Ի՞նչ նպատակով է Հայաստանում ներքին գործերի նախարարություն ստեղծվում… ուժային կառույցները, թե՞ իշխանական համակարգն ամրապնդելու համար
15:05, November 9, 2014 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններԵրեկ Ջերմուկում վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, թե Հայաստանի կառավարման համակարգն օպտիմալացվելու է, քանի որ 19 նախարարությունների գոյությունը շատ է: Նա օպտիմալ տարբերակ համարեց նաեւ ներքին գործերի նախարարության ստեղծումը: «Մենք պետք է աստիճանաբար օպտիմիզացնենք կառավարման համակարգը, որովհետեւ 19 նախարարությունը Հայաստանի համար շատ է: Քայլեր ենք կատարելու դրանց վերամիավորման համար, դա արդյունավետ է մի քանի առումներով. վարչարարության, ֆինանսական միջոցների տնտեսման եւ ամենակարեւորը՝ աշխատանքի արդյունավետության, եւ արտակարգ իրավիճակների եւ տարածքային կառավարման նախարարությունները մենք ապագայում տեսնում ենք, որ լինի ներքին գործերի նախարարություն»,- մասնավորապես հայտարարել էր Հովիկ Աբրահամյանը: Հիշեցնենք՝ ավելի վաղ՝ հինգշաբթի օրը ՀՀ կառավարության նիստի ժամանակ որոշվել էր, որ խորհրդարան ներկայացվելու է Հայաստանի կառավարության կառուցվածքի մասին օրենքում փոփոխությունների վերաբերյալ նախագիծ, համաձայն որի միավորվելու են արտակարգ իրավիճակների եւ տարածքային կառավարման նախարարությունները: Նշենք նաեւ, որ մեր երկրում ներքին գործերի նախարարությունը գործել է մինչեւ 2002 թվականը, որից հետո այն վերածվել է ոստիկանական մարմնի:
Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը, մեկնաբանելով Հովիկ Աբրահամյանի հայտարարությունը, նշեց, թե պետք է նախ դիտարկել՝ ինչ նպատակով է ստեղծվում ՆԳ նախարարությունը. «Եթե դա արվում է ներքին գործերի համակարգն ուժեղացնելու, այդ ծառայությունների դերը բարձրացնելու համար, դա այլ խնդիր է, եթե դա արվում է իրենց իշխանությունը պահպանելու, ներքին գործերի նոր կառույցը եւ ուժային կառույցներն ու հատուկ ծառայություններն ընդհանրապես ծառայեցնելու իրենց իշխանության ամրապնդման եւ երկարաձգման նպատակով, դա արդեն այլ խնդիրն է: Դատելով այս իշխանությունների էությունից՝ բնականաբար երկրորդ խնդիրն է, իրենց իշխանության ամրապնդման եւ երկարաձգման խնդիրը, բայց պետք է սպասել զարգացումներին ճշգրիտ գնահատական տալու համար»,- նշեց Վարդան Հարությունյանը: Իրավապաշտպանը համակարծիք է, որ Հայաստանում 19 նախարարություն ունենալն իսկական ճոխություն է փոքր երկրի համար, սակայն ըստ նրա՝ հարցն այստեղ նրանում է, թե նախարարությունների օպտիմալացումը նախ ինչ կտա երկրին ու ժողովրդին. «Սա խոսում է այն մասին, որ իրենց մոտ էլ հստակեցված չի, մի բան սակայն ակնհայտ է, որ մեր մոտ գործադիր կառույցը չափից ավելի ճոխացված է եւ չափից ավելի բաժին է տանում պետբյուջեից, ինչքան կրճատվեն, պակասեցվեն, այնքան օգուտ Հայաստանին ու ժողովրդին, դա միանշանակ է, եթե էդ ուղղությամբ շարժվեն: Հիմա պետք է սպասենք տեսնենք՝ քանի-քանի նախարարություն կկազմավորեն, ինչ կարգի սուպերնախարարություն կստեղծեն եւ քանիսը կկրճատեն, եթե կրճատեն»,- գտնում է իրավապաշտպանը:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցն այն համոզմանն է, որ ոչ միայն ոստիկանությունը, այլ կառավարությանն առընթեր գործող ազգային անվտանգության ծառայությունը պիտի գործեն կառավարության կազմում, ու դա բացատրում է հետեւյալ կերպ.
«Պետք է լինի ոչ միայն ներքին գործերի նախարարություն, այլ նաեւ ազգային անվտանգության ծառայության կարգավիճակը պետք է փոխվի եւ դառնա նախարարություն, որպեսզի կառավարության կազմում այդ նախարարությունները լինելով, այդ բնագավառի պատասխանատուները ենթարկվեն նաեւ պառլամենտական վերահսկողության: Որովհետեւ պառլամենտը եթե Սահմանադրության տրամաբանությամբ վերցնենք, որեւէ իրական լծակ չունի ոստիկանության եւ ազգային անվտանգության ծառայության նկատմամբ»,- կարծում է Արթուր Սաքունցը:
Նա բերում է այլ երկրների օրինակներ, որոնցում ներքին գործերի նախարարությունները մեծ դերակատարում ունեն, Հայաստանում մինչեւ 2002 թվականն այդպես չի եղել. «Ներքին գործերի նախարարության փիլիսոփայությունը շատ ավելին է, քան միայն իրավապահ մարմիններինը, այնպես որ էստեղ որպես թեզ կամ սկզբունք գտնում եմ, որ պետք է ոստիկանության ծառայությունը չլինի կառավարությանը կից, այլ պետք է ընդգրկվի կառավարության կազմ: Ոստիկանություն կառույցը պետք է լինի, որը զուտ իրականացնող մարմին է, բայց ներքին գործերի քաղաքականությամբ զբաղվող մարմին չունենք»,- եզրափակեց պրն Սաքունցը:
Աղբյուրը՝ galatv.am