոսը:
Խոսելով հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների պաշտպանությունից՝ իրավապաշտպանը հիշեցրեց, որ օրենքում փոփոխություններ են կատարվել և նման խնդիրներ ունեցող անձանց հանրային պաշտպաններ են տրամադրվում: Վիճակագրությունը հուսադրող չէ նաև իրավաբանական օգնության մասով. «2014-15թթ. ընթացքում իրավաբանական աջակցության համար բժշկական հաստատության տնօրենին դիմել է ընդամենը 4 անձ: 1483 մահճակալը բոլոր ժամանակ անընդհատ զբաղված են, նրանցից միայն 4 անձն են, որ հանրային պաշտպանի կարիք են ունեցել: Այսինքն՝ այստեղ իրավական պաշտպանության գոյություն ունեցող մեխանիզմը իր գործառույթը չի իրականացնում»,- շեշտեց ՀԿ ղեկավարը:
© iravaban.net կայք